Ռուս-ադրբեջանական համագործակցությունը ԼՂ կարգավորման գործընթացում խորանո՞ւմ է

Ղարաբաղյան կարգավորման գործընթացի բանակցային օրակարգի վերաբերյալ ՀՀ-ՌԴ-Ադրբեջան հակասությունները չեն դադարում: Ավելին՝ նորանոր հարցեր ու հակասություններ են ի հայտ գալիս։ Ուշագրավն այն է, որ օրերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ հայաստանյան լսարանի համար ոչ այնքան «հաճելի» հայտարարություններից և հայկական կողմի պարզաբանումներից հետո, ռուսական կողմը ՌԴ ԱԳՆ-ի մակարդակով շարունակում է մեկնաբանություններ տալ ադրբեջանական ԶԼՄ-ներին այն դեպքում, երբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի փուլային կարգավորման փաստաթղթերի մասին դիտարկումներն ավելի շատ հարցեր էին առաջացրել հայաստանյան հանրության և քաղաքական շրջանակների մոտ՝ լինելով բացահայտ ադրբեջանահաճո և ադրբեջանամետ դիտարկումներ։

Նշենք, որ ՀՀ ԱԳՆ-ի պարզաբանումներից հետո 168am-ն անմիջապես կապ  է հաստատել ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցչի, մասնավորապես, Մարիա Զախարովայի հետ, գրավոր տարբերակով հարցեր ուղղել տվյալ թեմայի վերաբերյալ, սակայն անտեսելով հայկական կողմի մտահոգությունները, որոնք արտահայտված էին մեր ուղարկած հարցերում ևս, ռուսական կողմը պատասխանում է միանգամից մի քանի ադրբեջանական ԶԼՄ-ների հարցերի՝ չպատասխանելով նույն ժամանակահատվածում ուղարկված մեր հարցերին։

Պատասխանելով ադրբեջանական «Թրենդ» գործակալության հարցմանը՝ ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր`  ՌԴ ԱԳՆ դիրքորոշումը բազմիցս ներկայացվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի բարձրագույն ղեկավարության համատեղ հայտարարություններում:

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի, դրա հիմքում ընկած են հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքները, ներառյալ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի սկզբունքները:

«Այդ հայտարարություններում պարունակվող կարգավորման տարրերի թվում են Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող տարածքների վերադարձը, ինչպես նաև բնակչության կամարտահայտության միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը»,- ասված է ՌԴ ԱԳՆ պարզաբանման տեքստում։

«Ինչ վերաբերում է փաստաթղթերին և առաջարկություններին, որոնք քննարկվել և քննարկվում են, ապա Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դրանք թվարկել է»,- ասել են ՌԴ արտաքին քաղաքականության գերատեսչությունում, չնայած այն բանին, որ հայկական կողմը հերքել էր փաստաթղթերի առկայությունը:

Հետաքրքրական է նաև այն հանգամանքը, որ պաշտոնական Մոսկվան հավելել է, թե ղարաբաղյան կարգավորման թեման բավականին նուրբ է, և այն հանրային քննարկումների ոլորտ փոխադրելն արդյունավետ չէ այն դեպքում, երբ ամիսներ առաջ՝ հունվարի 31-ին, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարություն էին տարածել՝ վերահաստատելով հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ կողմերին աջակցելու և կարգավորման գործընթացի կոնֆիդենցիալության սկզբունքի հանդեպ իրենց լիակատար հանձնառությունը, և այդ սկզբունքը խախտում է, փաստորեն, հենց Ռուսաստանը։

«Ելնում ենք նրանից, որ կարգավորման հարցերը պետք է դիտարկել բանակցությունների ընթացքում ստեղծված ձևաչափի շրջանակներում: Այս թեմայով խորհրդակցությունները շարունակվում են, ինչի մասին, մասնավորապես, վկայում է ապրիլի 21-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` համանախագահների մասնակցությամբ կայացած հեռակոնֆերանսը»,- այսպես են պատասխանել ադրբեջանական «Թրենդին» Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից:

ՌԴ ԱԳՆ-ից նույնաբովանդակ պատասխաններ են տվել «ԱՊԱ» գործակալության հարցերին ի պատասխան։ Ռուսաստանի առաջադրած օրակարգի շրջանակում հարմար տեղավորվել է ադրբեջանական կողմը, որն այս օրերին տարբեր պաշտոնյաների և գերատեսչությունների մակարդակով հայկական կողմին փորձում է կոչ անել հանրությանը խաղաղության նախապատրաստել և չթաքցնել իրականությունը։

Ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը 168․am-ի հետ զրույցում  ստեղծված իրավիճակը մեկնաբանեց հայ-ռուսական երկկողմ հարաբերություններում առկա որոշակի տարաձայնությունների տիրույթում՝ հերքելով տպավորությունը, թե ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ռուս-ադրբեջանական սերտ համագործակցություն է նկատվում։

Նրա խոսքով՝ կարող է լինել և լարվածության գործոնը, ինչպես նաև պատահականության, քանի որ ՌԴ ԱԳ նախարարը ժամանակ առ ժամանակ խոսել  է, որ կան փաստաթղթեր։

«Երբ  հարաբերությունները ոչ բոլոր ոլորտներում են հարթ առաջ ընթանում, գլուխ են բարձրանում որոշ խնդիրներ նաև այլ հարցերում, կամ արտահայտվում են թվացյալ խնդիրներ։ Թեև այս ամենում որևէ մեկ կողմի համար նորություն չկա, որևէ մեկի համար անակնկալ չէ, որ բանակցային սեղանին եղել են փաստաթղթեր, նույնն է ասում նաև ռուսական կողմը, հայտնի է նաև, որ այս փաստաթղթերը լիովին ընդունելի չեն հայկական կողմի համար, քանի որ  խոսքը փուլային կարգավորման մասին է,  հայկական կողմը նկատի ունի փուլային-փաթեթային կարգավորում, ինչն իր հերթին՝ մյուս կողմի շահերից չի բխում։

Բնականաբար, չենք կարող ասել, որ երկկողմ հարաբերությունների վայրիվերումները չեն անդրադառնում կարգավորման գործընթացի վրա, նման դրվագներ լինում են, բնականաբար, նման դեպքերում դրանցից փորձում են օգտվել հակառակորդ կողմերը։ Բայց ես, այնուամենայնիվ, այն համոզմանն եմ, որ ռազմավարական հարաբերություններն այլ խորություն ու մակարդակ ունեն, և եթե այսօր կա խնդիր, այն կլուծվի»,- ասաց Եվսեևը։

Անդրադառնալով այս հայտարարություններից հետո պատերազմի սպառնալիք պարունակող մեկնաբանությունների աճին՝ Եվսեևն ասաց, որ հայտարարելը մի բան է, իրականացնելը՝ այլ։

«Տեսականորեն հնարավոր է ցանկացած սցենար, ցանկացած պարագայում, բայց քանի դեռ կա ռազմական հավասարակշռություն, երկարատև ռազմական գործողությունների հավանականությունը քիչ է»,- ասաց Եվսեևը։

Տեսանյութեր

Լրահոս