Խաբվա՞ծ, թե՞ հիասթափված ժողովուրդ
Վերջին մի քանի օրերին, գրեթե ամենօրյա հաճախականությամբ, ականատես ենք լինում Նիկոլ Փաշինյանի հերթական լայվին, որոնցում բացահայտ սպառնալիքի ու վրեժխնդրության տարրեր են նշմարվում։ Փաշինյանն իր խոսքում անընդհատ նշում է, թե իշխանության է եկել ժողովրդին ծառայելու համար, ունի ժողովրդի պատվերը կատարելու հանձնառություն, սակայն ակնհայտ է, որ իրականում՝ ժողովրդի անվան տակ, թաքնված է սեփական ծրագրերի համառ ու հետևողական իրականացման մի գործընթաց։
Ակնհայտ է, թե ինչպես է Փաշինյանը հանրային կարծիքը մանիպուլյացնում, «պողոսների» էմոցիաների վրա խաղում, իրականությանը, մեղմ ասած՝ չհամապատասխանող հայտարարություններ անում… Այս գործելաոճը կարելի է բացատրել սեփական իշխանությունն ամրացնելու ցանկությամբ։
Փաստն այն է, որ իր «քաղաքական ուղերձներում» ականատես ենք դառնում Փաշինյանին բնորոշ անփոփոխ և փաստարկներից զուրկ տեքստերի, երբ նա խոսում է ամեն ինչի մասին, միաժամանակ՝ ոչնչի։ Փաշինյանի՝ վաստակավոր մանիպուլյատորի և հանրությանը կառավարելու հնարքներին փայլուն տիրապետելու ունակությունների մասին շատ է խոսվել, սակայն ամենօրյա ռեժիմով դրանում համոզվում ենք։ Ըստ էության՝ ունենք մի իրավիճակ, երբ ՀՀ քաղաքական գլխավոր օրակարգը ձևավորվում է Ֆեյսբուքում, ավելի կոնկրետ՝ Փաշինյանի «լայվերի» հրամայականով։
Հերթական մանիպուլյացիայի շարքից էր նաև այն, երբ երեկ վարչապետ Փաշինյանը հերթական մանևրն արեց՝ այս անգամ խոսելով հիասթափությունների ու հիասթափվածների մասին։ Իրեն հատուկ բառապաշարով նա հերթական անգամ ամբողջությամբ կենտրոնացավ և բոլոր վեկտորները գեներացրեց դարձյալ նախկինների ու այս անգամ նրանց սպասարկող մերձակա հատվածի ուղղությամբ։ Իրականում պետք է արձանագրենք, որ հասարակության հիասթափության ամենամեծ պատճառն ուռճացված փաստարկների և խելքից դուրս խոստումների անհամապատասխանությունն է իրականությանը։ Հասարակությունը հիասթափված է ոչ թե Փաշինյանի ներկայացրած ֆեյք պնդումների, այլ այն պատճառով, որ իշխանությունների կատարմամբ տեսնում է ամենօրյա ջուրծեծոցի և ոչ մի հստակ գործողություն։ Փաշինյանի կողմից ներկայացված «փաստապանակը», որտեղ նա հանգամանալից ընթերցում է իր կառավարության «ձեռքբերումները», ավելի շատ հիշեցնում է հրաշապատում հեքիաթների մի ժողովածու, որտեղ գործող կերպարներն աներևույթ թագավորության հերոսներն են։
Փաշինյանն իր ելույթում հիմնականում շեշտը դրել է մարդկանց որոշակի խմբերի քաղաքական, նյութական մոտիվացիայի վրա: Մարդկանց շուրջ 25 տարի ասվել է, որ, եթե չլինեն նախկինները, որ կալանավորվի Ռոբերտ Քոչարյանը, նախկին իշխանությունների բոլոր ներկայացուցիչները հալածվեն ու դատապարտվեն, ապա իրենք շատ լավ են ապրելու, իսկ սառնարանները միանգամից լցվելու են։ Ի՞նչ ունենք ներկայումս․ երկու տարի է՝ ժողովուրդը մերժել է «թալանչիներին», բայց շարունակում է ապրել ավելի վատ, քան նախկինում, շարունակում են աշխատել տեսախցիկներն ու արագաչափերը, ժամկետանց վարկերն ու տուգանքները չեն ներվել, այսինքն՝ ժողովուրդը խաբվել է։
Իշխանությունը չափազանց բազմաշերտ և բարդ երևույթ է՝ այդպիսի պարզունակ կատեգորիաներով որևէ բան չափելու համար: Իհարկե, հնարավոր է հանրությանը մատուցել այդպիսի կատեգորիաներով, սակայն խորքային չափումը պետք է պահանջի առավել լուրջ վերլուծություն ու դիտարկում՝ հասկանալու համար, թե որտեղից է գալիս սադրանքը և ուր է գնում:
Արմեն Հովասափյան