
«Պետք չէ հույսը միայն ոստիկանության վրա դնել. Կարևոր է, որ քաղաքացիներն անձամբ գիտակցեն և դուրս գան տնից միայն ծայրահեղ անհրաժեշտության պարագայում»․ Նաիրի Սարգսյան

ՀՀ վարչապետի խոսնակ Նաիրի Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, արձագանքելով դիտարկմանը, թե քաղաքացիները դժգոհում են պարետատան թեժ գծի աշխատանքից, ասաց, որ պարետատան թեժ գիծն աշխատում է 24-ժամյա ծանրաբեռնված ռեժիմով։
Հարցին՝ ինչո՞ւ է արտակարգ դրությունը ձևական բնույթ կրում, այսինքն՝ փողոցները բազմամարդ են, վերահսկողություն չկա, նա պատասխանեց․ «Պետք չէ հույսը միայն ոստիկանության վրա դնել։ Քաղաքացիները պետք է անձամբ գիտակցեն, որ սա արվում է իրենց անվտանգության և վիրուսի տարածումը կանխելու համար։ Իհարկե, ամեն հնարավոր միջոցառում մենք ձեռնարկում ենք, բայց նաև շատ կարևոր է, որ քաղաքացիներն անձամբ գիտակցեն և դուրս գան տնից միայն ծայրահեղ անհրաժեշտության պարագայում»։
Իսկ հարցին՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու մայիսի 15-ից հետո, նա պատասխանեց, որ դեռևս որոշում չկա. «Չեմ կարող ասել»։