Սերժ Սարգսյանի հայեցողությամբ ցանկացած պահի կարող է իր ներածական խոսքը հրապարակվել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական Ժամանակ» թերթի հետ զրույցում Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող Ազգային ժողովի հատուկ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր հայտնել է, որ Սերժ Սարգսյանին է տրամադրել ապրիլի 16-ին իր մասնակցությամբ տեղի ունեցած նիստի ձայնագրությունը:
Նա տեղեկացրել է, որ Սարգսյանն անձամբ է այն ստացել, ստորագրել է, որ ստացել է, և որ այդ ձայնագրությունը հրապարակման ենթակա չէ:
«Մենք այդ ստորագրված ստացականը կկցենք գործին»,- ասել է Քոչարյանը:
Այս տեղեկատվությունը հաստատելու խնդրանքով դիմեցինք ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակ, որտեղից պատասխանեցին, որ, այո, այսօր այդ տեսաձայնագրության օրինակը փոխանցվել է նախագահ Սարգսյանին, և հստակեցրին, որ հրապարակման ենթակա չէ հարցուպատասխանն ամբողջությամբ, սակայն նիստում փոխհամաձայնեցվել և արձանագրվել է, որ դա Սերժ Սարգսյանի ներածական խոսքին չի վերաբերում:
Այն Սերժ Սարգսյանի հայեցողությամբ ցանկացած պահի կարող է հրապարակվել: