«Իսկ մեկնումեկը տեսե՞լ է այդ փաստաթուղթը… երբ ասում ենք՝ Լավրովի հայտարարությունը, գիտակցո՞ւմ ենք՝ ով է Լավրովը». Թևան Պողոսյան
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, թե «ներկայում բանակցային սեղանին փաստաթուղթ է, որը ենթադրում է ԼՂ հակամարտության փուլային կարգավորում», հայաստանյան քաղաքական ու փորձագիտական շրջանակներում իրարամերժ գնահատականների արժանացավ:
Նշենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանելով Ս. Լավրովի այս հայտարարությունը՝ ասել էր. «Ես էլ եմ լսել այդ հայտարարությունը կամ մեկնաբանությունը: Կասեմ հետևյալը՝ այս երկու տարիների ընթացքում մեր կառավարությունը, մենք, վարչապետ Փաշինյանը եղել ենք առավել քան թափանցիկ, և մեր դիրքորոշումները, մեր մոտեցումներն արտահայտել ենք շատ պարզ ձևով»:
Ավելի որոշակիացնելով՝ Մնացականյանը խոսել էր Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացին առնչվող մի քանի տարրի մասին:
168.am-ը «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանից հետաքրքրվեց՝ արդյոք սպասելի՞ էր ՌԴ ԱԳ նախարարի այս հայտարարությունը՝ հաշվի առնելով հանգամանքը, որ գործող իշխանությունները մեկ անգամ չէ, որ հայտարարել են, թե բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ չկա:
Թևան Պողոսյանն ի պատասխան՝ նշեց. «Իսկ մեկնումեկը տեսե՞լ է այդ փաստաթուղթը. Եկեք մի բան գիտակցենք. երբ ասում ենք՝ Լավրովի հայտարարությունը, գիտակցո՞ւմ ենք՝ ով է Լավրովը»:
Դիտարկմանը՝ արդյոք հայկական կողմից հերքում եղա՞վ, մեր զրուցակիցն արձագանքեց.
«Արտաքին գործերի նախարարը ՀՀ դիվանագիտական բառապաշարին համաձայն՝ անում է իր հայտարարությունը, ՌԴ արտգործնախարարը Ռուսաստանի շահերն է տանում առաջ: Այստեղ մի ուրիշ խնդիր պետք է փնտրել, թե ինչու հենց այս թեման այս օրն արծարծվեց կամ այդպես ասվեց: Միգուցե պետք է այլ տեղ փնտրել խնդիրը, իսկ միգուցե այլ նախադասություն էր ավելի կարևոր: Օրինակ, երբ ասվում է՝ դուք ուզում եք, որ մենք դաշնակցային մոտեցում ցուցաբերենք, բայց չեք փորձում ինքներդ այդ նույն վարքագիծն ամեն հարցում ցուցաբերել: Միգուցե կան ա՞յլ խնդիրներ, որ Ռուսաստանը բարձրաձայնել է և դրա իմաստով փորձեց այդպես անի, որ հայկական հասարակությունում ամբողջ օրը քննարկենք էս թեման»:
Արցախյան հիմնախնդրին անդրադառնալով՝ Թ. Պողոսյանը շեշտեց այդ գործընթացում Արցախի լիակատար մասնակցության կարևորությունը.
«Մեկ անգամ չեմ ասել, որ Արցախի հարցը հողի վրա լուծվող հարց է, մնացած այս բոլոր երևույթները բանակցային գործընթացներում գնալ-գալու են: Մինչև Արցախի ներկայացուցիչը բանակցային սեղանին չլինի, որևէ լուծում կամ այլ բան չի քննարկվելու: Մինչև հիմա Ղարաբաղյան կոնֆլիկտի մեջ կա միակ ռեալ փաստաթուղթը, որը փաստաթուղթ է կոչվում՝ զինադադարի մասին համաձայնագիրն է, որի տակ կա երեք ստորագրություն, ու Արցախն այդտեղ մասնակցել է՝ որպես լիակատար կողմ:
Մինչև Արցախը չմասնակցի, այդ սենյակում չգտնվի, որևէ մի բան, ինչ այնտեղ բանակցում են, պարզապես գործընթաց է»:
«Ես այսօր ավելի շատ հակված եմ հավատալ Զոհրաբ Մնացականյանին, քան Սերգեյ Լավրովին, որովհետև ես հասկանում եմ, որ Ռուսաստանն այսօր ունի շահեր ու իր շահերի հետևից գնալով՝այդպես է պետք՝ այդպես է ասում: Այդ նույն Լավրովը ամիսներ առաջ չէ՞ր էստեղ. Բա էն ժամանակ ինչո՞ւ չասաց, այն ժամանակ պրոհայկական տեսակետ էր ասում՝ մենք ուրախանում էինք»,- հավելեց քաղաքական գործիչը: