«Համակարգում 35 վարակակիր ունենք, որոնցից 20-ը բուժվել են ու վերադարձել շարք, 15-ը դեռ բուժվում են». Ֆելիքս Ցոլակյան
«Արտակարգ իրավիճակների նախարարությունն աշխատում է գերծանրաբեռնված». պարետատան նիստից հետո ճեպազրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
«Հաշվետու ժամանակահատվածում ԱԻՆ 911 ծառայության կողմից սպասարկվել է միայն կորոնավիրուսով պայմանավորված 2264 ահազանգ: 294 քաղաքացու տրվել է համապատասխան տեղեկատվություն, 983-ին տրամադրվել է բժշկական խորհրդատվություն, 987 քաղաքացու տրամադրվել է հոգեբանական աջակցություն»,- ասաց Ցոլակյանը:
Նախարարը տեղեկացրեց, որ իրենց հոգեբանական ծառայությունն անցել է հեռավար աշխատանքի, քաղաքացիները կարող են աջակցություն ստանալ տեսազանգերի միջոցով: Ցոլակյանի խոսքով՝ համագործակցում են բոլոր գերատեսչությունների հետ:
«Հաշվի առնելով Շտապ օգնության, Առողջապահության նախարարության թեժ գծի ծանրաբեռնվածությունը, ԱԻՆ հերթապահ բժիշկների թիվը 24/7 ռեժիմով կրկնապատկվել է: ԱԻՆ 34 աշխատակից ներգրավված է պարետատան թեժ գծի աշխատանքներում, մոտ օրերս նրանց թիվը կքառապատկվի, 119 փրկարար ծառայողներ Ոստիկանության և Առողջապահության նախարարության մեր գործընկերների հետ համատեղ ծառայություն էին իրականացնում՝ այցելելով մեկուսացման մեջ գտնվող մեր հայրենակիցներին: 20 փրկարարական հաշվարկ՝ ավտոմեքենաներով, բարձրախոսներով միացել են հանրապետությունում վարակի տարածումը կանխարգելելու նպատակով ազդարարման աշխատանքներին: ԱԻՆ աշխատակիցների միջոցով մեկուսացման վայրեր է տեղափոխվել և վերադարձվել մոտ 1000 քաղաքացի»,- ասաց Ցոլակյանը:
ԱԻ նախարարը նշեց, որ ամեն օր կատարվում են վարակազերծման աշխատանքներ, այս ընթացքում 47.000 վարակազերծման աշխատանք է կատարվել: Նա շեշտեց, որ այս ամենն ԱԻՆ-ն անում է իր սովորական աշխատանքին զուգահեռ:
«Համակարգում ևս կան վարակակիրներ: 35 վարակակիր ունենք, որոնցից 20-ը բուժվել են ու վերադարձել շարք, 15-ը դեռ բուժվում են, 82-ն ինքնամեկուսացված են»:
«Լավ կլինի»,- եզրափակեց նախարարը: