Խաչատրյանի ծննդյան օրը նրա գործերը կհնչեն Երևանի տարբեր հատվածներում
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանն իր հանրահռչակման գործառույթն իրականացնելիս օգտվում է նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորություններից, որոնք այսօր առավել արդիական են և մեծ պահանջարկ ունեն: Տուն-թանգարանը, համագործակցելով այս ոլորտում փորձառություն ունեցող ԱՐԼՈՒՊԱ կազմակերպության հետ, իրականացրել է տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմամբ տարբեր ծրագրեր թե՛ թանգարանում, և թե՛ թանգարանից դուրս:
Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին, կգործարկվի տուն-թանգարանի և ԱՐԼՈՒՊԱ-ի նոր համատեղ նախագիծը:
Արամ Խաչատրյանի ծննդյան օրվա առթիվ՝ հունիսի 6-ից երևանցիներին անակնկալներ են սպասվում քաղաքի տարբեր հատվածներում: Այս անգամ տուն-թանգարանը և ԱՐԼՈՒՊԱ կազմակերպությունը հնարավորություն կտան ունկնդրել կոմպոզիտորի տասը ստեղծագործությունները:
Բջջայինում ներբեռնելով ԱՐԼՈՒՊԱ-ի անվճար հավելվածը և գտնվելով հավելվածի քարտեզում նշված վայրում՝ (օրինակ՝ Հյուսիսային պողոտա, Հանրապետության հրապարակ, Ա. Խաչատրյանի հուշարձան, Խաչատրյան փողոց և այլն) կարելի է վայելել կոմպոզիտորի անմահ ստեղծագործությունները: Յուրաքանչյուր նշված կետում հնչում է մեկ ստեղծագործություն: Հավելվածը հնարավորություն է տալիս նաև տեսանյութ նկարել և այն տեղադրել սոցիալական ցանցերում: