Փաշինյանին Ապրիլյան քննիչ հանձնաժողով հրավիրելու անհրաժեշտություն չկա. պարզաբանում է Անդրանիկ Քոչարյանը
«Ազգային ժողովի «Ապրիլյան քննիչ հանձնաժողովի» քննարկումների արդյունքում չենք տեսնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանձնաժողով կանչելու անհրաժեշտությունը հենց միայն այն պատճառով, որ նա այդ ժամանակ չի եղել իշխանության կրող և որևէ պատասխանատվություն չի կրում կայացված որոշումների համար»:
Այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հնչեցրած հարցին՝ արդյոք պատրաստվո՞ւմ են «Ապրիլյան քննիչ հանձնաժողով» հրավիրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, պատասխանեց հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
«Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը որևէ տեսակետ է արտահայտել, ապա այդպիսիք արտահայտել են նաև շատ քաղաքական գործիչներ, որոնք մենք ուսումնասիրում ենք, իսկ եթե կարիք լինի աղբյուր ճշտելու, ապա մենք դա ճշտում ենք տվյալ ժամանակահատվածում իշխանության այն մարմիններից, որոնք պատասխանատու են եղել կոնկրետ դրվագների համար, և դա Պաշտպանության նախարարությունն ու Պաշտպանության բանակն է: Նիկոլ Փաշինյանի տեսակետները մեզ համար այս պահին հետաքրքրություն չեն ներկայացնում»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:
Հարցին՝ արդյո՞ք կրկին հանձնաժողով կհրավիրվի 2016 թ. ապրիլին պաշտոնից հեռացված ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ Սերժ Սարգսյանի այցից հետո, չի բացառվում, որ դա տեղի ունենա:
«Սակայն մեզ համար Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի այցի հարցն է շարունակում մնալ խիստ կենսունակ»,- հավելեց Անդրանիկ Քոչարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում