Բարձրաձայն մտորումներ զորակոչի և զորացրման շուրջ՝ նոր իրավիճակում. Տիգրան Աբրահամյան
168.am-ը ներկայացնում է «Հենակետ» վերլուծական կետրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյան հոդվածը, որում նա անդրադարձել է զինված ուժերում կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու համար անհրաժեշտ քայլերին:
Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Նոր կորոնավիրուսի վարակով պայմանավորված իրավիճակը զինված ուժերում ըստ պատասխանատուների՝ վերահսկելի է: Կարծում եմ՝ այս լավատեսական գնահատականն առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ զինված ուժերում «կառանտինային» ռեժիմ էր դեռևս հունվար-փետրվար ամիսներից, երբ նոր կորոնավիրուսից առաջ, սեզոնային տարբեր հիվանդությունների ակտիվություն կար:
Նման դեպքերում, զինված ուժերում իրականացվող կանխարգելիչ և վարակի տարածման միջոցառումներն առավել խիստ բնույթի են լինում, ամեն դեպքում զինվորական կարգապահությունը իրենն ասում է և, բնականաբար, պաշտպանական գերատեսչությունը նման դեպքերում շատ ավելի շահեկան դիքերում է լինում:
Սակայն խնդիրն այն է, որ Հայաստանում նոր կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճը ցանկացած պարագայում «ճնշում» է զինված ուժերի համար, որովհետև թվաքանակի ու ծառայության բերումով շարժերը շատ են՝ զորավարժություններ, մարտական պատրաստության պլանով նախատեսված պարապմունքներ, մարտական հերթապահություն և այլն. այս իրավիճակում լրացուցիչ միջոցառումներ անելու անհրաժեշտությունը միշտ էլ ավելորդ չէ:
Մի փոքր հեռվից եկա, բայց այսօրվա ասելիքս ավելի շատ զորակոչի և զորացրման կազմակերպմանն է վերաբերվում: Պաշտպանության նախարարության տարբեր պատասխանատուներ արդեն տեղեկացրել են, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ զորակոչի կազմակերպման առումով փոփոխություններ են լինելու: Ակնհայտ է, որ կազմակերպչական առումով, այս անգամ տարվող աշխատանքների ծավալն էականորեն աճելու է:
Հակահամաճարակային առումով ցանկացած սայթաքում կարող է ծանր վնաս հասցնել զինված ուժերին, և այս իրավիճակում հուլիս-օգոստոս ամիսներին զինված ուժերի համար անչափ զգայուն ժամանակահատված է լինելու:
Չկասկածելով պաշտպանական գերատեսչության կազմակերպչական աշխատանքների արդյունավետությանը, այնուամենայնիվ, կարծում եմ, որ պարետատունն այս փուլում ևս պետք է լրացուցիչ աշխատանքներ տանի՝ աջակցելու զորակոչի գործընթացը առավելագույնս առանց խնդիրների կազմակերպելու և երկրում տարվող հակահամաճարակային գործընթացի տրամաբանության մեջ կազմակերպելու հարցում:
Ճիշտ է՝ պարետատան մի շարք քայլեր հանրային ընկալման առումով այդպես էլ մնացին չհասկացված, իսկ օպերատիվության առումով՝ ակնհայտ դանդաղ, սակայն ուզենք, թե չուզենք, երկրում այս խնդրի համակարգմամբ պարետատունն է զբաղվում, և նա պարտավոր է լուրջ քայլեր ձեռնարկել վարակի տարածումը զինված ուժերում կանխելու ուղղությամբ:
Հասկանալի է, որ պարետատան աշխատանքը հիմա էլ բավականին լարված է, իրավիճակից ու դրա վատատեսական դինամիկայով պայմանավորված՝ առավել ծանր կլինի հուլիս-օգոստոս ամիսներին, սակայն կրկնում եմ՝ զորակոչի գործընթացում սայթաքելու իրավունք չունենք:
Պետք է անել հնարավորն ու անհնարինը, որպեսզի նոր կորոնավիրուսով վարակված որևէ քաղաքացի չհայտնվի զորամասում. համատարած թեստավորում, կարանտին, զորանոցային ռեժիմ և այլն, կարևոր չէ, կարևոր չէ այս խնդրի վրա ծախսվող գումարների մեծությունը, կարևոր է, որ հակահամաճարակային իրավիճակը զինված ուժերում մնա վերահսկելի, ինչպես այս պահին է:
Մյուս կողմից Հայաստանում 11,000 և ավել դեպք գրանցված, իսկ հուլիսի-օգոստոսին թվերն էականորեն շատ կլինեն, հասկանալի է, որ դժվար կլինի խուսափել մեկ այլ խնդրից:
Կլինեն քաղաքացիներ, որոնք զորակոչի ժամանակահատվածում կարող են վարակված լինել կորոնավիրուսով և դա ժամանակային առումով կհետաձգի նրանց՝ անհրաժեշտ բժշկական ընթացակարգերն անցնելու, զինկոմիսարիատ կամ հավաքակայան այցելելու՝ նախապես սահմանված ժամկետը: Անկախ նրանից, որ դա կարող է լրացուցիչ անհարմարություններ առաջացնել ընդհանուր աշխատանքում, ճիշտ ու կազմակերպված աշխատանքի դեպքում, այդ խնդիրը ևս շտկվող է:
Չեմ կարծում, թե մեծ վտանգներ ունենք զորացրման գործընթացը կազմակերպելու առումով, սակայն զուտ քննարկման համար, միգուցե, նպատակահարմար կլիներ մեր ապահովության համար, նախապես պահեստազորի սահմանափակ հավաք անել կամ զուտ կամավորության հիմունքներով քաղաքացիների խմբեր նախապատրաստեինք, ովքեր անհրաժեշտության դեպքում կտեղափոխվեին սահմանագծի այն հատված, որտեղ համալրման, մարտական հերթապահությունն առավել արդյունավետ իրականացման, ինչու չէ՝ ինժիներական աշխատանքներին մասնակցելու խնդիր կլուծեին:
Վարձատրության մասը շատ չեմ կարևորում, բայց կարելի էր նաև խորհրդանշական գումարներ մտածել կամ ինչու չէ՝ պայմանագրային զինծառայողների դրույքաչափ սահմանել՝ ավելացնելով մարտական հերթապահության համար նախտեսված լրացուցիչ գումարները:
Զինված ուժերի բնականոն ծառայությունն ապահովելուն ուղղված գործընթացներն առավել քան երբևէ պետք է լինեն առաջնահերթ, քանի որ դրանք ուղիղ կապ ունեն ինչպես բանակի մարտունակության, այնպես էլ՝ տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանման տեսանկյունից: