«Գազպրոմը» հասկացնում է, որ հայ-ռուսական գազային քննարկումներն իրավիճակային բնույթ չեն կրում․ Սիմոնով
««Գազպրոմը» հասկացնում է, որ հայ-ռուսական գազային քննարկումները կրում են մշտական և ոչ իրավիճակային բնույթ»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս տնտեսագետ Կոնստանտին Սիմոնովը՝ անդրադառնալով ՀՀ փոխվարչապետին ուղարկված «Գազպրոմի» պատասխանին։
Հիշեցնենք, որ մարտի 15-ին ՀՀ ԱԺ-ում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ, այո, ստացել է «Գազպրոմ»-ին ուղարկված իր նամակի պատասխանը, որով ռուսական «Գազպրոմը» պատասխանել է, որ հարցը պահում է իր ուշադրության ներքո։ Նա նաև հավելել էր, որ պատասխան նամակում նշված է, որ կոնտակտները հարցի վերաբերյալ կլինեն կառավարական մակարդակով։ Ավելի վաղ՝ մարտի 31-ին, հայտնի դարձավ, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նամակով դիմել է ռուսական «Գազպրոմ» ընկերությանը՝ ՀՀ մատակարարվող գազի գինը միջազգային գներին համապատասխանեցնելու, վերանայելու՝ մասնավորապես իջեցնելու, ինչպես նաև՝ գազային առևտուրն ազգային արժույթով իրականացնելու հայտով։
Ըստ Սիմոնովի՝ պատասխանից ակնհայտ է, որ այս փուլում, երբ կա էներգակիրների գների նվազում համաշխարհային էներգետիկ շուկայում, «Գազպրոմը» նպատակահարմար չի համարում վերանայել գներն իր եվրասիական գործընկերների համար։ Ավելին՝ փաստորեն, ըստ Սիմոնովի, նման դիմումը նաև տեղին չի համարում։ Սիմոնովի գնահատմամբ՝ նմանօրինակ պատասխանն ակնկալելի էր։
«Ինչո՞ւ, որովհետև շուկայում ներկայումս ստեղծված իրավիճակը շարունակվելու է ևս մի քանի ամիս, և գները փոխվելու են, այդ ժամանակ և՞ս նոր բանակցություններ պետք է սկսվեն։ Եվ քանի որ Հայաստանը փորձում է դուրս գալ բանակցությունների ավանդական ձևաչափից, այսինքն՝ ժամանակ առ ժամանակ Հայաստանն ու Ռուսաստանը բանակցել են գազի գների շուրջ, դրանք միշտ եղել են արտոնյալ Ռուսաստանի եվրասիական գործընկերների համար՝ էականորեն տարբեր այն գներից, որոնք կան եվրոպական շուկայում, հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական բնույթը։ Ի դեպ, այդ գները կախված չեն եղել համաշխարհային գներից, և, եթե ներկայումս այս հարցում ձևաչափ է փոխվում, այսինքն՝ այն, թե ինչն է ազդում գնի ձևավորման վրա, պետք է քննարկվի քաղաքական մակարդակում, քանի որ ձևաչափ է փոխվում։ Այդ պատճառով «Գազպրոմն» ակնարկում է, որ հարցը պետք է քննարկել ավելի բարձրաստիճան մակարդակում, որից հետո որոշումները պետք է ներկայացնել ընկերություններին։
Կարծում եմ՝ տրամաբանական պատասխան էր, «Գազպրոմը» պատասխանատվությունը դրեց իշխանությունների վրա, և դա հասկանալի է, քանի որ հայ-ռուսական քաղաքական գործընկերությունն է ձևավորել այդ արտոնությունները, որոնք փաթեթավորված են եղել գազի գնի քննարկումների որոշակի ձևաչափում։ Ներկայումս ստեղծվել է արտակարգ իրավիճակ, երբ գները համաշխարհային շուկայում էականորեն նվազել են, և այստեղ այլ մոտեցում է հարկավոր, քանի որ Հայաստանը, տեսնելով գնանկումը, այլ գնով է գազ ցանկանում ձեռք բերել, սակայն դա իրավիճակային մոտեցում է, որը նախկինում երբեք չի կիրառվել, և պետք է հստակ որոշել, թե ինչպես է գինը գոյանալու ապագայում՝ մշտական լողացող՝ կախված համաշխարհային գների՞ց, թե՞ կայուն կերպով արտոնյալ՝ որպես ԵԱՏՄ անդամ երկիր»,- նման կարծիք հայտնեց Սիմոնովը։
Ըստ նրա, բնականաբար, հետագա խոսակցությունները պետք է շարունակվեն կառավարությունների ղեկավարների մակարդակում։ «Սակայն ես չեմ կարծում, որ այս պահին որևէ որոշում կկայացվի, քանի որ թե քաղաքական, թե տնտեսական խնդիրները շատ են այս հարցի վրա կենտրոնանալու համար»,- ասաց նա։