«Հիմա պետք է սպեցնազը հանեմ և ծեծուջարդ անեմ, հա՞, ժողովրդի մեջ, որ կարգուկանոն պահպանեն»․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց, որ երեկ շատ լուրջ խոսակցություն է ունեցել ոստիկանության պետի, ԱԱԾ տնօրենի, տեսչական մարմինների աշխատանքը համակարգող գրասենյակի ղեկավարի հետ։ «Իմ գործելու մեթոդը եղել և շարունակում է մնալ նույնը՝ 2016թ․ երբ խոսում էի մեզանից յուրաքանչյուրի անհատական վարքագծի մասին, այն ժամանակ էլ ընդդիմություն էի, ասում էին՝ փոխանակ գնա իշխանափոխություն անի՝ պատասխանատվությունը գցում է ժողովրդի վրա։
Առանց ժողովրդի մենք ո՞նց էինք իշխանափոխություն անելու։ Նույնն էլ այստեղ է խնդիրը։ Մեզնից յուրաքանչյուրը պետք է ընտրություն կատարի՝ ինքն ուզում է, որ նպաստի՞ համավարակի հաղթահարմանը, թե՞ ուզում է օգնել, որ ավելի տարածվի։ Ես հասկանում եմ, որ հիմա Հայաստանում լիքը մարդ կա, որ ընդհակառակը՝ ամեն ինչով նպաստում է։ Հա, սխալներ․․․ բոլորիս սխալն է, ինձնից սկսած, հազարավոր ուրիշ մարդկանցից․․․»,-ասաց նա։
Ն․ Փաշինյանն անդրադարձ կատարեց նաև Արցախի նախագահի երդմնակալության արարողության ժամանակ արված հայտնի լուսանկարին, որտեղ երկու հայկական պետությունների բարձրագույն ղեկավարությունը առանց դիմակի և սոցիալական հեռավորություն պահելու՝ կանգնած է խնջույքի սեղանի շուրջ։
«Այդ ինագուրացիան տեղի է ունեցել Արցախում հաստատված իրավական կարգավորումների շրջանակում։ Մենք հիմա որ խոսում ենք բանկերի կուտակումների մասին, ոչ թե խոսում ենք ճաշակի մասին, այլ՝ կարգը, կանոնը, օրենքը խախտելու մասին։ Արցախում՝ Շուշիում, ոչ մի օրենք չի խախտվել․ այնտեղ օրենքի խախտման մասին մեկ ադրբեջանցիք են ահազանգում, մեկ էլ ինչ-որ շրջանակներ։ Եվ մենք պետք է հասկանանք, որ առողջապահական խնդիր չէ ասա, որովհետև առողջապահությունն ինչ կարողանում է՝ անում է, դեռ մի բան էլ ավել։
Սա կարգուկանոնի խնդիր է, և ես որ խոսքով, հաղոդրակցությունով ՀՀ վարչապետ եմ դարձել, հիմա պետք է սպեցնազը հանեմ և ծեծուջարդ անեմ հա՞ ժողովրդի մեջ, որ կարգուկանոն պահպանեն։ Ես ո՞նց անեմ նման բան։ Ես սովոր չեմ։ Ես հաղորդակցության ուրիշ կուլտուրայով եմ եկել»,-նշեց վարչապետը՝ ընդգծելով, որ այդպես կարելի է վարվել հանցավոր շրջանակների, ոչ թե սեփական ժողովրդի հետ։