«Երեկ Նորաշենից 28 կոնտակտավոր է տեղափոխվել». ԱԻՆ նախարարի տեղակալ
ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը կորոնավիրուսով պայմանավորված 1107 ահազանգ է ստացել. ասուլիսի ժամանակ ասաց ԱԻՆ նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը:
«Այդ ահազանգերից 609-ը կորոնավիրուսի վարակի վերաբերյալ են եղել, 498-ը՝ բարձր ջերմության առկայության, 411 քաղաքացու ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն»:
Նախարարի տեղակալը հիշեցրեց, որ ԱԻՆ հոգեբանական ծառայությունն անցել է հեռավար աշխատանքի: Նման աջակցության կարիք ունեցողները կարող են զանգահարել 911 և անգամ տեսակապի միջոցով ստանալ հոգեբանական աջակցություն: ԱԻՆ աշխատակիցները կատարում են նաև նոր կորոնավիրուսով հիվանդների և նրանց կոնտակտավորների տեղափոխում:
«ԱԻՆ շտապ օգնության ֆելշերական բրիգադները հաշվետու ժամանակահատվածում կատարել են 32 երթ: Տեղափոխվել է 101 կոնտակտավոր և 7 հիվանդ: Առհասարակ ԱԻՆ տրանսպորտային միջոցներով հաշվետու ժամանակում տեղափոխվել է 855 կոնտակտավոր, որոնցից 28-ը երեկ՝ Նորաշեն համայնքից»,- ասաց Հարությունյանը: ԱԻՆ նախարարի տեղակալի խոսքով՝ իրենց 130 աշխատակից Ոստիկանության հետ համատեղ իրականացնում է շրջիկ աշխատանքներ: Աշխատակիցների մի մասն էլ միացել է Կառավարության և Առողջապահության նախարարության թեժ գծի ծառայության աշխատանքներին: Արմեն Հարությունյանի փոխանցմամբ՝ ԱԻՆ-ը կատարում է նաև վարակազերծման աշխատանքներ:
«Մինչև այս պահը կատարվել է 7379 վարակազերծման աշխատանք: Այդ աշխատանքները դադարեցվել են միայն կանգառներում՝ կապված տրանսպորտի աշխատանքի դադարեցման հետ: ԱԻՆ-ը չի կատարում շենքերի վարակազերծման աշխատանքներ, դա իրականացնում են միայն հանրային տարածքներում՝ շուկաներ, բանկեր, սուպերմարկետներ և այլն, սակայն, եթե համայնքը չի հասցնում կատարել այդ աշխատանքները, կարող են դիմել մեր օպերատիվ շտաբին, և ԱԻՆ աշխատակիցները կօգնեն: ԱԻՆ-ը չի զլանում կատարել որևէ աշխատանք, նախարարի հրամանով որևէ կառույցի, որևէ կազմակերպության որևէ հարցում չենք մերժում: Դիմում են բանկեր, վարկային կազմակերպություններ, պետական կառույցներ, մենք էլ հավուր պատշաճի իրականացնում ենք աշխատանքները»,- ասաց ԱԻՆ նախարարի տեղակալը:
Արմեն Հարությունյանը պատմեց, որ ԱԻՆ-ը կորոնավիրուսի դեմ պայքարն իրականացնում է իր հիմնական գործառույթների հետ համատեղ: 2020-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ունեցել են 190-ով ավելի՝ 3621 արտակարգ դեպք: ԱԻՆ-ը շարունակում է նաև վերազինվել.
«ԱԻՆ-ը տեխնիկական նոր միջոցներ է ստացել: Հաշվետու ժամանակահատվածում USA ID-ի հետ համագործակցության արդյունքում ստացել են 300 նոր համակարգիչ` աշխատանքների օպերատիվությունն ապահովելու համար, 175 վարակազերծման սարք»:
Արմեն Հարությունյանի խոսքով՝ ԱԻՆ-ի աշխատակիցներն իրենց աշխատանքի համար արդեն ստացել են պարգևավճարներ, և դա շարունակական է լինելու: