Բաժիններ՝

«Հակատուբերկուլյոզային դիսպանսերի լուծարումը նախարարության քմահաճույքի արդյունքն է». ավագանու ընդդիմադիր անդամները դեմ էին դիսպանսերի լուծարմանը

Հակատուբերկուլյոզային դիսպանսեր ՓԲԸ-ն կլուծարվի: Երևանի ավագանին այս որոշումն ընդունեց 34 կողմ, 6 դեմ, 4 ձեռնպահ ձայների համամասնությամբ: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը ներկայացրեց, որ տուբերկուլյոզային հիվանդությունների բուժումը բացառապես պետպատվերով է, և առանց պետական աջակցության՝ դիսպանսերը գործել չի կարող: Քաղաքապետի անունից դիմել են Առողջապահության նախարարություն և առաջարկել, որ շարունակեն պետպատվեր տրամադրել:

«Առաջարկել ենք շարունակել ընկերության արտահիվանդանոցային ծառայության գծով պետական պատվերի տրամադրումը, մինչև ավագանու կողմից ընկերության հետագա գործունեության կարգավորումը: Գրությունը մերժվել է այն հիմնավորմամբ, որ Երևանում պետպատվերի շրջանակում արտահիվանդանոցային տուբերկուլյոզային բժշկական օգնություն և սպասարկում արդեն իսկ իրականացնում է 9 պոլիկլինիկա»,- ասաց Բաբինյանը:

Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների անդամները դեմ էին, որ դիսպանսերը լուծարվի: ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանին հատկապես դուր չէր եկել այն հիմնավորումը, որով ԱՆ-ից մերժել էին պետպատվերի տրամադրումը:

«Քաղաքապետարանը դիմել է, նախարարությունը մերժել է, ստացվում է, որ դիսպանսերի լուծարումը նախարարության քմահաճույքի արդյունքն է: Այն դեպքում, երբ քաղաքային իշխանության ենթակայության տակ գտնվող Նորք-Մարաշ ԲԿ-ն կատարում է 170 մլն դրամի պետպատվեր, իսկ նախարարությունը «քցոցիով» չի փոխանցել այդ գումարը: Դիմում եմ ավագանուն, որ այս հարցին լուրջ մոտեցում ցուցաբերի»,- ասաց Մանրիկյանը:

Ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավարի մյուս հարցին, թե ի՞նչ է լինելու այն շենքի ճակատագիրը, որտեղ գործում էր հակատուբերկուլյոզային դիսպանսերը, Կամսար Բաբինյանը պատասխանեց, որ այն կօգտագործվի այլ նպատակով՝ կախված առաջարկություններից: Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի կարծիքով էլ՝  սխալ է դիսպանսերի լուծարումը: Նրա խոսքով՝ այն քաղաքացիների համար, որոնք ստիպված են լինելու ստացիոնար բուժում ստանալ, դժվար է լինելու հասնել Աբովյան քաղաքում գտնվող Հանրապետական տուբերկուլյոզային հիվանդանոց:

«Ստացիոնար բուժվող հիվանդների վիճակն ի՞նչ է լինելու: Շատ քաղաքացիների մոտ 200 դրամ տրանսպորտի գումար էր տրվում, որ գնան՝ իրենց դեղերը ստանան: Այս ծախսերն ո՞ւմ վրա են ընկնելու, Աբովյանում կենտրոնացնելը քաղաքացիների վրա ի՞նչ է արժենալու»,- հարցրեց Վարդանյանը:

Կամսար Բաբայանը պատասխանեց, որ ստացիոնար բուժում ստացողներն իրենց բուժումը կշարունակեն Աբովյան քաղաքում, իսկ նրանք, ովքեր միայն դեղամիջոցներ ստանալու համար էին գնում Հակատուբերկուլյոզային դիսպանսեր, այսուհետև դրանք կստանան իրենց տարածքային պոլիկլինիկաներից: Կամսար Բաբայանը նաև ներկայացրեց, որ Հակատուբերկուլյոզային դիսպանսերում աշխատում էր 74 անձ, որից 62-ի հետ աշխատանքային օրենսգրքով լուծվել են աշխատանքային պայմանագրերը նախորդ տարի դեկտեմբերի 30-ին, 12 անձ դեռ աշխատում է: Ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանին հետաքրքրում էր, թե ի՞նչ է եղել այն մարդկանց ճակատագիրը, որոնք արդեն հեռացվել են աշխատանքից, և ինչպե՞ս է դասավորվելու մնացածինը, որոնք լուծարումից հետո կզրկվեն աշխատանքից:

«19 բժիշկ էր աշխատում տուբ. դիսպանսերում, որոնցից 11-ն աշխատանքի են ընդունվել տարբեր բուժհաստատություններում: Միջին բուժանձնակազմից 7-ն են նոր աշխատանք գտել: Մնացածի հետ կապված՝ մեր վարչությունը փորձում է օգնել: Իհարկե, բոլորին չենք կարող ապահովել աշխատանքով»,- ասաց Կամսար Բաբայանը:

Ստացվում է, որ դիսպանսերի՝ գործազուրկ դարձած 62 աշխատակիցներից միայն 18-ն են աշխատանք գտել, ևս 12-ը շուտով կդառնա գործազուրկ: Հռիփսիմե Առաքելյանը նաև նկատեց, որ տուբերկուլյոզով հիվանդների համար նախատեսված են սենյակների չափերի հատուկ չափորոշիչներ, որոնք պոլիկլինիկաներում անհնար կլինի ապահովել:

«Սահմանված չափորոշիչներ կան, թե պալատներն ի՞նչ չափի պետք է լինեն, որևէ մեկը չգիտի՝ այն մարդը, որը ստուգվում է՝ ունի՞ տուբերկուլյոզ, թե՞ ոչ: Պոլիկլինիկաներում կաբինետային պայմաններն ուղղակի աղետալի են»,- ասաց Առաքելյանը:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ դիսպանսերը փակվում է բացառապես ԱՆ ցանկությամբ, ավագանու ԲՀԿ անդամն ասաց.

«Մենք պետք է դիմադրություն ցուցաբերենք ԱՆ այս փոքրիկ կապրիզներին: Մինչև կորոնավիրուսի ի հայտ գալն ԱՆ-ն ցանկանում էր ՁԻԱՀ կենտրոնը միացնել Նորք ինֆեկցիոնին, կարճ ժամանակ անց մենք տեսանք, թե այն ինչքան ֆունկցիոնալ է մեզ համար»,- շարունակեց միտքը Հռիփսիմե Առաքելյանը։

Ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանն էլ առաջարկեց՝ «նախարարության մատուցածները «հալած յուղի» տեղ չընդունել»: Քաղաքապետը ներկայացրեց, որ մինչև այս որոշմանը գալը մեծ աշխատանք է տարվել, իրենք էլ առաջարկով դիմել են Կառավարությանը, որ Հակատուբերկուլյոզային դիսպանսերը դառնա Թոքային պատալոգիաների քաղաքային կենտրոն, սակայն այդ անվանումն արդեն տրվել է Աբովյան քաղաքում գտնվող Հանրապետական տուբերկուլյոզային հիվանդանոցին:

«Գոյություն ունեն լիազորություններ, որոնցից դուրս գալ քաղաքային իշխանությունները չեն կարող, մենք ամեն բան անում ենք, ծեծկռտուքով հարցեր չենք կարող լուծել, մենք հարցերը լուծում ենք օրենքի սահմաններում: Մեր առաջարկը չի անցել, չի ստացվել, այդպես է ստացվել, մենք պետք է գործենք՝ ստեղծված իրավիճակից ելնելով»,- ասաց Մարությանը:

Հարցին, թե՝ իսկ ի՞նչ կլինի, որ ավագանին դեմ քվեարկի լուծարմանը և հրաժարվի փակել դիսպանսերը, Կամսար Բաբայանը պատասխանեց, որ համայնքը ստիպված կլինի իր միջոցներից տրամադրել, որ պահի հիվանդանոցը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս