«Ադրբեջանի համար Լավրովի հայտարարությունը կանաչ լույս էր»․ Կարեն Հովհաննիսյան

«Թուրքիայում ապրիլի 23-ին նշվում էր երեխաների պաշտպանության օրը, և ապրիլի 24-ին էլ հիմնական շեշտը հենց դրա վրա էին դրել։ Բայց ապրիլի 24-ին չէին շրջանցել նաև հայերի Ցեղասպանության դեպքերը։ Թուրքական մեդիա տիրույթը կարծես 2 մասի էր բաժանվել․ մի մասը 1915-1920թթ․ վավերագրություններն էր առաջ բերում և փորձում հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել, արդյոք Ցեղասպանությո՞ւն է, տեղահանությո՞ւն, թե՞ դավաճանություն է  եղել։ Իսկ իշխանական մասը, ինչպես միշտ, փորձում էր հանրությանը ներկայացնել, որ իրականում հայերը դավաճանել են, իրենք եղել են 2 կրակի արանքում, այսինքն՝ թշնամին և՛ ներսում է եղել, և՛ դրսում, ստիպված տեղահանել են հայերին, որպեսզի կարողանան պայքարել արտաքին թշնամու դեմ»,- 168am-ի հետ զրույցում ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։

Իսկ սոցցանցերում, ըստ նրա՝ շատ ավելի ահավոր վիճակ էր․ «Ի տարբերություն սոցցանցերի մեր որոշ օգտատերերի, ես այնտեղ այդպես էլ չտեսա բարեկամության մասին որևէ ակնարկ։ Իրենք ոչ միայն ռազմատենչ հայտարարություններ էին տարածում, այլ նաև ասում էին, որ, եթե «Գորշ գայլերն» այն ժամանակ լինեին այնպիսին, ինչպիսին հիմա են, նույնիսկ այդ հայերն էլ չէին լինի, որ այսօր խոսեն 1,5 մլն կոտորված հայերի մասին։ Հեշթեգով նման միտք էր տարածվում իրենց սոցցանցերում։ Նեգատիվությունը հենց սոցցանցերից զգացվում էր»։

Փորձագետի խոսքով՝ իրավիճակն ավելի սարսափելի էր ադրբեջանցի օգտատերերի շրջանում․

«Ադրբեջանցիները գերազանցել էին թուրքերին, որովհետև եթե թուրքերը մեկ չափաբաժնով էին մեզ ատում, ապա ադրբեջանցիները երկու և ավելի չափաբաժիններով էին այդ ատելության խոսքն իրենց տիրույթում տարածում։ Ընդ որում՝ տարածում էին ապրիլյան պատերազմի այն կադրեր, որտեղ ադրբեջանցիները մտնում են մեր դիրքեր, սպանված մեր տղաները գետնին ընկած էին, իրենք տրորելով՝ անցնում են մեր տղաների մարմինների վրայով, և ասում էին, որ ա՜յ, այսպես ենք կոտորել ու կկոտորենք»։

Կարեն Հովաննիսյանը նկատեց՝ ակնկալելի է, որ Ադրբեջանն առաջիկայում ակտիվանալու է սահմանին և շփման գծում, որովհետև, ըստ նրա՝ Ադրբեջանն այս պահին այլ ճանապարհ չունի․

«Ադրբեջանի միակ ճանապարհն այս պահի դրությամբ սահմանին ակնհայտ լարվածություն ստեղծելն ու դրանք իրականացնելն է։ Ադրբեջանի համար Լավրովի հայտարարությունը կարծես թե կանաչ լույս էր՝ արտաքին քաղաքական առումով, իսկ ներքին քաղաքական առումով Ադրբեջանի իշխանությունն ունի բոլոր նախապայմանները, որպեսզի ներքին քաղաքական լարվածությունն անհապաղ տեղափոխի սահման։ Հիմա էլ կա այդ լարվածությունը, բայց դա կարող է ավելի ուժեղանալ։ Սրա մասին է խոսում այն միֆը, որ նրանք տարածում են, թե իբր Ադրբեջանում ընթանում են լայնածավալ զորավարժություններ, չնայած՝ այդպիսի բան իրականում չկա։ Նրանք փորձում են իրենց հասարակությանը չկտրել ռազմական գործոնից։ Քանի որ ադրբեջանական հասարակությանն այս պահին այլևս չի հետաքրքրում, թե ինչ է կատարվում սահմանին, իրենց հետաքրքրում է կորոնավիրուսի հետ կապված՝ ոսցիալական վիճակը, և Ադրբեջանը փորձելու է ակնհայտորեն լարվածություն մտցնել սահմանին»։

Հարցին՝ հայկական կողմից ասում են, որ որևէ փաստաթուղթ չկա, բայց Լավրովն ասաց, որ կա փաստաթուղթ, ավելին՝ նշեց, որ փուլային տարբերակն է քննարկվում․ իր համար հասկանալի՞ է, թե ինչով են պայմանավորված այս հակասական հայտարարությունները, և ի, վերջո, կա՞ որևէ փաստաթուղթ, Կարեն Հովհաննիսյանը պատասխանեց․

«Երբ ՀՀ ԱԳ նախարարը պատասխանում էր Լավրովի հայտարարությանը, ասաց՝ իմ գործընկերներն իրենց տեսակետն են հայտնել, ես էլ իմ տեսակետն եմ հայտնում։ Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ որևէ փաստաթուղթ չկա դրված քննարկման, բայց կան փաստաթղթեր, որոնք քննարկվել են։ Այս ենթատեքստից ելնելով է Լավրովն արել այդ հայտարարությունը։ Ընդ որում՝ Լավրովի հայտարարությունը պատահական չէր, և դա ուներ իր նպատակը, քանի որ կարծես թե Հայաստանի վրա ազդելու ներքին մեխանիզմները բացակայում են, փորձում են արդեն այս մեխանիզմով ազդել Հայաստանի վրա։

Այսինքն՝ ինչ-որ բան էր, ասացինք, գցեցինք մեդիադաշտ, թող հայերը քննարկեն, իշխանությանը դեմ կամ կողմ գնան։

Մյուս կողմից էլ՝ սա շատ ձեռնտու էր Ադրբեջանին թե՛ ներքին քաղաքական դաշտում օգտագործելու համար, և թե՛ արտաքին դաշտում օգտագործելու համար։ Ընդ որում՝ եթե այս հայտարարությունը չկա, գոյություն չունի էլ, մեզ համար լավ դիրքեր չի կառուցում»։

Տեսանյութեր

Լրահոս