Խաղաղ կարգավորումը հնարավոր է փոխզիջումների միջոցով: Զիջումներ չեն եղել և չեն լինելու. Զոհրաբ Մնացականյան

«Ես էլ եմ լսել այդ հայտարարությունը կամ մեկնաբանությունը: Կասեմ հետևյալը: Այս երկու տարիների ընթացքում մեր կառավարությունը, մենք, վարչապետ Փաշինյանը եղել ենք առավել քան թափանցիկ, և մեր դիրքորոշումները, մեր մոտեցումներն արտահայտել ենք շատ պարզ ձևով»,- անդրադառնալով այսօր Ա. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի ներկայացուցիչների հետ տեսակոնֆերանսի ձևաչափով կլոր սեղանի ընթացքում  Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե «ներկայում բանակցային սեղանին փաստաթուղթ է, որը ենթադրում է ԼՂ հակամարտության փուլային կարգավորում», ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Ավելի որոշակիացնելով՝ Մնացականյանը խոսեց Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացին առնչվող մի քանի տարրի մասին:

«Այո, այդ մեկնաբանության մեջ եղել են հղումներ բազմաթիվ փաստաթղթերի՝ սկսած Քի Ուեսթից՝ մինչև վերջերս: Խոսքը գնացել է նաև նրա մասին, թե ինչ փաստաթղթի մասին է  խոսքն այս երկու տարվա ընթացքում: Եկեք լինենք շատ հստակ: Նման մոտեցումներ ի հայտ են եկել 2014 թվականին,  2016 թվականին, և այդ մոտեցումներն ընդունելի չեն եղել հայկական կողմերի համար: 2018 թվականից ի վեր քննարկումները սահմանափակվել են առանձին տարրերի շուրջ կողմերին մոտեցումների  քննարկման, գնահատման վերաբերյալ: 2014 թվականին առաջարկած տարբերակն այսօր բանակցային սեղանի փաստաթուղթ չէ: Շարունակեմ:

Մենք առավել քան հստակ խոսել ենք մեր դիրքորոշումների մասին, որտեղ ընդգծված առաջնային դերակատարություն է  հայկական կողմերի համար անվտանգության բաղադրիչը: Այն, ինչ վերաբերում է, ինչպես որ նշվել էր մեկնաբանության մեջ, տարածքներին, ամենից բացի, դա անվտանգության գոտի է և պաշտպանական գծեր:  Որևէ կերպ, որևէ հայկական կողմ չի կարող ենթադրել նույնիսկ, որ հնարավոր է  վերանայել դա՝ վտանգի տակ դնելով Արցախի բնակչության անվտանգությունը: Որևէ կերպ անհնար է ենթադրել, որ հայկական կողմերից որևէ մեկը կարող է գնալ զիջումների, որոնք կարող են վտանգի տակ դնել Արցախի բնակչության անվտանգությունը»,- ասաց Մնացականյանը:

Նախարարը անդրադարձավ, իր խոսքով, երկրորդ կարևորագույն տարրին՝ ինքնորոշման սկզբունքին:

«Հիմնական սկզբունքների մեջ գոյություն ունի ինքնորոշման սկզբունքը, որը հայկական կողմերի համար առաջնային գերակա տարրն է այս բանակցային գործընթացում: Դա արտահայտվում է, դա մենք կոչել ենք բազմիցս և՛ անվտանգություն, և՛ ստատուս: Եվ հիմա ավելի բաց կերպով ես ասում եմ դա, որ ինքնորոշման իրավունքի արտահայտումը նշանակում է՝ ստատուսի հստակեցում, ազատ կամարտահայտության իրավունքը՝ առանց սահմանափակումների:

Խաղաղ կարգավորումը հնարավոր է փոխզիջումների միջոցով: Զիջումներ չեն եղել և չեն լինելու: Հայկական կողմերը որևէ դեպքում, երբևէ չեն ստանձնելու որևէ նման մոտեցում, որը ենթադրի անվտանգության խափանում, Լեռնային Ղարաբաղի բնակչությանը սպառնալիք ստեղծելուն, առավել ևս՝ այն պայմաններում, երբ որ այդ սպառնալիքը մնում է  ռեալ և էքզիստենցիալ, և հայկական կողմի համար առավել քան առաջնային է ինքնորոշման սկզբունքի արտահայտումն այս բանակցային գործընթացում: Փոխզիջումները պետք է լինեն համաչափ, որի մեջ հայկական կողմերը տեսնում են լիարժեք արտահայտություն՝ անվտանգության և ստատուսի տարրերի:

Սա եղել է հայկական կողմի մոտեցումը, մնացել է հայկական կողմի մոտեցումը, այս երկու տարվա ընթացքում մենք առավել քան հստակ խոսել ենք սրա մասին և սրա մասին մենք խոսում ենք բանակցությունների ժամանակ: Եթե որևէ մեկը ենթադրում է, որ մենք բանակցությունների ժամանակ կարող ենք մի բան անել և որևէ այլ բան խոսել հասարակության հետ, խորապես սխալվում է: Նման բան չի եղել և չի լինելու: Նման բան տրամաբանորեն չի կարող լինել, որովհետև Հայաստանի որևէ ներկայացուցիչ  չի կարող նման բան անել՝ անկախ ամենից»,- նշեց Զոհրաբ Մնացականյանը:

Երրորդ կարևորագույն տարրը, որն առանձնացրեց նախարարը, հայկական կողմի մշտապես նշած այն փաստն է, որ Հայաստանն իր պատասխանատվությունն է կրում  և ամբողջովին ներգրավված է բանակցային գործընթացի մեջ իր մասով և իր մասով ամբողջովին տանելու է այդ գործը: Միևնույն ժամանակ՝ նախարարը շեշտեց, որ  Հայաստանի իշխանությունները չունեն մանդատ Արցախի ժողովրդից ստացած:

«Արցախում վերջերս ավարտվեցին ընտրությունները՝ նախագահական և խորհրդարանական, Արցախի իշխանությունները ստացան համապատասխան մանդատը՝ մրցակցային, ազատ, ժողովրդավարական ընտրությունների միջոցով, և եթե կհիշեք՝ այս երկու տարիների ընթացքում անվերապահ հայաստանյան կողմը մշտապես աշխատել է, խորհրդակցել է սերտորեն արցախյան կողմի հետ: Եվ  այս ամենը, ինչի մասին խոսում եմ, քննարկվել է մանրամասնորեն արցախյան կողմի հետ, և մենք աշխատում ենք միասին, և նույնը շարունակվել է նոր իշխանությունների հետ, որոնց հետ մենք ունենք համապատասխան այդ երկխոսությունը: Եվ որևէ որոշում, որը վերաբերում է  Արցախի ժողովրդին, չի կարող ընդունվել առանց Արցախի ժողովրդի»,- ասաց Մնացականյանը՝ հավելելով, թե սրանք այն հստակ սկզբունքներն են, որոնցով հայաստանյան կողմն աշխատում է այս բանակցային գործընթացում:

«Իմ գործընկերը ներկայացրեց իր մոտեցումը, ես ներկայացրեցի մեր մոտեցումը և այն մոտեցումը, որը երկու տարվա ընթացքում տարել ենք, աշխատել ենք շատ հետևողականորեն:

Եվ մի տարր: Այս գործընթացը չունի որևէ այլընտրանք, քան խաղաղ կարգավորումը, որովհետև հայկական կողմերը վճռականորեն պաշտպանելու են իրենց ժողովրդին, իրենց անվտանգությունը: Այդ առումով միայն ու միայն խաղաղ կարգավորման միջոցով է հնարավոր հասնել հանգուցալուծման: Մենք մնում ենք հավատարիմ այս սկզբունքին և շարունակելու ենք պնդել այս սկզբունքի վրա: Ներկայում տեղի է ունենում, վստահ եմ, որ մեր հանրությունը կարդացել է, տեսել է, որ երեկ եղել է վիդեոկոնֆերանս համանախագահների հետ, այսօր, հավանական է, կկայանա նաև վիդեոկոնֆերանս բոլոր կողմերի ներգրավմամբ՝ նկատի ունեմ՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների և համանախագահների: Այսօրվա մեր գերակա խնդիրը վերաբերում է մեկ բանի, երբ որ մեր երկրները, մեր տարածաշրջանը, ամբողջ աշխարհը կենտրոնացած է կորոնավիրուսի դեմ պայքարի վրա, զինադադարի պահպանումը, որևէ ռիսկերի բացառումն այս պայմաններում առավել քան գերակա խնդիր է, մենք, բնականաբար, աշխատել ենք և աշխատելու ենք այս ուղղությամբ: Մնացած հարցերը՝ հետո»,- խոսքը եզրափակեց Զոհրաբ Մնացականյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս