Ռուսաստանը վճռորոշ ավանդ ունի Անդրկովկասում խաղաղության և կայունության պահպանման գործում. Գալուզին
Ռուսաստանը վճռորոշ ավանդ ունի Անդրկովկասում խաղաղության և կայունության պահպանման գործում և տարածաշրջանում անվտանգության ու կայունության վերաբերյալ միջազգային քննարկումների առանցքային խնդիր է համարում Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի միջև ուժի չկիրառման մասին իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագրի կնքումը։ Դրա մասին ТАСС-ին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Ռուսաստանը վճռորոշ ավանդ ունի Անդրկովկասում խաղաղության և կայունության պահպանման գործում»,- ասել է նա։
Գալուզինը պարզաբանել է, որ հարաբերական կայունության պահպանմանը նպաստում են «իրենք՝ միջազգային քննարկումները, միջադեպերի կանխարգելման ու արձագանքման մեխանիզմները, սահմանապահ ծառայությունների միջև թեժ գծերը, ինչպես նաև կողմերի միջև շփումները»։
«Արդեն իսկ այս մեխանիզմների և երկխոսության առկայությունը՝ ինչպես պաշտոնական փուլերի ընթացքում պատվիրակությունների մակարդակով, այնպես էլ տեղում, օգնում է ապահովել հարաբերական կայունություն և հանգստություն սահմանամերձ գոտում»,- նշել է դիվանագետը։
Նա ընդգծել է, որ տարածաշրջանում միջադեպերի մեծ մասը կապված է Վրաստանի կողմից սահմանի ապօրինի հատման հետ, սակայն «դեպքերի ճնշող մեծամասնությունում Աբխազիայի և Հարավային Օսիայի իշխանությունները սահմանափակվում են կարճատև քննությամբ» և իրավախախտներին վերադարձնում են Վրաստանի տարածք՝ առանց քրեական հետապնդման։
ՌԴ փոխարտգործնախարարն ընդգծել է, որ Անդրկովկասում անվտանգության և կայունության շուրջ միջազգային քննարկումների կենտրոնական խնդիրը Մոսկվան համարում է «Վրաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի նկատմամբ ուժի չկիրառման մասին իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագրի մշակումը»։
Նա շեշտել է, որ հենց նման պայմանագիրը պետք է դառնա «տարածաշրջանում ամուր անվտանգության ապահովման ամենաարդյունավետ գործիքը»։
Միաժամանակ, ընթացիկ փուլում տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում առանցքային դեր են խաղում «Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ Ռուսաստանի գործընկերային, դաշնակցային ու իրավահավասար հարաբերությունները»։

