«Օրհասական է վիճակը». հանդիսավարները բողոքի նոր ակցիա են պատրաստվում անցկացնել
«Կորոնավիրուսային պայմաններից ելնելով՝ մեր ոլորտը գտնվում է կաթվածահար վիճակում». հանդիսավարները չեն հասկանում, թե ի՞նչն է խտրականության պատճառը, ինչո՞ւ հանրային սննդի օբյեկտները, ակումբները, սրճարանները կարող են աշխատել, իսկ հանդիսությունների սրահները՝ ոչ:
«Հանդիսությունների ոլորտի աշխատանքը նպաստում է նաև գյուղատնտեսությանը, արտադրող ընկերություններին: Բնագավառում կան հազարավոր աշխատողներ, որոնք կանգնած են լուրջ խնդիրների առաջ: Եթե աշխատում են շատ տեղեր, որտեղ ընդունում են մարդկանց, և որտեղ պարետի որոշմամբ թույլատրվում է նստել առանց դիմակի ու ձեռնոցի, ինչո՞ւմն է խնդիրը, որ այս ոլորտը փակ է: Մենք պահանջում ենք աշխատանքի հավասար պայմաններ, եթե փակ ենք, փակ ենք բոլորս, եթե բաց ենք, ապա աշխատում ենք բոլորս»,- ասաց հանդիսավար Եփրեմ Մարգարյանը:
Նա տեղեկացրեց, որ օրեր առաջ Կառավարության առջև իրենց ցույցից հետո հանդիպել են վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի հետ: Հանդիսավարներին առաջարկել են խնդիրներն ու լուծման առաջարկները գրավոր ներկայացնել, սակայն մինչև այսօր նամակին չեն պատասխանել:
«Մենք առաջարկել ենք, որ ռեստորանում կարող են լինել ոստիկանության աշխատակիցներ, բուժանձնակազմ, որ ջերմաչափեն հանդիսության մասնակիցներին, հետո ներս թողնեն, որ հանդիսությունների կազմակերպման վայրերում լինեն ախտահանման կաբինաներ: Պարետի թույլտվությամբ մեկ սեղանին կարող է մինչև 5 հոգի ներկա լինել, սակայն 300 հոգանոց սրահում, որտեղ ամենաքիչը 150 հոգանոց հարսանիք կարող է իրեն թույլ տալ կազմակերպել սրահի ղեկավարը, դժվար է այդպիսի բան ապահովելը, որովհետև գումարը չեն հանի: Բայց եթե այլ սննդի օբյեկտների դեպքում նույն աթոռի վրա կարող են օրվա ընթացքում նստել իրար հետ կապ չունեցող 100-ից ավելի մարդ, այստեղ բոլորը հարազատներ են, մտերիմներ են, և յուրաքանչյուրն ունի իր աթոռը: Մենք անգամ առաջարկել ենք՝ հանդիսությունը կազմակերպողի մոտ մեկ ամիս պահպանվի հյուրերի ցուցակը, և, թե ինչպես էին նրանք նստած, որ իմանանք՝ իր սեղանակիցներն ովքեր են եղել, ովքեր են շփվել իր հետ, եթե հանկարծ որևէ մեկի մոտ վարակ հաստատվի: Առաջարկել ենք, որ ռեստորանը սպասարկող անձնակազմը բոլորը ձեռնոցներով ու դիմակներով լինեն, անգամ՝ հանդիսավարները»,- ասաց Մարգարյանը:
Հանդիսավարի խոսքով՝ իրենք միայն ուզում են աշխատել բոլորի պես, իսկ ոլորտի աշխատողները քիչ չեն՝ սկսած օպերատորներից, լուսանկարիչներից, մինչև հարսի զգեստ վաճառողներ:
«Մեր ոլորտն այնպիսին է, որ մարդիկ իրենց միջոցառումը կազմակերպելու համար թողնում են կանխավճարներ: Հիմա դրա պատճառով խնդիրներ են առաջացել պատվիրատուի և գործ անողի միջև: Հույսը վերջինն է մահանում, մենք նորից ենք դիմելու Կառավարությանը, որ մեզ հստակ պատասխան տան, անորոշությունը ջղայնացնում է, գոնե իմանանք՝ ինչքան սպասենք: Եթե էլի պատասխան չստացանք ամսի 15-ին երևի ավելի մեծ թափով բողոքի ակցիա կանենք: Օրհասական է վիճակը»,- ասաց հանդիսավարը: