Բաժիններ՝

«Իմ բազմամյա փորձը թույլ է տալիս ասել, որ եղանակային այս պայմանները ոչ թե լավ, այլ նույնիսկ շատ լավ են գյուղատնտեսության համար»․ Աշոտ Հարությունյան

Հարցազրույց գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանի հետ

– Պարոն Հարությունյան, վերջին օրերի եղանակային պայմանները՝ առատ տեղումներ, որոշ տեղերում՝ նույնիսկ ձյան տեսքով, գյուղատնտեսության ոլորտի վրա բացասական ազդեցություն կունենա՞։

– Տարբեր տարածաշրջանների համար այս տեղումները, բնական է, տարբեր ազդեցություն կունենան։ Բարձր գոտիներում տեղումները նորմալ են, լավ են՝ ջրի պաշարների, բուսական ծածկի, խոտաբույսերի աճի համար, հողում խոնավության կուտակման համար։ Այն գոտիներում, որտեղ հասցրել են կատարել գարնանացանի աշխատանքները, հիմնականում՝ գարնանացան գարի կամ բազմամյա խոստաբույսեր, արտակարգ ազդեցություն կունենա՝ բավականին լավ, խոնավ պայմաններ, նորմալ կսկսի ծլել։ Իսկ ընդհանուր առմամբ՝ Հայաստանի կտրվածքով ոչ միայն գյուղատնտեսության առումով պետք է նայել հարցին, այլև ամեն, ունենք աղբյուրներ, որոնք ցամաքել էին տեղումների պակասից, մենք անտառներում լուրջ խնդիրներ ունենք՝ խոնավության հետ կապված, և իմ մոտեցումն այն է, որ սա նույնիսկ շատ լավ է։

– Այսինքն՝ համաձայն եք այն մասնագետների հետ, ովքեր ասում են, թե այս եղանակային պայմանները նույնիսկ շատ լավ են գյուղատնտեսության համար։

– Այո։ Իսկ ինչ վերաբերում է տեղումների հետևանքով ծիրանի բերքի հետ կապված ծակոտկեն պտավորությանը, պետք է հորդորել մարդկանց, որ տեղումների դադարից հետո համապատասխան մասնագետները պղնձային պրեպարատներով համապատասխան միջոցառումներ ձեռնարկեն, որպեսզի կարողանան այդ ամենը հունի մեջ դնել։ Իմ բազմամյա փորձը թույլ է տալիս ասել, որ եղանակային այս պայմանները ոչ թե լավ, այլ նույնիսկ շատ լավ են։ Որոշ տեղերում գուցե աշխատանքները հետ ընկնեն, բայց դա մեծ խնդիր չէ, հետո արևոտ օրեր կլինեն, կհասցնեն այդ աշխատանքները կատարել։

– Եթե տեղումները շարունակվեն, այն շրջաններում, որտեղ սերմնացան է եղել, գերխոնավությունից փչացման վտանգ կա՞, թե՞ ոչ

– Մենք այս պահին գերխոնավություն ոչ մի տեղ չունենք։ Մենք ունեցել ենք ձմեռ, երբ տեղումները պակաս են եղել, Արարատյան դաշտում գարնանը հողից փոշի էր բարձրանում խոնավության խիստ պակասից։ Դեռ այնքան տեղումներ չենք ունեցել, որ գերխոնավության մասին մտածենք։ Որոշ տեղերում, կարտոֆիլի ցանքերի հետ կապված, գուցե մտավախություն ունենան, որ ցանվել է, նեխման պրոցես գնա, չեմ կարծում՝ դեռ դրան գնա։ Ժամանակ առ ժամանակ արևը դուրս է գալիս, լավատես լինենք, չեմ կարծում՝ վատ հետևանք ունենա։

– Քանի որ շուտով սկսվում է ծիրանի սեզոնը, ըստ որոշ մասնագետների՝ արտահանման և իրացման խնդիր ենք ունենալու, և առաջարկում են, օրինակ՝ սպիրտի արտադրության մեջ ծիրանն օգտագործել և դա արտահանել, քանի որ աշխարհում հիմա սպիրտի պահանջարկը շատ մեծ է։  Դուք դրա վերաբերյալ ի՞նչ կարծիք ունեք։

– Տեսեք՝ ծիրանը խաղողի և այլ պտղատեսակների համեմատ՝ ավելի քիչ սպիրտային ել ունի։ Այն շատ համեղ է, օգտակար է, բայց ընկերությունները ծիրանից սպիրտ արտադրելուն պատրաստ չեն լինի, բայց ամեն դեպքում՝ ովքեր խելոք են, կզգան, որ շուկայում կա դրա անհրաժեշտությունը, իրենք կանեն։ Մեր ծիրանը՝ որպես բրենդ, միշտ արտահանվել է, և այդ ուղղությամբ պետք է աշխատանք տարվի։ Մենք ունենք համավարակի հետ կապված բավականին լուրջ խնդիր՝ ճանապարհների և իրացման առումով։ Հիշո՞ւմ եք՝ երբ Մոսկվայի մարզում անտառային հրդեհներ էին բռնկվել, այդ ժամանակ քաղաքացիները հիմնականում տնից դուրս չէին գալիս, և ծիրանը շուկայում նորմալ չէր իրացվում։

Գուցե հիմա պայմանագրերը փոխվել են, սուպերմարկետների, հիպերմարկետների հետ ունենան պայմանագիր, ուղղակի ճանապարհի խնդիրն է, բացի այդ՝ ծիրանի փոխադրողունակությունը՝ ի տարբերություն այլ պտղատեսակների, ցածր է։ Պետք է բոլոր տեսանկյուններից ուշադրություն դարձնել, ճիշտ վերլուծություն կատարել, որ ճիշտ քայլեր արվեն։

– Շատ է խոսվում այն մասին, որ արտագնա աշխատանքի չմեկնած քաղաքացիները զբաղվում են հողի մշակմամբ, և բերքն այս տարի շատ կլինի, ունենալու ենք իրացման խնդիր։ Կլինի՞ նման բան, թե՞ ոչ, և ի՞նչ քայլեր պետք է արվեն, եթե իրացման խնդիր, այնուամենայնիվ, ունենանք։

– Նախ՝ արտագնա աշխատողների հողերը, այնպես չէ, որ չէին մշակվում։ Իրենք գնում էին աշխատանքի, տնեցիները մշակում էին, գուցե տոկոսային առումով որոշակի ավելացում լինի, բայց դեռևս վաղ է, որ մտածենք մթերման խնդիրների մասին։ Մթերման խնդիրները միշտ եղել են, ուղղակի հաշվի առնելով այս համավարակի խնդիրը՝ պետք է իրացման երկրորդ տարբերակը մտածել՝ եթե այսպես չստացվի՝ գոնե ինչ կարող ենք անել։ Այդ «գոնե» տարբերակի վրա գերատեսչությունները պետք է լուրջ աշխատանք տանեն, վերլուծեն և գնահատեն ռիսկերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս