«4 օր է, ինչ հաց չեն տալիս՝ պարտքը չվերադարձնելու պատճառով»․ Քաղաքացին օգնության կարիք ունի
Աբովյանի բնակիչ Մարինե Թավաքալյանն օգնության կարիք ունի։ Ասում է՝ գումար չունենալու պատճառով՝ հաց չեն կարողանում գնել։
«Ամուսնալուծված եմ, ունեմ երկու որդի, ապրում եմ սոցիալապես շատ ծանր վիճակում, օգնող չունեմ, ունեմ առողջական խնդիրներ, չեմ կարողանում աշխատել, մեծ որդիս բանակում է, փոքր որդիս 16 տարեկան է, 3 օր էր, ինչ աշխատանքի էր անցել վուլկանիզացիայում, բայց արտակարգ դրության արդյունքում փակեցին աշխատավայրը։ Գիտակցում եմ, որ 16 տարեկան երեխաս չպետք է աշխատի, բայց ասեք ինձ, եթե ես ի վիճակի չեմ աշխատելու, երեխաս էլ չաշխատի՝ ինչպե՞ս գոյատևենք։ Խանութում ահագին պարտք ունենք, 4 օր է, ինչ հաց չեն տալիս՝ պարտքը չվերադարձնելու պատճառով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մարինե Թավաքալյանը։
Նա նշեց, որ նպաստ չեն ստանում, դիմել է Աբովյանի քաղաքապետարան, բայց արձագանք չի եղել։
«Զինվոր տղաս որ արձակուրդ եկավ, գումար չունեի, որ ճանապարհեի, գնացի քաղաքապետարան, որ խնդրեմ օգնեն, երկար խնդրանքից հետո 30.000 դրամ տվեցին։
Ունեմ բուժման կարիք, պետք է երկու վիրահատություն անեմ, որպես զինվորի մայր՝ ունեմ թղթեր, սակայն չեն վիրահատում, պատճառաբանում են, թե ճգնաժամ է, իսկ ես օր օրի ավելի եմ վատանում։ Ուղեգրով գնացել եմ «Միքայելյան», «Գրիգոր Լուսավորիչ», «Աստղիկ», Համասարանական թիվ մեկ հիվանդանոց»,- մանրամասնեց քաղաքացին։
Մարինե Թավաքալյանին օգնություն ցուցաբերելու համար կարող եք զանգահարել այս հեռախոսահամարով՝ 098 166 851: Հասցեն՝ Աբովյան, Կարմիր Բանակի Փ. 6 31։