
«Անհատական պաշտպանության միջոցների տրամադրման պարտականությունը կրում է գործատուն». Աշոտ Հարությունյան

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը մշտադիտարկում է իրականացրել 487 կազմակերպությունում և դրանց մասնաճյուղերում. ասուլիսի ժամանակ ասաց ԱԱՏՄ՝ առողջության պահպանման և անվտանգության ապահովման վարչության պետ Աշոտ Հարությունյանը:
Նրա փոխանցմամբ՝ պարետի ցուցումների մասին տնտեսվարողներին տեղեկացնում են նախ՝ էլեկտրոնային փոստերի միջոցով, իսկ եթե մշտադիտարկման ընթացքում նկատում են խախտում, տնտեսվարողի գործունեությունը կասեցվում է:
«55 կազմակերպությունների և նրանց մասնաճյուղերի գործունեությունը ժամանակավորապես կասեցվել է: Խախտումները հիմնականում վերաբերում են առևտրի վայրերում հաճախորդների հետ հաճախակի շփումներ ունեցող աշխատակիցների դիմակներ չկրելու հանգամանքին, տնային, սանիտարական հագուստի, արտահագուստի առանձին հանդերձապահարաններ չունենալուն, ծորակների անհրաժեշտ քանակ չունենալուն, փակվող աղբամաններ չունենալուն: Կան կազմակերպություններ, որտեղ խախտումներ չեն եղել»,- ասաց Հարությունյանը:
Առողջության պահպանման և անվտանգության ապահովման վարչության պետը պնդում է, որ գործունեության կասեցման ժամանակը տնտեսվարողն օգտագործում է խախտումները վերացնելու համար: Նրա խոսքով՝ մշտադիտարկումները նաև խորհրդատվական բնույթ են կրում, խախտման արձանագրման պարագայում առաջարկում են խնդրի լուծման տարբերակներ: Իսկ ո՞վ է պարտավոր տնտեսվարողներին ապահովել ախտահանիչ միջոցներով, դիմակներով, ձեռնոցներով:
«Անհատական պաշտպանության միջոցների, բոլոր այն միջոցների, որոնք անհրաժեշտ են աշխատակիցների առողջության և անվտանգության պահպանման համար, տրամադրման պարտականությունը կրում է գործատուն, վերահսկման պարտականությունը ևս կրում է գործատուն: Աշխատողները ևս ունեն պատասխանատվություն՝ ճիշտ կիրառել այդ միջոցները»,- ասաց Հարությունյանը: