«Երևում է, որ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում պատրաստվում են շատ լուրջ որոշումներ»․ Տարասով

Մինչ հայաստանյան փորձագիտական հանրությունը փորձում էր հասկանալ, թե ինչ նկատի ուներ օրերս ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պանդեմիայի դեմ պայքարի ամենաթեժ փուլում խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի շարունակականության մասին, և որքանով էր պատահական ՌԴ ԱԳՆ պաշտոնյայի այդ մեկնաբանությունը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ուշագրավ հայտարարություններ արեց՝ փորձելով բացահայտել ԼՂ հակամարտության կարգավորման ներկայիս օրակարգը կամ ռուսական օրակարգը։ Երևում է, որ ռուսական կողմը, որքան էլ փորձում էր հերքել կարգավորման «Լավրովյան պլանի» առկայությունը, պանդեմիայի փուլում որոշել է ակտիվացնել աշխատանքները դրա ուղղությամբ։

Նախ՝ հիշեցնենք, որ ապրիլի 17-ին  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել էր, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով աշխատանքը շարունակվում է՝ չնայած կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին: Զախարովան նշել էր, որ վերջին շրջանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ է անցկացրել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: Մշտական շփումներին աջակցում են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Զախարովայի մեկնաբանություններին հաջորդեցին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տեսակոնֆերանսները հակամարտող երկրների ԱԳ նախարարների հետ։ Ապրիլի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը տեսակոնֆերանս անցկացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ), ինչպես նաև՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ, որի ընթացքում քննարկվեցին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Ըստ ԱԳՆ հաղորդագրության՝ ԱԳ նախարար Մնացականյանն անդրադարձ է կատարել Արցախում անցկացված համապետական ընտրություններին։ Այսօր նաև նախատեսված էր Մնացականյան-Մամեդյարով-ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ տեսակոնֆերանսը։

Սակայն ուշագրավն այսօր ՌԴ ԱԳ նախարարի ելույթն էր Ա. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի ներկայացուցիչների հետ տեսակոնֆերանսի ձևաչափով կլոր սեղանի ընթացքում, որի ընթացքում ռուս նախարարը խոսել էր այն մասին, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում քննարկվում են 2018 թվականի ռուսական առաջարկները, որոնք ենթադրում են կարգավորման փուլային տարբերակ։ Լավրովը նշել էր, որ այդ փաստաթղթերի ստորագրումը լուրջ քայլ կդառնա։

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ելույթին՝ ասաց, որ այս երկու տարիների ընթացքում ՀՀ կառավարությունը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եղել է առավել, քան թափանցիկ, ՀՀ դիրքորոշումներն արտահայտել են շատ պարզ ձևով։

«Այո, այդ մեկնաբանության մեջ եղել են բազմաթիվ փաստաթղթեր՝ սկսած Քի Ուեսթից, մինչև վերջերս խոսքը գնացել է նաև այն մասին, թե ինչ փաստաթուղթ է եղել վերջին երկու տարվա ընթացքում։ Եկեք լինենք հստակ, նման մոտեցումներ ի հայտ են եկել 2014 թվականին, 2016 թվականին, և դրանք ընդունելի չեն եղել հայկական կողմերի համար»,- ասաց նախարար Մնացականյանը՝ շարունակելով, որ 2018 թվականից ի վեր քննարկումները սահմանափակվել են առանձին տարրերի շուրջ կողմերի մոտեցումների քննարկմամբ, գնահատմամբ։

Նրա հստակեցմամբ՝ 2014 թվականին առաջարկված տարբերակն այսօր բանակցային սեղանի փաստաթուղթ չէ։ Նա նաև նշեց, թե որոնք են հայկական կողմերի գերակայությունները։

168am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ ՌԴ ԱԳ նախարարը որևէ նոր բան չի ասել, այլ կրկնել է այն, ինչը միշտ եղել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների սեղանին։

«Դրանք և՛ Կազանյան առաջարկներն էին, և՛ ռուսական առաջարկները, որոնք չեն բացահայտվել, բայց դրանք երբեք չեն դիրքավորվել՝ որպես մաքուր և բացառապես ռուսական առաջարկներ։ Մոսկվան մշտապես նշում է, որ հանդես է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի անունից, ուստի սխալ է ասել, որ դրանք մոսկովյան առաջարկներ են, քանի որ դրանք ներկայացվում են համանախագահ բոլոր երկրների և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից»,- ասաց Տարասովը։

Նա նաև նշեց, որ պետք է հասկանալ մեկ այլ նրբություն ևս, որ Հայաստանն ու Ադրբեջանը հետսովետական երկրներ են, գտնվում են Ռուսաստանի պատմական շահերի տիրույթում, ինչը նշանակում է, որ ԼՂ հակամարտությունը նաև Ռուսաստանին է մոտ։

«Փարիզի և Վաշինգտոնի դեպքում ԼՂ հակամարտությունը նույնիսկ համաշխարհային քաղաքականության մաս չէ։ Իսկ եթե նաև ՌԴ-ն ակտիվություն չցուցաբերի և լռի, ի՞նչ է լինելու»,- նման հարցադրմամբ հանդես եկավ Տարասովը։

Նա ենթադրում է, որ Մոսկվան կոնսուլտացիաներ է անցկացրել Երևանի և Բաքվի հետ։

Տարասովի կարծիքով՝ պատահական ցանկություն չարթնացավ՝ անցկացնել տեսակոնֆերանս ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների և համանախագահների միջև։ «Ամենայն հավանականությամբ, դա կապ ունի ինչ-որ հանգամանքների հետ, որոնք կարող են քննարկվել։ Ինձ թվում է, որ հասունանում է մի փուլ, երբ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Հայաստանն ու Ադրբեջանը կարող են համաձայնել Խաղաղ համաձայնագիր կնքել հակամարտության գոտում միջադեպերին ժամանակավորապես վերջ տալու նպատակով։ Ես այդ մասին խոսել եմ պանդեմիայի ընթացքում։ Թուրքիան է դադարեցրել ռազմագործողությունները Սիրիայում, Եմենում է հրադադար հաստատվել, այսինքն՝ հիմա պատերազմի ժամանակը չէ։ Ով էլ հիմա որոշի պատերազմ սկսել, միևնույն է՝ պարտվելու է։ Ժամանակավոր Խաղաղ համաձայնագիրը համակարգային փաստաթուղթ է, ինչպես Մադրիդյան սկզբունքները։ Եթե կողմերը դադարեցնեն փոխադարձ կրակոցները, դա լավ կլիներ»,- ասաց Տարասովը։

Նրա գնահատմամբ՝ պատահական չէ, որ Լավրովը խոսում է այդ փաստաթղթերի ստորագրման մասին։

«Պատրաստվում է դիվանագիտական ակտիվացում այդ ուղղությամբ։ Ինձ զարմացրել է նաև Լավրովի հայտարարությունը Վրաստանի հետ ավիահաղորդակցությունների բացման հնարավորության մասով այն դեպքում, երբ մենք չգիտենք նույնիսկ, թե պանդեմիան երբ կավարտվի, բայց այնպես էր խոսում, ասես արդեն կա նման համաձայնություն։ Երևում է, որ շատ լուրջ որոշումներ են պատրաստվում։ Բաքուն, որը համաձայնություն է տվել, որպեսզի որոշ հարցեր քննարկվեն, որոնք դեռ չեն բացահայտվել, դրան միացել է Երևանը, Մնացականյանը համաձայնել է քննարկել. եթե մասնակցել է տեսակոնֆերանսի, նշանակում է՝ պանդեմիայով պայմանավորված իրավիճակը փոխում է որոշ դիրքորոշումներ, և կողմերը գուցե փորձում են առաջ ընթանալ որոշ ուղղություններով։

Ես ենթադրում եմ, որ խոսքը ժամանակավոր հրադադարի հաստատման մասին է, որպեսզի շփման գծում միջադեպեր չլինեն, քանի որ դա առաջնահերթ է։ Սակայն նրանք դա չեն ասում դեռ։ Բայց վերջնարդյունքում որոշողը, ընդգծում եմ, կողմերն են, համանախագահները կարող են ունենալ որոշակի առաջարկներ»,- ասաց նա։

 

Տեսանյութեր

Լրահոս