«Չեմ ուզում լավատեսական նոտաներ դնել՝ իրավիճակը պետք է կառավարենք և անկման տանենք». Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ համավարակի դեմ պայքարում կարևոր են կանոնները, սակայն առավել կարևոր է դրանց պահպանումը՝ սկսած դիմակ դնելու ձևից՝ վերջացրած մյուս վարքագծային կանոններով՝ սոցիալական հեռավորությունը, ձեռքերի ախտահանումը, սենյակների օդափոխելը, և այլն: «Այս ամենի պահպանումը բերելու է զսպման և նվազման: Մեկ կարևոր հանգամանք էլ կա, երբ մենք այսօր արձանագրում ենք թվերը, տեսնում ենք մեծ թվեր և լարվածությունը, սակայն դժվար է գնահատել, օրինակ, եթե վերջին օրերին դիմակային խստացումները չլինեին, կրկին 600 վարակվա՞ծ կունենայինք, թե՞ 800: Չեմ ուզում լավատեսական նոտաներ դնել, որովհետև ամեն դեպքում իրավիճակը պետք է կառավարենք և անկման տանենք: Ասել՝ միջոցառումներն արդյունավետ չեն՝ դժվար է, քանի դեռ վերջնական այդ ամենը չենք գնահատել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախարարը:
Անդրադառնալով կանխատեսումներին՝ Արսեն Թորոսյանն ասաց, որ նախնական գնահատականներով՝ 15 հազար դեպքի պետք է հասած լինեին հունիսի 9-ին, բայց վարակվածների նման թվի հասել են այսօր՝ հունիսի 12-ին: Նրա գնահատմամբ՝ չնայած սա լավ է, այդուհանդերձ թիվը մեծ է:
Առողջապահության նախարարը նաև ընդգծեց, որ հզորությունները զարգացնելուն զուգընթաց՝ պետք է ուշադրություն դարձնեն ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող անձանց թվին:
«Մենք կկարողանանք, ենթադրենք, նոր ռեանիմացիոն մահճակալներ բացելուց նոր 100-150 ծայրահեղ ծանր դեպք սպասարկել, բայց ծայրահեղ ծանր դեպքերի մահացության տոկոսը մեծ է, նաև ծանր դեպքերի մահացության դեպքում: Հետևաբար՝ ակամայից մեծ թվերը բերում է նաև մեծ մահացությունների, ուստի բոլոր գործողությունները պետք է ուղղված լինեն թվերի զսպմանը»,- շեշտեց նախարարը:
Արսեն Թորոսյանը նաև ընդգծեց, որ համավարակի հենց սկզբում էլ իրականացվել է տրիաժ, այսինքն՝ հիվանդների սորտավորում, երբ պացիենտների վիճակին տրվող գնահատականից հետո որոշվում է, թե պացիենտին ինչ բուժօգնություն պետք է ցուցաբերվի:
«Հիմա տրիաժի սկզբունքն այնպիսին է, որ թեթև կամ միջին ծանրության դեպքերը բուժվում են տանը, նաև հիվանդանոցներից դուրս են գրվում ծանրության աստիճանի թեթևացումից հետո: Սա է մեր քաղաքականությունը, նույնն է նաև ամբողջ աշխարհում: Անհրաժեշտության դեպքում այս պացիենտները կա՛մ պետք է մնան տեղամասային թերապևտի, մակաբույժի հսկողության տակ, կա՛մ եթե շատ թեթև են, իրականում որևէ հսկողության կարիք էլ չեն ունենալու: Համայնքներում պետք է աշխատեն պոլիկլինիկաները, քանի որ պոլիկլինիկաների մեծ մասը համայնքային են, այդ համակարգը պետք է ուժեղացնեն: Եկեք նաև չմոռանանք, որ պոլիկլինիկական համակարգը տարիներ ի վեր եղել է թեր ուշադրության կենտրոնում, ընամենը երկու տարի է, որ մենք մեծ ուշադրություն ենք դարձնում դրանց: Պոլիկլինիկաների համար էլ հեշտ չէ միանգամից նման ֆունկցիա վերցնել իրենց վրա, դրա համար ժամանակ է պետք»,- հավելեց նախարարը: