«Եկեղեցին քո տիրույթը չէ, պաշտոնյա՛… Ասում են՝ Կաթողիկոսն այս ասեց․ տո աչքդ էլ հանեց, ով ուզում ես՝ եղիր»․ Հուսիկ Արա
Հարցազրույց բանաստեղծ Հուսիկ Արայի հետ
– Հուսիկ, օրերս Ամենայն Հայոց կաթողիկոսը News.am-ի հետ զրույցի վերջում ասել էր, որ հաղորդ լինելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին՝ կարևոր է համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ՝ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից։ Այս նախադասությունը սկսեց շրջանառվել, և պետական պաշտոնյաների մակարդակով սկսեցին վիրավորական գրառումներ կատարել Կաթողիկոսի և Եկեղեցու հասցեին։ Այս ամենի վերաբերյալ Դուք ի՞նչ կարծիք ունեք, արդյո՞ք որևէ պաշտոնյայի հարիր էր նման կերպ արձագանքել Վեհափառի հնչեցրած որևէ հայտարարության։
– Կաթողիկոսն իրեն հարիր վարք է դրսևորել, նա ուրիշ ի՞նչ պետք է ասեր, այսպես ասած՝ իր գործն է արել, ինչպես Հռոմի պապն է իր գործն անում, և մենք հիանում ենք, ասում ենք՝ օ՜, Հռոմի պապը։ Իհարկե, ես խոնարհվում եմ Հռոմի պապի առաջ, իմ պաշտելի մարդկանցից է, բայց երբ մեր Վեհափառն է նման հայտարարություն անում, ես քննադատությունները չեմ հասկանում։ Նա իրեն հարիր վարքագիծ է դրսևորել, ի՞նչ է նշանակում՝ նրան վիրավորել։ Նա Ամենայն Հայոց կաթողիկոսն է, և ոչ ոք իրավունք չունի նրան վիրավորել կամ գրառում կատարել, ով ուզում է՝ լինի, լինի վարչապետը թե փոխվարչապետը, հատկապես, որ, եթե հակառակն ասեր, գուցե ընկճվեինք, ասեինք՝ Վեհափառին հարիր չէ, որ պետք է դատապարտյալներն այս իրավիճակում մնան։ Չէ՞ որ Վեհափառի համար դատավորն Աստված է, մեզ համար է Դանիբեկյանը կամ մյուսը։ Այսինքն՝ անկախ ամեն ինչից, Վեհափառը ճիշտ է վարվել, իսկ նրան վիրավորելն անվայել է անգամ հասարակ քաղաքացուն, պաշտոնյային՝ առավել ևս։
– Վեհափառի հարցազրույցի վերոնշյալ հատվածի վերաբերյալ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Ասեմ, որ հազարավոր ՀՀ քաղաքացիներ, արդեն շատ երկար ժամանակ է, կարևոր են համարում Ամենայն Հայոց կաթողիկոսի փոփոխության հարցը: Կարծում եմ` քաղաքացի Կտրիճ Ներսիսյանը, ով տասնամյակներ շարունակ լռել է, լռել է, լռել է, այսօր` նոր իրավիճակում, ազատ կարող է դատարանում երաշխավոր հանդիսանալ քաղաքացի Ռ. Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության համար, և դրա համար բավարար դրամական միջոցներ կգտնվեն»: Կարծիքներ կան, որ, երբ ԱԺ փոխխոսնակն է նման հայտարարություն անում, սա պետություն և եկեղեցի հարաբերությունների կտրուկ վատթարացում է նշանակում։ Դուք ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը։
– Եկեք՝ եկեղեցի և իշխանավորներ ասենք, պետություն չասենք, որովհետև պետությունն ավելի բարձր բան է, իշխանավորները գալիս-գնում են, իսկ ժողովուրդը պահում է այս պետությունը։ Եկեղեցի-իշխանավորներ հարաբերությունների սրությունը նոր չէ։ Մենք նախ տեսանք վեհարանի գրավումը՝ շորտիկներով, անթրաշ, փնթի-մնթի գնացին Վեհարան ու նստած երշիկ էին ուտում այնտեղ։ Հասկանո՞ւմ եք՝ վեհարանը մեզ համար սրբավայր է։ Ու դրանից հետո չգիտեմ՝ ինչ եղավ, Կաթողիկոսն ո՞ւմ ֆոնդին գումար փոխանցեց, չեմ ուզում փակագծերը բացել, լռեցին։ Հետո Փաշինյանի հայտնի հայտարարությունը եղավ, որ թեկուզ եկեղեցականներն իրեն ոչ հաճելի բաներ էին ասել, պետք չէր ընդհանուր եկեղեցու հետ կապված ծնկի բերելու վերաբերյալ հայտարարություններ անել։ Դե, սա էլ արդեն այսպես դրսևորվեց․ նորություն չէ։
Բայց 1990 թվականից մինչև հիմա մեր եկեղեցու հետ այդպես սուր հարաբերություններ չեն եղել, արդեն անկախության շրջանում երրորդ Կաթողիկոսն է, հիմա չգիտեմ՝ կարող է անձի նկատմամբ ինչ-որ բան ունենան, բայց իր դիրքի նկատմամբ չի կարելի ունենալ։ Մենք արդեն որերորդ նման դրսևորումն ենք տեսնում։ Իսկ ամենասարսափելին այն ժամանակն էր, երբ վեհարան մտան։ Դա խայտառակություն էր, դա անպատվություն էր։ Դա մեր 1700-ամյա մշակույթին էր անպատվություն, դա մեր հավատին էր անպատվություն, մեր դավանանքին, այն գաղափարին, որով ապրել ենք։
– Այս ամենին հետևեց ԱԱԾ հաղորդագրությունն առ այն, որ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին մեղադրանք է առաջադրվել հայտնի «Օֆշորի գործով»: Սա պարզապես համընկա՞վ, թե՞ միտում եք տեսնում։
– Գուցե ժամանակը զուգադիպել է․ կարող ես և՛ միտում տեսնել, և՛ չտեսնել, քո հայեցողությունն է։ Այնուամենայնիվ, եկեղեցու գործերը թողնենք եկեղեցուն, պետությունը չպետք է այդպես սուր միջամտի։ Որևէ երկրում որևէ նախագահի իրավունք վերապահված չէ եկեղեցու հետ նման տոնով խոսել, դա լինի Թրամփը, լինի Մակրոնը թե այլ նախագահ։ Երբևէ տեսե՞լ եք՝ փորձեն խառնվել Վատիկանի գործերին, Հռոմի պապը որևէ բան հայտարարի, Իտալիայի նախագահն ասի՝ ինչո՞ւ հայտարարեց։ Տո, լավ արեց, դու ո՞վ ես։ Չի կարելի։
Եկեղեցին քո տիրույթը չէ, պաշտոնյա՛։ Այնպես չէ, որ Կաթողիկոսի կամ Կճոյանի անձն ինձ դուր է գալիս, Վազգեն Վեհափառն էր, որ խոնարհվում եմ, բայց ես ո՞վ եմ․ դուրդ չի գալիս, ջհանդամը գա։ Իսկ իշխանությունը, որ ամեն տեղ մտնում, ամեն տեղ ասում է՝ մենք, մենք, մենք, բայց եկեղեցի մի մտեք։ Կարող եք լայվեր մտնել, ամեն ինչ ասել, ունիվերսալ եք, բայց եկեղեցին այն տարածքն է, որ պետությունը պետք է զգույշ մտնի, զգույշ լինի եկեղեցու հետ հարաբերություններում։ Ասում են՝ Կաթողիկոսն այս ասեց․ տո աչքդ էլ հանեց, ով ուզում ես՝ եղիր։
Կաթողիկոսն ազգադավ բա՞ն է ասել, ի՞նչ է արել, որ այդպես եք արձագանքում։ Կաթողիկոսը գալի՞ս-ասում է՝ տղա ջան, դու ինչո՞ւ ես նման բան անում։ Կասես՝ եկեղեցին ի՞նչ իրավունք ունի պետության գործերին խառնվելու, բա պետությո՞ւնն ինչ իրավունք ունի։
Ինչ ասեմ՝ դա ուղղակի անդաստիարակ վարք է, ոնց որ լակոտը կարող է փողոցով քայլելով սրան-նրան բան ասել, իրենք էլ իրենց ցինիզմով հարբած՝ ամենակարողի տեղ են իրենց դրել, իսկանդեր են, հա՞․ անգամ Մակեդոնացին նման բան չէր անում, այ մարդ։ Իրենց Պապ թագավորի տեղ են դրել, թող նայեն, ճիշտ հասկանան՝ Պապն ինչ էր անում, ինչ հարաբերություններ ուներ, և այնպես չէ, որ Պապը ճիշտ հարաբերություններ ուներ, չեմ ուզում շատ խորանալ, այնուամենայնիվ, անդաստիարակություն է։
Հատկապես, որ Կաթողիկոսն Աստծուն հաճելի բան է ասել, նա դա պետք է ասեր, ի՞նչ պետք է ասեր։ Կաթողիկոսը պետք է նման հայտարարություններով հաճախ հանդես գա, հաճախ լինի դատապարտյալների կողքին։ Մենք քրիստոնյա ենք, նայեք՝ Ավետարանն ինչ է ասում․ Քրիստոս ո՞ւմ կողքն էր կանգնում, ո՞ւմ էր կանչում իր մոտ։ Մարիամ Մագդաղենացին ամենամեծ հավատավորը եղավ։ Մենք քրիստոնյա՞ ենք, թե՞ բարբարոս։ Քրիստոնյային վայել վարք է դրսևորել Կաթողիկոսը։