Կառավարությունն առաջարկում է Գլխավոր դատախազին հնարավորություն տալ՝ քրեական գործը մեկ վարույթից տեղափոխել հատուկ քննչական վարույթ
Կառավարությունն ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովին է ներկայացրել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը:
Այսօր հանձնաժողովի նիստում ներկայացնելով նախագծերը՝ Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը նշեց, որ նախագիծը վերաբերում է Քրեական դատավարության 190-րդ հոդվածին, որով սահմանվում է քրեական գործերի քննչական ենթակայությունը:
«Նախագիծը քննարկվել է շահագրգիռ մարմինների հետ: Խնդիրն այն է, որ Հատուկ քննչական մարմինը քննում է՝ ինչպես պաշտոնատար անձանց կողմից կատարված և նրանց պաշտոնական լիազորությունների հետ կապված հանցագործությունները, այնպես էլ՝ պաշտոնական լիազորությունների հետ կապ չունեցող հանցագործություններ:
Այս ամենի արդյունքում մենք ունենում ենք մի իրավիճակ, երբ, օրինակ, ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակցի կողմից կատարված վրաերթը քննում է ՀՔԾ-ն, ինչը չի բխում նրա ստեղծման անհրաժեշտությունից և կարգավիճակից, հետևաբար՝ նախագծով առաջարկվում է սահմանել այն սուբյեկտների շրջանակը, սահմանափակել նմանատիպ անձանց, որոնք կարող են հայտնվել ՀՔԾ-ի տիրույթում: Նաև օրենքով սահմանել բարձրաստիճան անձ հասկացություն և դրա մեջ ներառել որոշակի խումբ անձանց, օրինակ՝ վարչապետ, նախագահ, ինքնավար մարմինների անդամներ՝ դատավորներ և այլն:
Առաջարկվում է նաև փոփոխություն կատարել նույն հոդվածի այն մասում, որը հնարավորություն է տալիս գլխավոր դատախազին մեկ քննչական վարույթից գործը փոխանցել հատուկ քննչական վարույթին: Այս փոփոխությունը միտված է նրան, որ, ի տարբերություն այսօրվա կարգավորմանը, այս դեպքում Գլխավոր դատախազը նման հնարավորություն կունենա այն դեպքում, երբ այլ քննչական մարմնում կասկածի տակ է դրվում այլևս գործի օբյեկտիվ ու անաչառ քննությունը»,- նշեց Արդարադատության նախարարի տեղակալը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը Սրբուհի Գալյանից հետաքրքրվեց՝ խնդիրը ծագել է հոդվածի սխալ ձևակերպումից, թե՝ պրակտիկայում է սխալ մեկնաբանություն եղել:
Պատասխանելով պատգամավորի հարցին, փոխնախարարը նշեց, որ իրականում պրակտիկան սխալ ուղղությամբ է գնացել, ինչն իրավաբանները տարբեր կերպ են մեկնաբանում, և այդ ամենի արդյունքում ստացվել է այնպես, որ ՀՔԾ-ն որոշակի գործերի քննության հետ կապված ունի ծանրաբեռնվածություն, որի մասին փաստում են նաև վիճակագրական տվյալները:
«Այս ծառայությունը պետք է հաստատապես կենտրոնանա կոնկրետ գործերի քննության վրա, կոնկրետ սուբյեկտային կազմով գործերի քննության վրա: Հենց այս խնդրի լուծմանն է ուղղված նախագիծը, ինչպես նաև, արդեն նշեցի, որ Գլխավոր դատախազի որոշմամբ քրեական գործը մեկ վարույթից Հատուկ քննչական ծառայության վարույթ տեղափոխելու գործառույթների հստակեցմանն է վերաբերում»,- շեշտեց Սրբուհի Գալյանը: