Էլ փակված հնարավոր չի շարունակել. Նիկոլ Փաշինյան

«Երեկ ընտանիքիս հետ զբոսնում էի, փողոցում ահագին մարդ կար, և գիտեք, շատ դժվար է լինելու, որովհետև ակնհայտ է, որ ասված պայմաները չեն պահպանվում, և եթե մենք մեր քաղաքացիների վարքագծային կանոնները պահպանելուն չհասնենք, մենք իրականում խնդիրներ ենք ունենալու»:

Այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով կորոնավիրուսի համավարակի պայմաններում սահմանափակումների ռեժիմից դուրս գալու հարցին:

«Երբ սահմանափակումը մտցնում էինք, մեր և բոլորի հույսն այն էր, որ մեկ-երկու ամսից վարակը կհաղթահարվի, բայց հիմա սահմանափակումների ռեժիմից դուրս գալու մասին խոսում ենք ոչ միայն նրա համար, որ հաղթահարված է, այլև նրա համար, որ կարծում եմ՝ մինչև մյուս տարվա մարտ-ապրիլ ամիսը մենք ունենալու ենք դեպքեր, և չենք կարող մեկ տարի փակված ապրել, ոչ միայն մենք չենք կարող, այլ նաև ամբողջ աշխարհը չի կարող»,- ասաց վարչապետը:

Ըստ կառավարության ղեկավարի՝ իրենց մեծագույն խնդիրն է բոլորի մոտ վարքագծային նոր կանոնների հաստատումը, որպեսզի հնարավոր լինի կորոնավիրուսին զուգահեռ ապրել:

«Էլ փակված հնարավոր չի շարունակել, կամ եթե իմանանք, որ ևս մեկ ամիս փակվելով՝ կարող է բան փոխվել, կարող ենք անել, բայց փաստն այն է, որ մենք վստահաբար գիտենք, որ ոչինչ տեղի չի ունենալու, որը մեզ թույլ կտա վերադառնալ նախկին կյանքին»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նոր քաղաքականությամբ մի քանի օրից հիվանդանոցում այսուհետև կմնան միայն այն մարդիկ, որոնք ունեն բժշկական օգնության անհրաժեշտություն, իսկ նրանք, որոնց մոտ թեև ախտորոշվել է կորոնավիրուս, սակայն որևէ բուժում չեն ստանում, կմնան իրենց տներում:

 

Տեսանյութեր

Լրահոս