«Նորեկներն առանձնապես չեն էլ հետաքրքրվել, թե այսօրվա իրենց «բոսն» ինչ էր ասում այն ժամանակ և ինչ մեթոդոլոգիայով էր շարժվում». Քաղտեխնոլոգը՝ իշխանական պատգամավորների մասին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ելույթներով հրահրում է սոցիալական ու քաղաքացիական անկարգություն, երբ ասում է, թե՝ քաղաքացինե՛ր, բյուջեում փող կա, գնացե՛ք պահանջեք. այսօր Ազգային ժողովում, անդրադառնալով Էդմոն Մարուքյանի այն հայտարարությանը, թե բյուջեում կա 100 միլիարդ դրամ, և պետությունը կարող է դա  100.000-ական դրամներով բաժանել 800 հազար քաղաքացու, ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը:

Նաև հավելել է. «Ես այս բարձր ամբիոնից կոչ եմ անում՝ նման կոչեր, մանիպուլյացիաներ չանել, դա վտանգավոր է մեր պետության համար»:

168.am-ի խնդրանքով անդրադառնալով Ա. Բեղլոյանի հայտարարություններին՝ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը նույնպես շեշտեց մանիպուլյացիաների մասին,  սակայն՝ Անուշ Բեղլոյանի կողմից.

«Ես կարծում եմ, որ դա մանիպուլյացիայի դրսևորում է, որովհետև պառլամենտը և ընդհանրապես քաղաքական հարթակները հենց այն տեղերն են, որտեղ, օրինակ, ընդդիմությունը և նույնիսկ իշխանության տարբեր ներկայացուցիչներ կարող են ներկայացնել իրենց պատկերացումները, իրենց ծրագրերը՝ քննարկման համար, առավել ևս՝ խորհրդարանը:

Ցանկացած ընդդիմություն, կարծում եմ՝ այսօրվա իշխանության այն հատվածը, որը վաղուց է զբաղվում քաղաքականությամբ, այլ ոչ թե ման գալով է եկել-մտել խորհրդարան՝ փաբերից և ակումբներից, միշտ այդ նույն գործիքակազմն օգտագործել է: Այսինքն՝ եթե ունեցել է իր առաջարկները տարբեր ծրագրերի վերաբերյալ՝ ներկայացրել է, դրանք կամ ընդունվել են, կամ՝ ոչ, բայց ասել՝ եթե որևէ մեկը խոսում է այն մասին, թե պահուստային ֆոնդում գտնվող այսինչ փողի այսինչ մասը եկեք տրամադրենք ճգնաժամի ժամանակ սոցիալական ծրագրերին, կամ անենք այն, ինչ անում են զարգացած երկրներում, ուրեմն պոպուլիզմ է կամ սոցիալական բունտի հրահրման փորձ, ըստ իս՝ քաղաքական տեսանկյունից սխալ մոտեցում է, հակաքաղաքագիտական է, հակապառլամենտական է: Մանիպուլյացիա է»:

Քաղտեխնոլոգը նկատեց, որ «մանիպուլյացիա»-ն որակում չէ, այլ քաղաքական գործիքակազմի մաս, և հավելեց, որ անընդունելի է պառլամենտի ներկայացուցչին, առավել ևս՝ ընդդիմադիր ֆրակցիաներից մեկի ղեկավարին, մեղադրել բունտ հրահրելու մեջ՝ միայն նրա համար, որ իր տեսակետն է հայտնում.

«Իրավիճակը կարող է հրահրել այդ բունտը՝ սոցիալ-տնտեսական վիճակը, գործազրկության մակարդակը»:

Հարցին՝ արդյո՞ք վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները չեն ընդունում այն նույն մոտեցումները, որոնցով Նիկոլ Փաշինյանն ինքն էր ժամանակին ոգևորում հասարակությանը՝ «պահանջատեր լինել», «փողոց դուրս գալ», Վ. Հակոբյանն արձագանքեց.

«Ժամանակին, երբ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր էր, այդ թիմակիցները քաղաքական դաշտում չէին, իրենք նույնիսկ պատկերացում չունեին՝ ինչ բան է քաղաքականությունը, և երևի թե չէին էլ պատկերացնում, որ երբևիցե զբաղվելու են քաղաքականությամբ. շատերը, կրկնեմ՝ փաբերից ու ակումբներից, դեպքերի բերումով են հայտնվել քաղաքական դաշտում (խոսքը չի վերաբերում պայմանագրային քաղաքական թիմին), բայց շատերը պատահական մարդիկ են քաղաքականության մեջ  և ժամանակի ընթացքում՝ նոր դեպքերի բերումով, հեռանալու են և չեն զբաղվելու այս հարցերով, լավագույն դեպքում՝ վերադառնալու են իրենց հասարակական-քաղաքացիական գրանտային ծրագրերին: Այս առումով՝ իրենք Նիկոլ Փաշինյանի ընդդիմադիր տարբերակի կոչերով և այլնով առանձնապես այն ժամանակ չեն էլ հետաքրքրվել, որպեսզի իմանան՝ իրենց այսօրվա «բոսն» ինչ էր ասում այն ժամանակ և ինչ մեթոդոլոգիայով էր շարժվում:

Այն ժամանակ կար մի փոքր խումբ «Քաղպայմանագիր» կուսակցություն, և այդ մարդիկ նույնիսկ այսօրվա իշխանության մեջ, չեմ կարծում, որ մեծամասնությունն են կազմում»:

Վիգեն Հակոբյանը հիշեցրեց. «Ընդդիմադիր գործիքակազմի մեջ մտնում է քննադատելը, դեմ քվեարկելը՝ հատկապես Բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, քանի որ բյուջեն այն փաստաթղթերից է, որի նկատմամբ ընդդիմության վերաբերմունքը սովորաբար բացասական է լինում, որովհետև ծրագրային և զարգացման փաստաթղթեր են: Եվ գուցե դա է նաև այն թեստը՝ ինչու եմ ես ընդդիմադիր. եթե ես այդ հարցերում էլ միշտ համաձայն լինեմ իշխանության հետ, այդ դեպքում պետք է այնուամենայնիվ բացատրել, թե ինչու եմ ընդհանրապես ընդդիմադիր: Սա շատ նորմալ պրոցես է. Էստեղ նեղանալ, մեղադրել…»:

Ըստ նրա՝ հակադարձումը պիտի լինի հիմնավորումներով:

«Խնդիրն այն է, որ այսօր քաղաքական դաշտի նորեկները զարմանում են, որ ընդդիմությունը կարող է իրենց տեսակետից հակառակ բան ասել»,-  եզրափակեց քաղտեխնոլոգը:

Տեսանյութեր

Լրահոս