
Արմեն Սարգսյանն ազգային տոնի առթիվ շնորհավորել է Իսրայելի նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ազգային տոնի՝ անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինին:
«Ջերմությամբ եմ հիշում տարեսկզբի մեր հանդիպումը, որը հիանալի հնարավորություն էր մեկ անգամ ևս բարձրաձայնելու հայ և հրեա ժողովուրդների ճակատագրերի և պատմական ընդհանրությունների մասին։ Այն հրաշալի առիթ էր նաև քննարկելու մեր երկրների միջև համագործակցության ընդլայնման և ամրապնդման նոր հեռանկարները: Մեծապես կարևորում եմ Հայաստանի և Իսրայելի միջև ուղիղ երկխոսությունը և շարունակական համագործակցությունը նաև ճգնաժամային իրավիճակներում, հատկապես այսօր, երբ համայն մարդկությունը միասնական ջանքերով փորձում է հաղթահարել համավարակի մարտահրավերները։ Ուրախ եմ, որ վերջերս Ձեզ հետ բովանդակային հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձանք այս հարցում փորձի և տեղեկատվության փոխանակմանը, ինչպես նաև փոխադարձ աջակցությանը։
Վստահ եմ, որ ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրագործումը նոր որակ կհաղորդի հայ-իսրայելական գործընկերային հարաբերություններին` ի շահ մեր ժողովուրդների»,-մասնավորապես նշված է նախագահ Սարգսյանի ուղերձում: