«Մեկ օրում հնարավոր է նվազագույնը 200 կտրոն պատրաստել և տնկել, այսինքն` օրական ծրագրի մասնակիցները կաշխատեն 10.000 դրամ». Վարդան Մելիքյան
Կառավարության մամուլի կենտրոնում ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը ներկայացրեց Կառավարության տասնհինգերորդ միջոցառման նպատակը, որն ունի բնապահպանական կոմպոնենտ` ծառատունկի միջոցով կորոնավիրուսի տնտեսական հետևանքների մեղմում:
Ծրագրի հեղինակը Շրջակա միջավայրի նախարարությունն է, որով առաջարկվում է ՀՀ բարձրադիր գոտիներում հիմնել գետերի ափապաշտպան անտառաշերտեր՝ ուռենու տեղական տեսակներից:
Ծրագրի շահառու յուրաքանչյուր քաղաքացու կտրամադրվի 50 դրամ՝ յուրաքանչյուր կտրոնի պատրաստման և տնկման համար։
Ծրագիրը կիրականացնի 3 կազմակերպություն՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը, «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը» և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը։
Աշխատանքների իրականացման ընդհանուր արժեքը մոտ 200 մլն դրամ է:
«Ծրագիրն իրականացվելու է 6 մարզում` Սյունիք, Վայոց ձոր, Շիրակ, Լոռի, Տավուշ, Գեղարքունիք: Հիմնականում կլինեն բարձրադիր գոտիները, և ելնելով եղանակային պայմաններից, 1800-2400 մետր բարձության վրա քարտեզագրվում են այն գետերը, որոնց ափերին հնարավոր է և ցանկալի ունենալ նման անտառաշերտեր: Այն համայնքներում, որոնց վարչական տարածքներում գտնվում են այդ գետերը, այդտեղ հայտարարություններ կտրվեն, և մարդիկ կարող են գալ, դիմել և ընդունվել աշխատանքի: Խոսքը, հավանաբար, կգնա մինչև 1000 աշխատակցի մասին, որոնք կաշխատեն 10-15 օր: Սակայն նախքան բուն աշխատանքները, ծրագրի մասնակիցները պետք է 1-2 օր առաջ կտրեն տեղում աճող ուռենիների ճյուղերը, 30 սմ երկարությամբ կտրոններ պատրաստեն, որից հետո ուղղակի անցքեր են արվելու հողի մեջ և տեղադրվեն 20 սմ խորության վրա կտրոնները, իսկ 10 սմ-ն կմնա դուրսը: Բարդ աշխատանք չի, բավականին դյուրին է»,- նշեց Վարդան Մելիքյանը:
Հարցին` հաշվի առնվե՞լ է, թե ծրագրի շահառու քաղաքացին քանի ծառ կարող է տնկել մեկ օրում, որ ստացված գումարը որոշ չափով նշանակություն ունենա նրա համար այն դեպքում, երբ մեկ ծառ տնկելու դիմաց 50 դրամ է վճարվելու, Շրջակա միջավայրի նախարարի տեղակալը նշեց` բնականաբար, այն գումարը, որն օրական կաշխատեն ծրագրի մասնակիցները, պետք է լինի բավարար չափի:
«Մենք մեր աշխատակիցներին նախնական խնդրել ենք գնահատել, թե որքան ծառ հնարավոր կլինի տնկել ամեն օր, ըստ նրանց՝ նվազագույնը 200 կտրոն է հնարավոր մեկ օրվա ընթացքում պատրաստել և տնկել: Այսինքն` օրական ծրագրի մասնակիցները կաշխատեն 10.000 դրամ, հնարավոր է՝ ավելի, սա նվազագույն թիվն է»,- մանրամասնեց Վարդան Մելիքյանը` նշելով, որ նախատեսվում է 2.000 միլիոն կտրոնի պատրաստում և տնկում:
Ըստ նրա` բացի ծառատունկից, նախատեսվում է նաև ցանկապատում, որի դեպքում ևս աշխատակիցներ կպահանջվեն, որոնք այս դեպքում էլ գումար կվաստակեն:
«Հստակ գումար դեռ չեմ կարող նշել, որովհետև կախված է ծավալից, տեղանքից: Ցանկապատման համար կօգտագործվի հատկացվող գումարի մինչև 25 տոկոսը»,- եզրափակեց Մելիքյանը: