«Այդ որոշման պատճառով մեր արտահանողների մրցունակությունը խիստ նվազելու է ԵԱՏՄ-ի շուկայում». Արա Քառյան
«Գազպրոմ Արմենիան» ապրիլին դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողներին վաճառվող գազի սակագները հուլիսի 1-ից վերանայելու հայտով։
Հիշեցնենք՝ անցած տարվա հունվարի 1-ից սահմանին 1000 խորանարդ մետր ռուսական գազի համար Հայաստանը վճարում է 165 դոլար (նախկին 150-ի փոխարեն), բայց բնակիչներին հասնող գազի սակագինը չի փոխվել՝ մնալով նույն 290 դոլարը։
Ըստ «Լոգիկա» ֆինանսատնտեսական և գործարար անկախ հետազոտությունների կենտրոն» հ/կ նախագահ, ԵՊՀ և ՀՌՀ դոցենտ Արա Քառյանի՝ հայտը բավարարելու համար այժմ քննարկվող դիվերսիֆիկացված տարբերակը, որը նախատեսում է բնակչության համար գազի սակագինը չթանկացնել, իսկ տնտեսվարողների համար՝ թանկացնել, կունենա լուրջ հետևանքներ.
«Սա նշանակում է՝ բնակչությանն ասում ենք՝ տեսեք, ամեն ինչ լավ է, սակագինը չբարձրացավ, սակայն ածանցվող հետևանքներն կան:
Տնտեսվարողների համար գազի գնի թանկացումը միանշանակ կբերի լայն սպառման ապրանքների թանկացման, ավելի բարդ խնդիր է առաջանալու նրա հետ, որ այդ որոշման պատճառով մեր արտահանողների մրցունակությունը խիստ նվազելու է ԵԱՏՄ-ի շուկայում:
Եթե մենք ասում ենք, որ Covid 19-ի հաղթահարելուց հետո կբացվեն նոր հնարավորություններ, ապա այդ հնարավորություններից մեկն այն է, որ աշխարհում էներգակիրների գները երկու անգամ նվազել են, սա կոնկրետ գործոն է, որը նպաստելու է այդ կտրուկ աճին, բայց մեր իրավիճակում այլ է՝ մենք հիմա այս լուծումով կնվազեցնենք մեր արտահանողների մրցունակությունը»:
Արա Քառյանը, հղում անելով միջազգային ստանդարտներին, նկատեց՝ գազի գնի բարձրացումը կանխատեսելի էր դեռ 2019-ին. ««Ռուսական Գազպրոմը» և «Գազպրոմ Արմենիան» մայր և դուստր ընկերություններ են և գտնվում են տարբեր երկրներում:
Եթե «Գազպրոմը», որը գտնվում է Ռուսաստանում, բարձրացնում է գազի գինը դուստր ընկերության համար, որը գտնվում է Հայաստանում, դուստր ընկերությունը պարտավոր է այդ գազի բարձրացման հետևանքով ստացված հասույթը կապիտալիզացնել իր ընկերությունում:
Այս ստանդարտը նպատակաուղղված է նրան, որպեսզի այդ մայր ընկերությունը նման ձևով շահույթները չհանի Հայաստանից, այլ հավելյալ շահույթները կրկին ներդրվեն Հայաստանում:
Սա նշանակում է, որ «Գազպրոմ Արմենիան» գազի թանկացումից հետո միանշանակ պետք է այս հավելյալ 15 դոլարը ցույց տա կապիտալիզացում, բնականաբար, դա կարտացոլվի բալանսի մեջ, ցույց կտա, որ ներդրումներ է արել. նման ծրագիր կար, մասնավորապես, Աբովյանի գազապահեստի շուրջ:
2019 թվականին մեզ համար սակագինը չթանկացավ, քանի որ համաձայնություն ձեռք բերվեց Կառավարության հետ, որ՝ այո, կարելի է հետաձգել սակագնի բարձրացումը:
Ի դեպ, նման մոտեցում նախկինում եղել է բազմիցս և՛ ջրի, և՛ էլեկտրաէներգիայի, և՛ գազի դեպքում՝ պայմանավորվածություններ են եղել քաղաքական իշխանությունների հետ, և նման ձևով հետ են գցել: Սա այդ նույն սցենարն է»:
«Լոգիկա» ֆինանսատնտեսական և գործարար անկախ հետազոտությունների կենտրոն» հ/կ նախագահի գնահատմամբ՝ պետությունը գազի բանակցությունների շուրջ քաղաքական մակարդակից իջել է տնտեսվարողի մակարդակի, իսկ պատճառները, ըստ նրա՝ նախկին որոշումներն են.
«Առաջին նիստի ժամանակ Կարեն Կարապետյանը հորդորեց երկու կազմակերպություններին՝ «Գազպրոմ Արմենիային» և «ՀԷՑ»-ին, որպեսզի ռեզերվներ հայտնաբերեն, և այդ ռեզերվների հաշվին նվազեցվի, կամ որոշ տնտեսվարողներին և աղքատ խավերին այդ մատակարարման սակագինը նվազեցվի:
Դրա պատասխանը եղավ 2-3 ամիս անց՝ արձագանքեցին և՛ ՀԷՑ-ը, և՛ «Գազպրոմ Արմենիան», հայտնաբերեցին «տասը դրամների» ռեզերվ, որի արդյունքում որոշում կայացվեց նվազեցնել որոշ խումբ սպառողների, վերամշակող արտադրությունների, ջերմոցային տնտեսությունների և մոտ 110-120 հազար բնակչի գազի մատակարարման սակագինը տասը դրամով»:
Տնտեսագետն այս որոշումը որակեց սուվերենության զիջում՝ նկատելով. «Մեզ մոտ այդ ժամանակվանից սուբսիդավորում է արվում երկու ռուսական ընկերությունների միջոցով Հայաստանի սպառողներին, այն էլ՝ մենաշնորհային ոլորտում: Սա վիճահարույց է այն առումով, որ դրանով անգամ մեր Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի ձեռքերը կապվեցին:
Այս պրակտիկան շարունակվեց»:
Նա խնդրի լուծումն այլ հարթության մեջ է տեսնում. «Եթե կա այդ ռեզերվը (տասը դրամների), մենք դա պետք է ակցիզով քաշենք՝ որպես հարկ, այնուհետև՝ բյուջե, որից հետո՝ կառավարությունն ինքը սուբսիդավորի. Սա ամենաարդյունավետ լուծումն է»,- և հավելում՝ սխալ են այս հարցում ընդդիմախոսների պնդումները, թե սա կբերի գների թանկացման.
«Արդեն ալգորիթմը ցույց է տալիս, որ գների թանկացման չի կարող բերել, որովհետև գործում է զրոյական սակագին մոդելը, որը Եվրոպայում վաղուց է ընդունված (այնտեղ մոտիվացիան այլ է՝ կայուն զարգացման մոտիվացիան է)»:
Արա Քառյանն առիթ ունեցել է նոր կառավարության Ֆինանսների նախարարությունում քննարկել առաջարկը.
«Մոտեցումը նորից չի հերքվում. Խնդիրը դրվում է այսպես՝ իսկ որտե՞ղ են այն ռեզերվները, որ Դուք առաջարկում եք ակցիզով քաշել:
Այդ հարցի պատասխանը հստակ է՝ մեր կազմակերպությունը նման հաշվարկներ չի արել. Մենք հիմնվում ենք պետական մարմինների հաշվարկների վրա»:
Ներքին գնագոյացման խնդիրներից զատ՝ բանախոսն անդրադարձավ նաև սահմանի վրա գազի գնին և ԵԱՏՄ նիստի ժամանակ հնչեցված առաջարկին.
«Տեսեք՝ ինչ առաջարկվեց ԵԱՏՄ նիստի ժամանակ (ի դեպ, դրա մասին ասաց նաև փոխվարչապետ Գրիգորյանը մայիսի 21-ի իր հարցազրույցում), այն, որ մենք պետք է գնանք խորը ինտեգրման:
Այդ ժամանակ կա երկու տարբերակ՝ փաթեթային և առանձնացված:
Փաթեթային, երբ գազի գինը նայում ենք ամբողջ համալիրով, դա արեց, ի դեպ, Լավրովն առաջին անգամ»:
Նա հիշեցրեց, սակայն, որ ԵԱՏՄ-ն չի կարող ունենալ միասնական բյուջե, քանի որ դա կլինի արդեն միասնական պետություն, մինչդեռ ԵԱՏՄ-ն միություն է, ինչպես և՝ Եվրամիությունը, որը չունի միասնական բյուջե.
«Շեշտենք, որ այս հարցն առաջին անգամ չէ բարձրացվել. Բելառուսը միշտ բարձրացրել է, մեր իշխանությունները դեռ նախորդ կառավարությունների ժամանակ բարձրացրել են, բայց ՌԴ-ն նշել է, որ միասնական էներգետիկայի շուկայի հարցին կանդրադառնան 2024 թ.: Բայց ես կարծում եմ՝ զարգացումները, ի վերջո, կբերեն նրան, որ գուցե 2024 թիվն ավելի շուտ գա»:
Արա Քառյանը վերջինս պայմանավորեց համաշխարհային իրավիճակով, այդ թվում՝ բորսայական գների անկումով:
Հիշեցնենք՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմը Հայաստանում բնական գազի սակագների վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել:
Հանձնաժողովի մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրել էր, որ ՀԾԿՀ-ն առաջարկում է չբարձրացնել սակագինը բնակիչ-բաժանորդների համար, ինչպես նաև՝ սոցիալապես անապահովների համար գործողը:
Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսությունների, ինչպես նաև վերամշակող՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվողներին վաճառվող բնական գազի գինը ՀԾԿՀ-ն առաջարկում է 212 դոլարից դարձնել 224 դոլար, ոչ թե՝ 283․14 դոլար, ինչպես առաջարկում է «Գազպրոմ Արմենիան»։
Ջերմային էլեկտրակայաններին վաճառվող բնական գազի համար հանձնաժողովն առաջարկում է ամսական մինչև 10 հազար խմ-ի համար սակագինը թողնել նույնը՝ 1000 խմ-ի դիմաց՝ 139 հազար դրամ, իսկ 10 հազար խմ-ն գերազանցող սպառողների դեպքում առաջարկվում է սահմանել 255․92 դոլար:
Ըստ այդմ՝ ՀԾԿՀ առաջարկի համաձայն՝ սպառողներին վաճառվող բնական գազի միջին կշռութային սակագինը կկազմի 1000 խմ-ի դիմաց՝ 266․71 դոլար, գործող սակագների հաշվարկի համաձայն՝ 255.06 դոլար, իսկ «Գազպրոմ Արմենիայի» հայտով 283.14 դոլար է:
Հավելենք, որ հունիսի 4-ին, ժամը 14:00-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում նշված հարցով նախատեսվում է հանրային քննարկում: