Բաժիններ՝

Տեղեկատվական տեխնոլոգիաների և բիզնեսի ոլորտի  ներկայացուցիչները վեբինարների միջոցով կկիսվեն իրենց փորձով

Կորոնավիրուսային պանդեմիայի հետևանքով բոլոր կրթական միջոցառումները փոխել են ձևաչափը և դարձել են հեռավար։ Nation in Action նախաձեռնությունը սկսել է վեբինարների շարք, որտեղ տեղեկատվական տեխնոլոգիաների և բիզնեսի ոլորտի ներկայացուցիչները կիսվում են իրենց փորձով։

Nation in Action-ի համահիմնադիր Հովհաննես Երիցյանը 168.am-ի զրույցում նշում է, որ մինչև վեբինարները նախաձեռնությունը գործում է շուրջ մեկ տարի։

«Ես և իմ գործընկերս արդեն մոտ մեկ տարի զբաղվում ենք Nation in Action նախաձեռնությամբ։ Նախաձեռնության հիմնական նպատակը Հայաստանում նոր կրթական հարթակի ձևավորումն է, որը հիմնված կլինի իրական բիզնես կյանքում գիտելիքի կիրառելիք տրամադրելու վրա։ Խնդիրը եկել է նրանից, որ մենք երկուսս էլ ունենք բավականին մեծ փորձ թե Հայաստանում, թե արտասահմանում կրթվելու, ու այդ ընթացքում հասկացել ենք, որ շատ հաճախ բուհական համակարգը չի պատրաստում իրական կադրեր։ Բոլորս բուհն ավարտելուց հետո անցնում ենք աշխատանքի ու կարծես թե զրոյից պետք է ամեն ինչ սկսենք։

Ու մենք ունենալով այդ խնդիրը, որոշեցինք Հայաստանում մեկնարկել Business Case Competition ծրագիրը, որի հիմնական նպատակն է՝ իրական սեկտորից վերցնել խնդիր, ու դա տալ ուսանողությանը։ Արդյունքում՝ ուսանողը կամ երիտասարդը սովորում է իրական խնդրի շուրջ ու վերջում ներկայացնում է իր գաղափարը։ Սա աշխարհի առաջատար բուհերում ընդունված մոտեցում է, ու շատ մեծ կորպորատներ հենց այդտեղից են վերցնում իրենց ապագա կադրերին»։

Նախաձեռնությունը փորձում է ստեղծել ապագայի միջին և բարձր օղակի կադրեր։

Հովհաննես Երիցյանը նշում է, որ  արդյունքները բավականին ոգևորիչ են։

«Մենք փորձում ենք ամեն ինչ անել, որ հավաքենք որակյալ մասսա, որպեսզի քննարկումները ու հարց/պատասխանը հաճելի լինի բոլորին։

Իսկ ընդհանուր առմամբ շուտով նախատեսում ենք մի քանի այլ հետաքրքիր վեբինարներ՝ էլ․ ավտոմեքենաների վերաբերյալ, որպեսզի սպառողն իմանա՝ դա ինչ է, ոնց կարող են ձեռք բերել, ինչին ուշադրություն դարձնեն, օրենսդրական ինչ նախաձեռնություններ կան, որ խրախուսում են դա։ Ինչպես նաև, թե ոնց կարելի է էլ․ լիցքավորման կայաններն օգտագործել՝ որպես տնտեսական առավելություն, եթե ունես հյուրատուն կամ նմանատիպ բիզնես:

Եվս 4 պլանավորած վեբինար ունենք, բայց դրանց մանրամասները դեռ պետք է քննարկվեն։ Բայց ակնկալում ենք հետաքրքիր կոնտենտ նաև գյուղաբնակ մարդկանց համար»,- նշում է Հովհաննես Երիցյանը։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս