Վարչական դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ ՔԿԾ-ի

Վարչական դատարանը՝ դատավոր Ռաֆիկ Խանդոյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության:

Հայցով պահանջվում է պարտավորեցնել ԱՆ քրեակատարողական ծառայությանը դադարեցնել անազատության մեջ պահել Ռոբերտ Քոչարյանին՝ մինչև կորոնավիրուսով պայմանավորված համավարակի տարածման վտանգի ամբողջական վերացումը, առնվազն մինչև ՀՀ բոլոր քաղաքացիների նկատմամբ կիրառված տեղաշարժի սահմանափակման դադարեցումը: Հայցադիմում ներառված է նաև  մինչև  նշված ժամկետի ավարտը բացառել Ռոբերտ Քոչարյանին որևէ քրեակատարողական հիմնարկում պահելը:

Նախնական դատական նիստը նշանակված է մայիսի 13-ին:

Հիշեցնենք, որ մինչև հայցը վարույթ ընդունելը դատարանը երկու անգամ այն վերադարձրել էր հայցվոր կողմին: Նմանատիպ մեկ այլ՝ քաղաքացիական հայցով Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը դիմել էր նաև Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ դատավոր Գոռ Թորոսյանի որոշմամբ հայցը վարույթ չէր ընդունվել՝ քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չլինելու հիմքով:

168.am-ի հետ զրույցում Արամ Օրբելյանն ասաց, որ որոշում է կայացվել չբողոքարկել Ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:

«Վարչական դատարանում գործընթացի ընթացքին զուգահեռ՝ արդեն կհասկանանք՝ հետագա գործողությունների հետ կապված ինչ ենք անելու»,- ասաց Արամ Օրբելյանը:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի հայտարարության համաձայն՝ հայցադիմումները ներկայացվել են՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանը 60-ն անց է, ունի առողջական խնդիրներ, այսինքն՝ միաժամանակ համապատասխանում է նոր տեսակի կորոնովիրուսի հետ կապված մի քանի ռիսկային խմբում ներառվելու պայմաններին, սակայն գտնվում է քրեակատարողական հիմնարկում:

Տեսանյութեր

Լրահոս