ԱՄՆ-ն կարող է սկսել կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում միջազգային ուղևորների շրջանում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դիտարկում է կորոնավիրուսի ախտորոշման լայնածավալ թեստավորման հնարավորություն ԱՄՆ եկած այն ուղևորների շրջանում, որոնց երկրներում ներկայում նկատվում է վարակի բռնկում:
Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությունը:
«Մենք մտածում ենք այն ուղղությամբ, որպեսզի դա կատարենք վարակի բռնկման երկրից եկած ուղևորների շրջանում»,- ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը: Նախագահի խոսքով՝ իրենք ավիափոխադրողների հետ աշխատում են այդ ուղղությամբ: Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ուղևորների շրջանում թեստավորումը կարող է սկսվել «մոտ ապագայում»:
Նախագահը տեղեկացրել է, որ նման ստուգումներն առաջին հերթին կարող են անցկացվել Բրազիլիայից եկող ուղևորների շրջանում, որտեղ ներկայում նկատվում է վարակի բռնկում: