Իշխանության որոշումներից շատ բան է կախված, բայց վարչապետը դուրս է իրավիճակի համատեքստից, ապրում է իր գծած իրականության, պատկերացումների մեջ և մնացել է 2018թ. ապրիլի սահմաններում. Վահե Հովհաննիսյան

Հայաստանում իրավիճակի օբյեկտիվ գնահատական հնարավոր է, եթե այն հիմնվի երեք առկա գործոնների վրա.

ա/ Իշխանություն,

բ/ Հասարակություն,

գ/ Վիրուս

Սրանք են Հայաստանի մոտակա ապագայի կանխատեսման բանալիները։ Գրել է «Այլընտրանքային նախագծեր խումբ» նախաձեռնությունից Վահե Հովհաննիսյանը՝ «Դժվար կանխատեսվող Հայաստան» խորագրով հրապարակման մեջ: Վահե Հովհաննիսյանի հրապարակումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

Իշխանություն

Որոշումների կայացման լեգիտիմ իրավունքը իշխանությանն է, քայլերի և գործողությունների լծակներն իշխանության ձեռքին են։ Նրանից շատ բան է կախված։

Փորձենք հասկանալ իշխանության «ֆեյսը»։ Վարչապետն ակնհայտորեն դուրս է մնում ընդհանուր իրավիճակային համատեքստից։ Նա ապրում է իր գծած իրականության, իր պատկերացումների մեջ, որոնք մնացել են 2018-ի ապրիլի սահմաններում։ Սա խնդիր է։ Նրա վերջին հրապարակային ելույթներից նախ և առաջ պետք է մտահոգվեն իշխանության ներսում, քանի որ հնչեցին և ձևակերպվեցին այնպիսի ուղերձներ, որոնց լրիվ հակառակն էր պետք անել ստեղծված համաշխարհային և հայաստանյան օբյեկտիվ իրականության մեջ։ Վստահ եմ՝ իշխանության մեջ սա հասկանում են, տեսնում են, որ վարչապետը դուրս է մնում պրոցեսների ընդհանուր տրամաբանությունից։ Սա կառավարման տեսակետից իսկապես լուրջ խնդիրներ կարող է առաջացնել, էապես ազդել օպերատիվ կառավարման որակի վրա։

Առողջապահության նախարարը ճակատագրի բերումով դարձավ սուպերնախարար։ Նա շատ լավ հասկանում է իր վիճակը, և դրանով է պայմանավորված այն մասնագիտական զգուշավորությունը, որը պարբերաբար բերում է վարչապետի հետ հրապարակային հակադրման։ Հենց Փաշինյանը խոսում է ուրախ լուրերի, լավատեսական սցենարների մասին, նախարար Թորոսյանը, դա չնկատելու տալով, ներկայացնում է լրիվ հակառակ պատկերը։ Սկսած ապրիլի 6-ին Փաշինյանի լավատեսական լայվից մինչև այս պահը։

Նախարար Թորոսյանը բաց խոսում է հետագա սցենարների, հնարավոր պիկերի, հիվանդանոցային տեղերի հնարավոր սակավության մասին։ Որպես երկրի «գլխավոր բժիշկ»՝ նա ճիշտ է անում, նվազագույնը՝ անում է այն, ինչ պետք է անի։ Իսկ որպես քաղաքական թիմի անդամ՝ շատ լավ հասկանում է, որ ծանր ցուցանիշների դեպքում թիմի ղեկավարը մատնանշելու է հենց իրեն։

Բայց այստեղ կա մի խնդիր, որը բոլորիս է վերաբերում. խախտվել է միասնական տեղեկատվության և իշխանությունից միասնական մեսիջների կարևորագույն ինստիտուտը։ Հասարակությունը երկրի վարչապետից և առողջապահության նախարարից տարբեր տրամադրություններ է ստանում, հետևաբար՝ տարբեր սպասումներ։

Պարետ, փոխվարչապետ Ավինյանը, ունենալով օպերատիվ կառավարման էական լծակներ, դրանց ճնշող մեծամասնությունից, ըստ էության, հրաժարվել է։ Դրա ամենախոսուն ապացույցը արտակարգ դրության պահպանման ընթացիկ ձևն է։ Մենք բոլորս ձևացնում ենք, թե Երևանում արտակարգ դրություն է։ Ինչ վերաբերում է «լոքդաունի» թուլացմանը, ապա դա քաղաքական որոշում է, որը, բոլորս հասկանում ենք, պարետը չի, որ կայացնելու է։ Բայց պարետը հասկանում է նաև, որ իրավիճակի վատացման դեպքում սլաքներն ուղղվելու են իր դեմ, թեկուզ՝ անարդարացիորեն։

Հասարակություն

Հայաստանյան հասարակությունը խիստ բազմաշերտ է՝ տարբեր գիտակցական աստիճանով, պետության ընկալման մակարդակով, կրթվածությամբ և այլն։

«Մնա տանը» կարգախոսը պահպանում է առավելապես կրթված շերտը. թե բնակչության կոնկրետ քանի՛ տոկոսն է դա կազմում, դժվար է ասել, բայց բովանդակային առումով հաստատ այդպես է։ Ուղերձները, երգերը, կլիպերը, ֆլեշմոբերը. այդ ամենը լավ է, բայց դրա շահառուն նույն բարձր գիտակցությամբ խավն է, որը և մնում է տանը։

Մեր հասարակության ներսում կան նաև բոլորովին այլ շերտեր, որոնց հետ հաղորդակցությունը շատ ավելի բարդ է. թե քանի՛ տոկոսն են նրանք կազմում, դարձյալ դժվար է ասել, բայց հաստատ նրանց քանակը բավարար է՝ տանը մնացածների ջանքերը զրոյացնելու համար։ Այդ շերտը չի պահպանում որևէ սանիտարական նորմ, սոցիալական հեռավորություն, չիկարելիների ոչ մի նորմ։ Դու չես կարող անկալել, որ նրանք քո հետևից 5 հոգով չեն ներխուժի նեղ վերելակ, խանութում կպահպանեն հեռավորություն, հազալուց բերանը կփակեն և այլն։ Սա դեռ միայն Երևանի հանրային վայրերում։ Իսկ թե ինչ է կատարվում տներում՝ ընդհատակյա խնջույքների, ծեսերի, տոնախմբությունների ու պարզապես ամենօրյա շփման ժանրում, կարելի է միայն ենթադրել։ Ի՚՞նչ է կատարվում բակերում, տաղավարներում, գյուղերում, գյուղամեջերում, աշխատավայրերում, այլուր։

«Չկա տենց վիրուս, լրիվ հորինած ա, փող աշխատելու համար ա, չիպ դնելու համար ա, մեզ չի կպնի…» և այլ «գաղափարներ» ունեն իրենց կրողների, տարածողների՝ ռեալ և շատ ակտիվ սոցիալական շերտը։

Բանալին՝ իշխանություն-հասարակություն համակարգում

Մի կողմից՝ իշխանությունը չունի միասնական ռազմավարություն՝ իրավիճակը հսկողության տակ պահելու, կառավարելու, լավացնելու, լոքդաունը թուլացնելու համար։

Մյուս կողմից՝ հասարակությունն իր ամբողջության մեջ չունի հասունության այն աստիճանը, որը թույլ կտար կոչերի, զգուշացումների պարագայում ակնկալել համապատասխան վարքագիծ։ Մենք գերմանական, ավստրիական, կորեական, ճապոնական, սկանդինավյան հասարակություն չենք։ Այնուամենայնիվ, մենք նաև Հնդկաստան չենք, որտեղ ոստիկանը փայտերով ծեծում-տուն է քշում մարդկանց։ Ի՞նչ անել։

Միտումն էլ այնպիսին է, որ մարդիկ մեկուսացումից հոգնել են, եղանակների տաքացման ֆոնին ավելի են հակված լինելու անտեսել սահմանափակումները։ Սա առաջիկա օրերի, շաբաթների խնդիր է, որին մենք առերեսվելու ենք։

Այստեղ է, որ իշխանությունը պետք է ներկայացնի իրավիճակը կառավարելի դարձնելու՝ իր ծրագիրը։ Հասարակության՝ սահմանափակումներն անտեսող մասին սա չի հետաքրքրում։ Իսկ ավելի պատասխանատու և ռացիոնալ հատվածը նկատում է իշխանության մոտ ռազմավարության բացակայությունը։

Երբ առողջապահության նախարարը խոսում է կոնկրետ ժամկետներում հիվանդների թվի կրկնապատկման և այլ հնարավոր սցենարների մասին, իսկ վարչապետը՝ լոքդաունի թուլացման, ապա մտածող մարդկանց մոտ օբյեկտիվ հարցեր են առաջանում։ Սրան ավելացրած, որ պարետը, առնվազն դրսի մարդկանց անտեսանելի պատճառներով, լռում է։

Արտակարգ դրության վերջին ամիսը մենք արդյունավետ կերպով չենք օգտագործել։ Մենք գնացել ենք իբր «արտակարգ դրություն» ունենալու ճանապարհով, որը մի կողմից՝ կանգնեցրեց տնտեսությունը, բայց մյուս կողմից՝ լիարժեք չսահմանափակեց վարակի տարածումը։ Եթե հույսը հասարակության որակի վրա էր, ապա սխալվեցինք, բայց իշխանությունը համարժեք չեղավ իրականությանը։ Հեղափոխական ռոմանտի՞զմը խանգարեց, թե՞ պարզապես անփորձությունը, թե՞ երկուսը միասին։ Խանգարեց գուցե նաև այլ՝ հին օրակարգից մնացած հարցերով պետական մեքենայի որոշ օղակների զբաղված պահելը՝ ոստիկանական, քննչական, դատական «միջոցառումներ» և այլն, որոնք թուլացնում են համակարգի աշխատունակությունը նման լարված շրջաններում։

Այս պայմաններում լոքդաունի թուլացման գնալն ամենայն հավանակությամբ կնշանակի հիվանդացության կտրուկ աճ՝ շատ անկանխատեսելի սցենարներով։ Չգնալով թուլացման՝ ունենալու ենք, բառիս բուն, իմաստով հացի խնդիր։ Մարդիկ ապրելու միջոցներ չեն ունենալու։ Թվում է՝ փակուղի է։

Հաղթահարել փակուղին

Պետության փակուղի հասկացություն չկա։ Կան լավ ու վատ ելքեր։ Պետք է հնարավորինս փնտրել լավերը։ Դրանք երկու հարթության մեջ են՝ քաղաքական և տեխնիկական։

Մի շարք մարդիկ, կազմակերպություններ բաց, հրապարակային առաջարկներ են անում, խորհուրդներ տալիս, փորձում են օգտակար լինել՝ իշխանություններին, պետությանը։ Դրանց մի մասը բարձրակարգ խորհուրդներ են, որոնցից կառավարությունը և պարետատունը պարբերաբար օգտվում են՝ առանց բարձրաձայնելու։

Դրա դիմաց այդ մարդիկ վարչապետ Փաշինյանից ստանում են հրապարակային մեղադրանքներ, վիրավորանքներ, սպառնալիքներ։ Փակուղուց դուրս գալու առաջին քայլն այստեղ է. իշխանության մեջ գտնվող և կոնկրետ պատասխանատվություն կրող անձանց մի խումբ պետք է մտնի Փաշինյանի աշխատասենյակ ու պահանջի դադարեցնել այդ գործելաոճը։ Հարցը պետք է դնել շատ կոշտ։ Պետք է ցույց տան, որ գիտակցում են, որ հակառակ դեպքում իրենք նույնպես կրելու են ծանր, նաև՝ անձնական պատասխանատվություն, երբ հիվանդների թիվը կտրուկ աճի, ունենանք անկառավարելի վիճակ, իսկ տնտեսական ճգնաժամը երևա իր ողջ ուժով։

Հաջորդ խումբ քայլերը տեխնիկական են.

1. Կտրուկ մեծացնել թեստավորումների քանակը։ Եթե չկա, պետք է միջազգային օգնություն խնդրել։ Անհապաղ իրականացնել ողջ բուժանձնակազմի թեստավորում։ Ամենայն հավանակությամբ՝ բուժաշխատողները դառնում են վարակի մեծ աղբյուր։ Չգիտենք՝ այսօր օրական 3-4 հազար թեստ անելու դեպքում ի՛նչ ցուցանիշներ կունենանք, ի՛նչ իրականության կառերեսվենք։

2. Արագ պետք է գնալ այլ պետություններում կիրառվող թեստավորման մոդելներով։ Օրինակ՝ ընտրանքային թեստավորման։ Մենք որոշումներ կայացնելուց առաջ պետք է տիրապետենք օբյեկտիվ վիճակին։ Հակառակ դեպքում պետական որոշումները կնմանվեն մեծ վիճակախաղի։

3. Միառժամանակ հրաժարվել «լոքդաունը» թուլացնելու գաղափարից:

4. Գնալ ոլորտային, ճյուղային կարանտինի ճանապարհով:

5. Խստացնել արտակարգ դրության պահպանման ռեժիմը։ Այն շերտին, որը չի հասկանում, չի գիտակցում, պետք է պարզապես պարտադրել։

6. Ավելացնել մեկուսացման հնարավորությունները։ Հասարակության մտածելակերպը և բնակարանային պայմանները մեծ մասամբ թույլ չեն տալու լիարժեք տնային մեկուսացում ապահովել հիվանդների համար։ Վտանգը, որ կունենանք անկառավարելի աճ, շատ մեծ է։

7. Երկրում մթնոլորտի էական փոփոխությամբ սկսել համատեղ պայքար՝ ընդդեմ համաճարակի և առաջիկա սոցիալական, տնտեսական կոլապսի։ Եկել ենք մի հանգրվանի, երբ իշխանությունը պետք է սկսի որոշումներ կայացնել, քանի որ ֆասադային փիար ակցիաները շատ շուտով դառնալու են անզոր։

Շարունակելի

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Տեսանյութեր

Լրահոս