Վարդան Պետրոսյանը թատերասերներին առաջարկել է Ցեղասպանության տարելիցին դիտել «Վերելք» ներկայացումը
Դերասան, սցենարիստ Վարդան Պետրոսյանը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին թատերասերներին առաջարկում է դիտել իր «Վերելք» ներկայացման հեռուստատեսային տարբերակը:
Պետրոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է, որ ներկայացումը բեմադրվել և խաղացվել է առաջին անգամ 2005 թվականին Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում:
«Մի շարք տեսարաններ, որ շատ թատերային էին ու բեմական, ցավոք, հեռուստատեսային տարբերակում կորցրին իրենց ուժն ու իմաստը և այդ պատճառով հանվեցին։ Ներկայացումը թատրոնում դիտած մարդիկ կհիշեն, որ բեմում կային քառասուն մասնակից և կենդանի նվագախումբ։
Անպայման ուզում եմ երախտագիտությամբ հիշել գործարար Հրանտ Վարդանյանին, որ միանգամայն անշահախնդիր հովանավորեց այս աշխատանքը՝ փակելով ներկայացման բոլոր նախնական ծախսերը: Ներկայացումը մոտ հինգ ամիս անդադար խաղացվեց և ունեցավ տասնյակ հազարավոր հանդիսատես: Ըստ պատմաբանների, թատերագետների, գիտնականների՝ այն մեծ ազդեցություն ունեցավ հայ հասարակական մտքի վրա»,-գրել է Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ շատ ծնողներ են վկայել, որ երեխաները ներկայացումը դիտելուց հետո, թափել են իրենց ռաբիս, արաբաթուրքական ձայնասկավառակները, գնացել, Կոմիտասի մասին գրքեր են առել:
Ներկայացման բեմադրիչը Անի Համելն է, նվագախումբը ղեկավարում են Մարտին Վարդազարյանն ու Երվանդ Երզնկյանը, բեմադրության տնօրենը Աշխեն Պետրոսյանն է: «Բեմում մեր հրաշալի դերասաններն են, որ մինչև վերջ նվիրված տրված էին խաղի տարերքին»,-շեշտել է արտիստը՝ բարի դիտում մաղթելով բոլորին: