Բաժիններ՝

«0% վարկը շատ լավ է, բայց պետությունն ամեն ինչ պետք է անի, աշխատի ապրանքի ինքնարժեքի իջեցման վրա․ այդպես նա կուժեղացնի տնտեսվարողին»․ Հարություն Մնացականյան

«Ռուսաստանից ներմուծվում է 5 հազար, 10 հազար տոննա գազար և կարտոֆիլ, մեկ էլ իմանում ենք, որ մեր հայերը ճանապարհ են փակում և ասում՝ իրացման խնդիր ունենք։ Չի կարող այդ քանակով գազար և կարտոֆիլ ներմուծվել, և գազար արտադրող Մանթաշի ժողովուրդը չկարողանա իրացումը կազմակերպել»,- 168am-ի հետ զրույցում ասաց գյուղատնտես Հարություն Մնացականյանը։

Նա նշեց, որ, երբ գյուղացիները ԶԼՄ-ներով լսում են, թե գարնանը կարտոֆիլը դառնալու է 500 դրամ, պահում են, չեն վաճառում և գարնանը կանգնում են փաստի առջև․

«Այս տարի մարտ ամսին 3600 տոննա կարտոֆիլ էր մնացել, բայց 5 հազար տոննա դրսից կարտոֆիլ ներմուծվեց, իրացվեց։ Մարտ ամսին տեսան, որ կարտոֆիլի գինը չի բարձրանում, և կանգնեցին փաստի առաջ։ Նախորդ տարի, երբ որոշ ժամանակ Իրանի հետ սահմանը փակվեց, տեղացի արտադրողները գազարը դարձրին 300 դրամ, հետո մտածում էին՝ կդառնա 500 դրամ, պահեցին, չվաճառեցին, հետո արդեն գինն իջավ ու դուրս եկան՝ փողոց փակեցին, թե՝ մեր գազարը մնացել է»։

Անդրադառնալով գյուղատնտեսության օժանդակությանն ուղղված կառավարության ծրագրերին՝ նա ասաց, որ դրանց վերաբերյալ կարծիքները տարբեր են․

«Մի մասն ասում է՝ այո, շատ գոհ ենք, շնորհակալ ենք, փոքր ձեռներեցներ կան, ասում են՝ պետությունը մեր հաշվին 136 հազար դրամ գումար է նստացրել, ով վարկային նորմալ պատմություն ունի՝ շատ գոհ է, 0 տոկոսով վարկ են տվել։ Ամենահետաքրքիրը՝ ես բանկին վարկի համար չէի դիմել, բայց ինձ զանգեցին, առաջարկեցին 0 տոկոսով վարկ, հետո տեսա, որ լրատվականներից մեկը գրել էր, թե մի ֆերմեր բողոքել է, որ օնլայն լրացրել է, իրեն չեն պատասխանել, ասացի՝ լավ, փորձեմ օնլայն, տեսնեմ՝ ինչպիսի արագությամբ է բանկն աշխատում։

Հինգշաբթի օրն օնլայն լրացրեցի՝ 1 մլն դրամ վարկի հայտ ուղարկեցի, ինձ մեյլ եկավ, որ հայտ ընդունվել է։ Ուրբաթ օրը՝ ապրիլի 24-ին բանկից զանգեցին, ասացին՝ ճիշտ է՝ մենք չենք աշխատում, բայց վաղը եկեք ձեր վարկը վերցրեք։ Գնացի, 5 րոպեում վարկը տվեցին։ Ժամանակացույցը նայեցի, առաջին մուծման օրն այս տարվա հոկտեմբերի 24-ին է ու 2 տարով, իսկ ես հայտը մի տարով էի լրացրել։ Բանկում ասացի՝ մի վարկ ունեմ, էս մեկ միլիոնով նա կփակեմ, ասացին՝ հենց այդ վարկը տեղում փակես, մյուս վարկդ պետությունը չի սուբսիդավորի, որովհետև կստացվի, որ նպատակային չես օգտագործում այդ գումարը»։

Հարություն Մնացականյանը նկատեց՝ արտադրողներ կան՝ բողոքում են, բայց մյուս կողմից՝ պետք է բանկերին էլ հասկանալ․

«Եթե վարկային պատմությունը նորմալ չէ, իրենք գործունեությունը ծավալել են՝ վնասով են դուրս եկել, պարտքերի տակ են ընկել, նման տնտեսվարողներին բանկը ռիսկ կանի՞ վարկ տա։ Երկրորդ՝ 0 տոկոս վարկը շատ լավ է, բայց պետությունն ամեն ինչ պետք է անի, աշխատի ապրանքի ինքնարժեքի իջեցման վրա, նույնիսկ կարող է 0 տոկոս վարկը չլինել, եթե այդ գումարն ուղղորդվի այնպիսի սուբսիդիաների վրա, տեխնիկաների ձեռքբերման վրա, որ դրանով հնարավոր լինի իջեցնել ինքնարժեքը, ավելի լավ է պետությունն այդպես անի, այդպես նա տնտեսվարողին ուժեղացնում է»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս