«Իշխանությունը տառապում է միֆոմանիայով»․ Արա Սահակյան

«Գոյություն ունի բարձրագույն պաշտոնեության շերտ, որի մասին խոսքային շատրվաններ չի կարելի կիրառել, որովհետև, երբ խոսքը չի ապացուցվում, դառնում է սուտ»,- 168 TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարին տված հարցազրույցում ասաց ԱԺ նախկին փոխխոսնակ, Ղազախստանում ՀՀ նախկին դեսպան Արա Սահակյանը։

Հարցին՝ շա՞տ են այդպիսի ստերը, նա պատասխանեց․ «Մթնոլորտը բերել է նրան, որ գալիս եմ այն մտքին, որ ներկայումս մեզ մոտ իշխանությունը տառապում է միֆոմանիայով, այսինքն՝ լեգենդներ հյուսելու մոլուցքով, կամ բժշկության մեջ դա կոչվում է պսևդոլոգիա։ Սա շատ կարևոր է հոգեբանության մեջ, դրանով զբաղվում են բժիշկները, և գործնականում դա շատ կարևոր է կրիմինալիստիկայում․ կարող է հանդիպել մի վկա, որը պաթոլոգիկ ստախոս է՝ ոչ թե նա դիտավորյալ է ստում, այլ որովհետև պաթոլոգիկ ստախոս է, և կարող է նրա սուտ վկայությունը դառնալ ծանր մեղադրանքի հիմք։ Քաղաքականության մեջ էլ ստախոսությունը կարող է վատ հետևանքներ ունենալ։ Ես կարծում էի, որ դա դաստիարակության թերություն է, բայց իրականում այն ունի որոշ սոմատիկ հիմքեր։

Ես հանդիպել եմ մի փոքրիկ ակնարկի, որտեղ ասվում է, որ ստախոսների և ոչ ստախոսների հետազոտություն է կատարվել և պարզվել է, որ ստախոսների ուղեղի կեղևում գոյություն ունեցող այդ գորշ մասսան՝ նեյրոնները, 10-15 տոկոսով ավելի պակաս է, քան նորմալ մարդկանց մոտ, իսկ սպիտակ զանգվածը, այսինքն՝ նյարդային թելիկները ավել են։ Սա լուրջ խնդիր է, հասարակությունը պետք է այս մասին մտածի, որ ինչ-որ ձևով պետք է կասեցնել։ Հայրս ասում էր՝ ամենավտանգավոր ստախոսը այն ստախոսն է, որը հավատում է իր ստին»։

Ճշտող հարցին՝ Նիկոլ Փաշինյանը պաթոլոգիկ ստախո՞ս է, նա պատասխանեց․

«Ես միշտ խուսափում եմ գործադիր իշխանության ղեկավարի անունը տալ, և ես մարդկանց մասին չեմ խոսում, ես խոսում եմ երևույթների մասին, ես խոսում եմ գործադիր իշխանության վարքագծի մասին։ Եվ ես երբ ինչ-որ ելույթում պաշտպանում եմ դատական իշխանությունը, այդ թվում՝ ՍԴ-ն, ես ոչ թե խոսում եմ այն մասին, որ Ձեր ասած անձն ատում է կամ սահմանափակում է Հրայր Թովմասյանի իրավունքները, ես խոսում եմ այն մասին, որ իշխանությունների բաժանման սկզբունքն է խախտվում, և գործադիր իշխանությունը ձգտում է իրեն ենթարկել դատական իշխանությունը։ Ես նշեցի նաև, որ այդպիսի մղում կա չորրորդ իշխանության նկատմամբ։ Սա է իմ պատասխանը»։

 

Տեսանյութեր

Լրահոս