Մորթելու կոչ անողը մինչև հիմա պաշտոնավարում է. արձագանք լինելո՞ւ է, թե՞ ոչ. Զոհրաբյան
Օրերս Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի դպրոցի դաստիարակչական գծով նախկին տնօրեն, ներկայում՝ փոխտնօրեն Աշոտ Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ էր արել վարչապետ Նիկոլ Փաշինյանի «հրաժարականը պահանջողներին փող տալ, իրենց ու իրենց ընտանիքն առնել ու մորթել»։
Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նիստին ներկա Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին հարց ուղղեց Աշոտ Հոխիկյանի գրառման վերաբերյալ.
«Հիմա որևէ արձագանք լինելո՞ւ է, թե՞ ոչ։ Այդ մարդը շարունակելու է պաշտոնավարել։ Նա մինչև հիմա շարունակում է պաշտոնավարել՝ որպես դաստիարակչական գծով փոխտնօրեն»:
Ըստ Զոհրաբյանի՝ եթե նման դեպքերում չի լինում անհրաժեշտ արձագանք, նշանակում է՝ ունենք մեռելածին օրենքներ:
Զոհրաբյանի բարձրացրած խնդրի վերաբերյալ Արման Թաթոյանը նկատեց, որ վիճակը մտահոգիչ է, հատկապես մեծ է կեղծ օգտատերերից, կեղծ խմբերից եկող ագրեսիան:
«Գրեթե չկա առողջ քննարկում որևէ հարցի վերաբերյալ: Անգամ, եթե երկու տեսակետ է քննարկվում, մի խումբը հայհոյում, վիրավորում է մյուս խմբին, վերջիններն էլ վիրավորում են էն մյուս խմբին: Քաղաքացիներին խնդրում եմ, որ չներքաշվեն նման քննարկումների մեջ, դա վտանգավոր է նրանով, որ կարող է իրական կյանք տեղափոխվել: Մենք ունեցանք այդպիսի դեպք, երբ մի քաղաքացի ծաղրող տեսանյութ էր հրապարակել մի կնոջ հետ կապված: Կնոջ ազգականներն էլ պայմանավորվել էին, գնացել էին հաշիվ մաքրելու և բռնություն էին գործադրել: Պատասխանատվության ենթարկելու համար կա պետություն, իսկ ինքնադատաստանը շատ վտանգավոր երևույթ է, որը չպետք է թույլ տանք կյանքում»,- ասաց Թաթոյանը: