Ալեն Սիմոնյանը՝ Միքայել Մինասյանի կալանքը վերացնելու որոշման և Արթուր Վանեցյանի հայտարարության մասին

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Մարաբյանի, վերացրեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշումը։

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էլ  այսօր խորհրդարանում դատարանի կայացրած որոշման մասին ասաց, որ սա վառ ապացույցն է այն փաստի, որ ՀՀ դատական համակարգում առկա խնդիրն օր առաջ լուծման անհրաժեշտություն ունի:

«Այն պնդումները, որոնք տարբեր գործընկերներ անում են, թե գուցե դրա ժամանակը չէ, խոսում է այդ մասին, և դատական համակարգի հարցը պետք է օր առաջ լուծել: Դատական համակարգի առողջացման գործընթացը տեղի է ունենում, բայց պետք է վերջնականապես տեղի ունենա: Դուք հասկանում եք, որ տեղի է ունենում սաբոտաժ, տարբեր մարմիններում փողի ու ստի  հաշվին, փորձում են խանգարել, շահարկել նույնիսկ կորոնավիրուսային այս իրավիճակը: Դժվար է, բայց պետք է առաջ գնանք»,- եզրափակեց նա:

Անդրադառնալով ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի հայտարարությանը, որ օր առաջ վարչպետը պետք է հրաժարական տա, Ալեն Սիմոնյանն ասաց, որ Վանեցյանի քաղաքական փորձառությունն այնքան քիչ է, որ որոշ ժամանակ՝ 5-7 տարի, նա պետք է լռի և ուսումնասիրի  քաղաքական գործընթացները:

«Եթե նա առաջարկում է ազգային համաձայնության կառավարություն ստեղծել, ապա կարող է «Սասնա ծռեր» և Հանրապետական կուսակցության հետ քննարկի և կոնկրետ առաջարկ ներկայացնի, խոստանում եմ այդ առաջարկը հնչեցնեմ մեր վարչության նիստի ժամանակ: Եթե նման առաջարկ կա, առաջարկում եմ արտախորհրդարանական բոլոր ուժերին հավաքվել և հարցը քննարկել: Վանեցյանն ինչո՞վ է տարբերվում մյուս արտախորհրդարանական ուժերից, որ ինչ-որ պահ ասոցիացվել է մեզ հետ և եղել է ԱԱԾ տնօրեն: Այս մի անձի շուրջ ձևավորված դիսկուրսը չափից ավելի ուռճացված է»,- եզրափակեց նա:

Տեսանյութեր

Լրահոս