«Ցավում եմ նոր Հայաստանի իշխանությունների համար». Անի Խաչատրյանը՝ Աջափնյակի թաղապետին
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն ավագանու նիստում հարցուպատասխանի ժամանակ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանին հարցրեց, թե ինչո՞ւ է իրենց աշխատակազմում աշխատանքի ընդունել մի մարդու, որը ցուցարար էր ծեծում և դատապարտված է եղել կոռուպցիայի համար:
«Ցիտեմ իմ շատ սիրելի քաղաքապետին, ով մեզ հետ զրույցում ասել է՝ «կարծես՝ Աջափնյակ շրջանի ղեկավարը իրեն կոմֆորտ է զգում ՀՀԿ-ականների շրջապատում»,- ասաց Անի Խաչատրյանը:
Հայկ Մարությանը չմտաբերեց, թե ե՞րբ է նման բան ասել, Խաչատրյանը հիշեցրեց, որ ասել է առանձին իրենց հետ զրույցում: Քաղաքապետը քմծիծաղ տվեց, բայց չժխտեց, որ նման բան եղել է: Թելման Թադևոսյանը Անի Խաչատրյանին պատասխանեց.
«Թե անցյալում ի՞նչ է արել ինքն ու իր եղբայրը, գնահատականներ տվել են թե՛ հանրությունը, թե՛ իրավապահ համակարգը: Ինքն անձամբ է մոտեցել ինձ և ասել, որ իր համար անընդունելի է մարդուն անցյալով գնահատելը, քանի որ ինքը հիմա ամեն ինչ պատշաճ անում է, և ես դա փաստում եմ, նա մեկ ամսվա ընթացքում շատ ճիշտ է աշխատել: Ինքն ասել է, որ թույլ չի տա, որ շահարկումներ լինեն ներկայիս քաղաքական ուժի, մեր իշխանության հետ կապված, և ասել է, որ ինքը չի աշխատի»:
Անի Խաչատրյանն արձագանքեց.
«Ցավում եմ նոր Հայաստանի իշխանությունների համար, որ իրենց մասին մտածում է ոչ թե վարչական շրջանի իրենց նշանակած ղեկավարը, այլ ցուցարար ծեծողը»: