«Հիվանդացում-առողջացում» պրոցեսն անկանխատեսելի ընթացք է ստանում. Աղասի Ենոքյան
Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Կորոնավիրուսը մոլեգնում է: Հայաստանում այն տարածվում է աննախադեպ արագությամբ:
«Հիվանդացում-առողջացում» պրոցեսն անկանխատեսելի ընթացք է ստանում։ Խոսքը չի վերաբերում միայն Նիկոլ Փաշինյանի եւ նրա ընտանիքի անհասկանալի վարակմանը, վարակակիր լինելու ընթացքում նրա վարքին, ու նաեւ՝ հակառակ բոլոր բժշկական նկարագրությունների՝ հրաշափառ առողջացմանը, խոսքը վերաբերում է ամենօրյա վիճակագրությանը։
Անհասկանալի պատճառներով Հայաստանում «թեստավորում-դրական պատասխան» հարաբերակցությունը մեկ շաբաթվա ընթացքում 38.5%-ից սահուն իջավ 24.4%-ի տոկոսի։ Այսպիսի անկումն, իհարկե, ուրախալի է, սակայն անհասկանալի։ Այս դեպքում, ելնելով իրականացված թեստերի քանակից, խոսքը չի կարող գնալ վիճակագրական թույլատրելի սխալի մասին, այլ կամ մեթոդաբանության փոփոխություն է, կամ պարզապես տվյալների մանիպուլյացիա։
Եթե մեթոդաբանություն է փոխվել, ապա անհրաժեշտություն կա այն ներկայացնել Հայաստանի քաղաքացիներին, քանի որ խոսքը նրանց առողջության մասին է: Ու նաեւ՝ մեթոդաբանության փոփոխության դեպքում որեւէ կերպ այս թվերի նվազումը չի կարելի համարել համաճարակի դեմ պայքարի հաջողության արդյունք։ Ավելին, պաշտոնապես պարզվեց, որ առողջապահության նախարարությունը վիճակագրություն չի վարում այն մասին, թե քանի թեստ է արվել պետպատվերի շրջանակում, եւ քանիսը՝ քաղաքացիների մասնավոր միջոցներով, ինչը կասկած է հարուցում, թե պետությունն, ընդհանրապես, տիրապետում է իրական թվերին։
Որեւէ լուրջ առողջապահական կամ կազմակերպական միջոցառում չի կատարվել, որը հնարավորություն կտար աճի տեմպերը շուրջ 37%-ով կրճատելու մեկ շաբաթվա ընթացքում։ Ցանցառություն կլիներ մտածելը, թե ամենուր դիմակներ պարտադրելը կամ այդ առիթով դիմակ-անդիմակ քաղաքացիներին ասֆալտին փռելը կարող է բերել այսպիսի հրաշալի արդյունքների։
Թերեւս, այս վիճակագրությունը հարմարեցվում է նրան, որ դեռ ծանր համաճարակային վիճակում երկարացվի արտակարգ դրությունը, ինչից հետո պետությունն աստիճանաբար կհայտարարի, որ արդեն վիճակը լավ է, էլ չեն հիվանդանում։ Անցած օրերին հրապարակված կոռուպցիոն բացահայտումները համաճարակի դեմ պայքարում կարող են հանգեցնել ատկատի այս մեխանիզմների չգործելուն, ուրեմն`այս իշխանությունները կկորցնեն կորոնավիրուսով զբաղվելու իրենց հետաքրքրությունը, նրանց տրամաբանությամբ՝ եթե մեջը փող չկա, էլ ինչի՞ զբաղվեն խնդրով։ Կհայտարարվի արատակարգ դրության երկարացում, որից հետո իշխանությունները ձեռքները կլվան այս խնդրից ու կասեն՝ ինչ ուզում եք, արեք, մենք մերն արեցինք ու թվերը դզեցինք»։