«Կաթողիկոսի հետ անհամաձայնությունը չպետք է դառնա եկեղեցու դեմ ծավալված զզվելի արշավ, սա կոնկրետ եկեղեցու դեմ սանձազերծված արշավ է». Էդմոն Մարուքյան

«Կարծում եմ, որ խոսքի ազատությունը վերաբերում է բոլորին, և թե՛ հոգևոր ծառայողները, թե՛աշխարհիկ քաղաքացիներն ունեն ազատ խոսքի և կարծիք հայտնելու իրավունք: Բնականաբար, այս նույն իրավունքից կարող է օգտվել նաև Վեհափառ հայրապետը: Հիմա այդ կարծիք հարգողն ո՞վ է, դատարանը և Գլխավոր դատախազությունը, կհարգեն՝ թող հարգեն, չեն հարգի՝ իրենց իրավունքն է, բայց այս ամենից դարձնել հայոց հարց… համացանցում արդեն տեսնում եմ գրառումներ, յութուբյան կեղծ ալիքներում պատրաստված տեսանյութեր Վեհափառի և եկեղեցու դեմ, այս ամենը խիստ կերպով դատապարտում եմ: Վերջին հաշվով, նման քայլերով մենք եկեղեցու և արժեքների դեմ ենք գնում, ինչը որևէ ձևով չի կարող արդարացվել»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ Կաթողիկոսի հայտարարությանը և դրան հետևած տարբեր կարծիքներին:

Հիշեցնենք, որ Գարեգին Բ կաթողիկոսը կարևորել էր, որպեսզի կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ փոխվի Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը: Այս հայտարարությունից հետո ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ ժամանակին հանրությունը  նաև կաթողիկոսի հրաժարականն էր պահանջում՝ վկայակոչելով Գարեգին Բ-ի աշխարհիկ անունը՝ Կտրիճ Ներսիսյան:

Էդմոն Մարուքյանը չի կիսում Վեհափառի կարծիքը և, ըստ նրա՝ եթե նույնիսկ տեսակետ հայտնի դրա հետ կապված, ապա պետք է ամեն ինչ հարգալից անի, քանի որ խոսքն Ամենայն Հայոց կաթողիկոսի մասին է:

«Մեր պատմության մեջ եկեղեցու դեմ այնքան ուժեր են դուրս եկել, բոլորն էլ փոշի են դարձել, վերացել ու գնացել են: Վերջին հաշվով, եթե վաղը-մյուս օրը դառնանք հանգուցյալներ, նրանք են գալու մեզ վրա խաչակնքեն՝ գնան, ինչի՞ մասին է խոսքը, կարելի՞ է նման ձևով դուրս գալ եկեղեցու դեմ և նման հայտարարություններ անել: Բոլորս մեր երեխաներին տանում եկեղեցում ենք կնքում, բնակչության քանի՞ տոկոսն է Առաքելական եկեղեցու հետևորդ, հայտարարություններում զգույշ պետք է լինել, և որևէ կերպ կաթողիկոսի հետ անհամաձայնությունը չպետք է դառնա եկեղեցու դեմ ծավալված զզվելի արշավ, կոնկրետ արշավ է սկսվել՝ ինչպես ֆեյքերի, այնպես էլ՝ քաղաքական մարդկանց կողմից, քանի որ Վեհափառին ավազանի անունով կոչելը վիրավորանք է»,- հավելեց նա:

Ըստ նրա, կարող են Վեհափառին սիրել կամ չսիրել, հարգել կամ հակառակը, սակայն Գարեգին Բ-ն օծված է և Ամենայն Հայոց կաթողիկոսն է:

Նա նաև ընդգծեց, որ կորոնավիրուսի ստեղծած իրավիճակի հետ կապված՝ Վեհափառն Էջմիածնից հայտարարություն արել է, Հարության տոնի հետ կապված ևս նա ուղերձ հղել է ժողովրդին, իսկ այսօր հայտարարում են, թե նման բան չի եղել:

«Սա կոնկրետ եկեղեցու դեմ սանձազերծված արշավ է»,- եզրափակեց նա:

Տեսանյութեր

Լրահոս