«Բակո Սահակյանին տված հարցերի պատասխանները կլինեն մեր եզրակացության մեջ». Անդրանիկ Քոչարյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր հայտարարեց, որ հանձնաժողովն արդեն ավարտել է աշխատանքը:
Նրա բնորոշմամբ՝ հանձնաժողովի աշխատանքները հաջողված են, որի վերջին հարցաշարն այսօր են ավարտել և քննարկել են Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի հետ:
«Այն հարցերը, որոնք պետք է տայինք Բակո Սահակյանին՝ տվել ենք, և ունենք մեր տված հարցերի պատասխանները: Այս ամենը նշանակում է, որ մենք մեր աշխատանքներն ամբողջացրել ենք, ունենք մեր հարցերի պատասխանների մի հսկա խմբաքանակ, կա նաև ապագա եզրակացության կառուցվածքը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Անդրանիկ Քոչարյանը:
Ըստ այդ կառուցվածքի՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ հանձնաժողովը կասի, թե ինչո՞ւ է եղել հակառակորդի ապրիլյան ավանտյուրան, ի՞նչ նպատակ ուներ, ինչո՞ւ սկսվեց, սկսվելուց առաջ հայկական կողմը որքանո՞վ էր դրան պատրաստ:
Նա վստահեցրեց, որ ամեն ինչ արել են, որպեսզի կանխեն հանձնաժողովի և նրա ստեղծման նպատակի քաղաքականացումը:
Անդրանիկ Քոչարյանը նաև ասաց, որ Բակո Սահակյանի մասնակցությամբ նիստի մանրամասները կլինեն եզրակացության մեջ:
Ինչ վերաբերում է ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովին, որը հրաժարվել է մասնակցել հանձնաժողովի նիստին, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ նա հաճույքով մասնակցել է «5-րդ ալիքի» կողմից նկարահանված ֆիլմի ստեղծմանը, սակայն hանձնաժողովի նիստերից որևէ մեկին մասնակցելուց հրաժարվել է:
Անդրանիկ Քոչարյանը նաև տեղեկացրեց, որ ամբողջ ամռան ընթացքում աշխատելու են և եզրակացությունը հանրությանը կներկայացնեն սեպտեմբերին:
Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ հանձնաժողով չեն կանչել նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ չեն կանչել, քանի որ Հ. Աբրահամյանը վարչապետի լիարժեք ֆունկցիաներ ապրիլյան պատերազմի ժամանակ չէր կարող իրականացրած լինել.
«Կարեն Կարապետյանին էլ չէինք կանչի, եթե նրա հայտարարությունը, որ զինտեխնիկայի մեջ այդ ժամանակ անորակ վառելիք է եղել, հասարակության վրա մեծ ազդեցություն թողած չլիներ»: