Իշխանության հերթական փուչիկը պայթեց
Առօրյայում հաճախ ենք հանդիպում տարբեր առանցքային ու օրակարգային խնդիրների, որոնք իրականում խորքային ուսումնասիրության ու հանրությանն առավել դետալային ներկայացման կարիք ունեն։ Այնպես որ, ռեալ պոլիտիկում արհեստական ու զուտ մանիպուլյատիվ ինտրիգ պարունակող դրվագների պակաս իրականում չկա։
Շուրջ մեկ տարի ԱԺ-ում հանգամանալից գործունեություն ծավալեց իշխանության համար կենսական նշանակություն ունեցող 2016թ. ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը: Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին մայիսի 20-ին խոսել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, թե հասունացել է այդ իրադարձություններին առնչվող մի շարք հարցերին պատասխաններ տալու ժամանակը (սա այն շրջափուլն էր, երբ առաջին ատյանի դատարանն ազատ էր արձակել Ռոբերտ Քոչարյանին, իսկ Փաշինյանի մոտ խուճապային իրավիճակ էր, և պետք էր «նախկին կոռումպացվածներին» կաշկանդելու ու ճնշելու նպատակով ինչ-որ մի գործիք ձևավորել)։ Փաշինյանի այս ժեստն ուներ բացառապես քաղաքական հետևանքներ․ այն ուղղակիորեն վեկտորված էր Սերժ Սարգսյանի և այդ ժամանակ իշխանությունում գտնվող մյուս պաշտոնյաների նկատմամբ արհեստական կենտրոնացում բևեռելու համար։
2016-ին, երբ Փաշինյանը թունդ ընդդիմադիր էր, իր ելույթներից մեկում հայտարարել էր, թե «ապրիլյան պատերազմը հրահրվել է ռուսական իշխանությունների կողմից՝ Ադրբեջանին ԵԱՏՄ բերելու համար»։ Բացի դրանից, հանրության մոտ մի ամբողջ միֆերի փունջ էր «հավաքագրված», որոնք պարբերաբար օգտագործվում էին քառօրյայի օրերին այդ ժամանակվա ընդդիմադիրների կողմից։
Հիմնական միֆն այն էր, որ պատերազմի օրերին «դիրքերում զենքի ու սպառազինության պակաս է եղել», որ «զինվորների փամփուշտները վերջացել են, և նրանք կռվել են բահերով», «զինվորները սոված են եղել», «տանկերում վառելանյութ չի եղել», «Խաչատուրովը, պատերազմի մասին իմանալով, չի դադարեցրել բիլյարդի պարտիան», և նմանօրինակ մի շարք տրագիկոմեդիա հիշեցնող լեգենդներ։
Բայց ինչպես ասվում է՝ ժամանակն ամեն ինչ դնում է իր տեղը և տալիս է հստակ պատասխաններ։
Օրերս հայտնի դարձավ, որ քննիչ հանձնաժողովն ավարտել է իր աշխատանքները և սեպտեմբերին կներկայացնի իր եզրակացությունը, սակայն մինչ այդ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր տարբեր հարցազրույցներում որոշակի մանրամասներ է ներկայացրել հանրությանը։ Բոլոր փաստերը համադրելով՝ ստանում ենք բավական ուշագրավ համապատկեր։
Հանձնաժողովի անդամները տարբեր հարցազրույցներում հայտարարել են, որ պատերազմի ժամանակ սպառազինության, փամփուշտների բացակայությունը, զինվորների՝ ճարահատյալ բահերով կռվելը, մեքենաների մեջ վառելիքի փոխարեն ջուր լինելը և նման այլ պնդումներն իրականությանը չեն համապատասխանում։ Հիշյալ միֆերի անհարկի շահարկումը նպատակ է ունեցել վարկաբեկելու բանակը՝ չխորանալով քաղաքական ենթատեքստերի մեջ։
Պետք է արձանագրենք, որ այդ միֆերը գտել են իրենց համար բարերար հող և այնուհետև հանրության շրջանում լայն տարածում գտել։ Այն ուժերը, որոնք ուզում էին հարվածել այն ժամանակվա գործող իշխանություններին, սկսեցին այդ միֆերն ակտիվ կերպով շրջանառել, այդ թվում՝ այսօրվա վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով փորձում էր հնարավոր հարմար առիթի դեպքում շահարկել Ապրիլյանի թեման։
Փաշինյանի կողմից «Օվերտոնի պատուհանի» սկզբունքը հերթական անգամ օգտագործվեց բավական փայլուն, և բոլորը սկսեցին համարել ու խոսել այն մասին, որ բոլորը «գողացել են», «թալանել են»։
Օրինակ, տանկերի միֆն առաջացել է, որովհետև ճանապարհին եղել է փչացած տեխնիկա, ու ինչ-որ մեկն այդ առիթով ինչ-որ բան է ասել։ Սակայն տարբեր մասնագետներ պնդում են, որ երբ, օրինակ, հարյուր միավոր տեխնիկան դուրս է գալիս, դրա մեկ հատը կարող է չմիանալ, մյուսի թրթուրը պոկվել։ Դա զինվորական կանոնադրությունով համարվում է նորմալ՝ մինչև որոշակի տոկոսը․ հարյուր միավորից մեկ միավորի չաշխատելը նորմալ է։
Միանշանակ անտրամաբանական է նաև նման հանձնաժողով ստեղծել ԱԺ ձևաչափում, քանի որ այն հանդիսանալով քաղաքական միավոր՝ իր մոտեցումներով ու եզրակացությամբ հարցին տալու է քաղաքական մեկնաբանություն: Ասել է թե՝ ունենք մի իրադրություն, երբ հանրությանը հերթական տեսարան մատուցելու և հանրային նոր դիսկուրս ծավալելու համար իշխանությունները դիմեցին հերթական մանիպուլյացիոն գործիքին:
Արմեն Հովասափյան