Կառավարությունն ընդլայնեց կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրերից մեկով շահառուների ցանկը

Կառավարության այսօրվա նիստում կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման 8-րդ ծրագրի շահառուների ցանկը մի շարք ոլորտներում ընդլայնելու մասին որոշում կայացվեց:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանի խոսքով՝ ցանկն ընդլայնվում է  9 ոլորտում: Այդ ցանկում ներառվել են մանածագործական արտադրատեսակների արտադրությունը, փայտանյութի մշակումը, թղթի և թղթե արտադրատեսակների արտադրությունը, ռետինե և պլաստմասսե արտադրատեսակների արտադրությունը, համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի արտադրությունը, էլեկտրական սարքավորումների արտադրությունը, գրասենյակային-վարչական ծառայություններ մատուցող ոլորտները, համակարգչային և կենցաղային արտադրանքների նորոգման ոլորտը, ինչպես նաև՝ ֆիզիկական առողջության պահպանման հետ կապված գործունեություն իրականացնող կենտրոնները:

«Այս 9 ոլորտների ավելացմամբ մենք կծածկենք ևս 1.875 կազմակերպություն, որոնց մոտ աշխատում է շուրջ 9.171 աշխատակից: Այսպիսով աջակցության ընդհանուր բյուջեն կկազմի 623 մլն 628 հազար դրամ»,- ասաց Արման Ուդումյանը:

Հիշեցնենք, որ 8-րդ ծրագրով տրվում է 68-136 հազար դրամի չափով միանվագ աջակցություն:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս