«Հնարավոր է՝ նոր պիկ լինի աշնանը, բայց դա չի լինի այդչափ դրամատիկ». Բժիշկ Արմեն Աստվածատրյանը՝ կորոնավիրուսի, ներկայացվող թվերի ու սպասումների մասին
Աշխարհում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հատել է 2 միլիոնը, մահերի թիվը՝ 127.000-ը: 610.000-ից ավելի վարակակիրներով ԱՄՆ-ը համարվում է Covid 19 -ից ամենատուժած երկիրը: Թեև համավարակն այսօր թելադրում է համաշխարհային օրակարգ, այդուհանդերձ, վիրուսով պայմանավորված գերաղմուկը շատերը համարում են ուռճացված, իսկ վարակակիրների մասին ներկայացվող թվերը՝ նաև ինչ-որ չափով անհասկանալի:
Այս հարցերը համացանցում պարբերաբար բարձրացնում է նաև բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Եվրոպայի սրտաբանների միության անդամ Արմեն Աստվածատրյանը:
168.am-ի խնդրանքով Ա. Աստվածատրյանը խոսեց կորոնավիրուսների ու դրանց վտանգավորության մասին, անդրադարձավ նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին:
– Նոր տիպի կորոնավիրուսն այսօր թելադրում է օրակարգեր ողջ աշխարհում. Ինչքանո՞վ է նոր այս վիրուսն աշխարհի համար, ինչքանո՞վ է տարբերվում կորոնավիրուսի ընտանիքի մյուս ներկայացուցիչներից:
– Կորոնավիրուսը շուրջ 40 տեսակի ՌՆԹ վիրուսներ ներառող վիրուսների ընտանիք է, որոնք վարակում են մարդկանց և կենդանիներին:
Անվանումը կապված է վիրուսի կառուցվածքի հետ. փշաձև ելուստներ, որոնք հիշեցնում են արևապսակ (ոչ թե թագավորի թագ): Կորոնավիրուսները բժշկությանը ծանոթ են դեռևս 1960-ական թվականներից:
Երկար ժամանակ այս վիրուսին հատուկ ուշադրություն չէին դարձնում, մինչև որ Չինաստանում 2002-2003 թվականներին արձանագրվեց ատիպիկ թոքաբորբի բռնկում կամ ծանր ընթացքով սուր շնչառական համախտանիշը (SARS): Այն պայմանավորված էր SARS-CoV վիրուսով. հիվանդությունը տարածվեց նաև այլ երկրներում՝ վարակվեց շուրջ 8273 մարդ, արձանագրվեց շուրջ 775 մահ (մահաբերությունը՝ 9,6 %):
Մեկ այլ կորոնավիրուս է MERS-CoV-ը, որը մերձավորարևելյան շնչառական համախտանիշի (MERS) հարուցիչն է. համախտանիշի առաջին դեպքերն արձանագրվեցին 2012 թվականին: 2015 թվականին Հարավային Կորեայում տեղի ունեցավ այս շնչառական համախտանիշի բռնկում, որի ընթացում վարակվեց 183 մարդ, մահացավ 33-ը (մահացությունն այդ դեպքում շատ բարձր էր՝ դեպքերի շուրջ մեկ երրորդը):
2019 թվականի դեկտեմբերին Չինաստանում սկսվեց թոքաբորբի բռնկում՝ պայմանավորված «նորահայտ» վիրուսով՝ 2019-nCoV:
Վերջինի մահացությունը շատ ավելի ցածր է, և աշխարհում տրամադրվող տվյալները բազմաթիվ առումներով վիճելի են: Անձամբ ես վստահում եմ գերմանական աղբյուրներին, ըստ որոնց՝ մահացությունը 2%-ի կարգի է, ինչպես սկզբում ասում էին չինացի հետազոտողները:
Վստահ եմ, հակամարմինների հայտնաբերման մեթոդիկայի ներդրմամբ պարզ կդառնա, որ ասիմպտոմ կամ թույլ սիմպտոմներով հիվանդների թիվն էապես կավելանա, և, հետևաբար, մահացության տվյալները մեծապես կնվազեն:
– Համացանցում պարբերաբար անդրադառնալով նոր տիպի կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակին՝ կոչ եք անում խուճապի չմատնվել, սակայն ինֆորմացիոն հոսքը՝ մահերի ու վարակակիրների արագ աճող թվերը, որ ստացվում է աշխարհի տարբեր ծայրերից (չնայած Դուք դրանք համարում եք վիճելի), արդյո՞ք չեն հիմնավորում հասարակության անհանգստությունները:
– Կարևոր է տարբերակել խուճապը զգուշավորությունից: Կրկնում եմ, թվերը, որոնք ներկայացվում են բաց աղբյուրներում, բազմաթիվ հարցեր են առաջացնում:
Այսօրվա դրությամբ գրիպից մահացությունների տոկոսը նույն ԱՄՆ-ում 10% է: Գրիպի սեզոնում արձանագրվել է հիվանդացության 39 միլիոն դեպք, 400 հազարի դեպքում եղել է հոսպիտալիզացիայի անհրաժեշտություն. Գրիպից մահացությունների թիվը տատանվում է 24.000 55.000-ի սահմաններում, որոշ տվյալներով՝ հնարավոր է և ավել, բայց ոչ ոք այդ մասին չի խոսում: Մահացությունը COVID-19-ի դեպքում դեռևս կազմում է 4%. Արդյոք հնարավո՞ր է համեմատել այդ ցուցանիշները:
Այո, մահացությունների թիվն ԱՄՆ-ում աճում է, բայց, ինչպես ցույց է տվել համաշխարհային տխուր փորձը՝ մեծամասամբ առողջապահական համակարգի խառնաշփոթի պատճառով, որովհետև եթե անգամ համարյա ոչինչ չնախաձեռնվի, դրա մահացությունը չպետք է գերազանցի շվեդական ցուցիչը՝ այնտեղ 8% է: Բայց նորից եմ ասում, երբ կստուգվեն իրական թվերը (իսկ դրանք կհայտնաբերվեն հակամարմինների որոշման մեթոդիկայի կիրառումից հետո), հնարավոր է՝ թվերը լինեն զգալի ցածր:
Բացի այդ, «պահպանելով կյանքը կորոնավիրուսից», մենք կունենանք մահացությունների ու հիվանդացությունների աճ՝ սրտանոթային և էնդոկրին խնդիրներ ունեցողների շրջանում, էլ չեմ նշում երկարատև սթրեսի հետևանքով բոլոր քրոնիկական հիվանդությունների սրման մասին:
Իսկ տնտեսական ճգնաժամի հետևանքները կլինեն ողբերգական:
– Համեմատություններ անցկացրեցիք գրիպի և Covid 19-ի միջև, որոնք տարբերվում են ԱՀԿ հրապարակումներից, ըստ որոնց՝ նոր տեսակի կորոնավիրուսով հիվանդացության 15 տոկոսի դեպքում հիվանդները ծանր վիճակում են հայտնվում, 5 տոկոսի դեպքում՝ ծայրահեղ ծանր, մինչդեռ գրիպի դեպքում այդ ցուցանիշներն ավելի ցածր են, COVID-19-ի դեպքում մահացությունը կազմում է 3-4 տոկոս, ինչը զգալիորեն ավելի բարձր է, քան սեզոնային գրիպի դեպքում:
– Չգիտեմ, թե այդ թվերը որտեղից եք վերցնում. կան գրիպի տարբեր տեսակներ. ԱՀԿ տվյալներով՝ ամեն տարի գրիպից մահանում է 650.000 մարդ, բայց ոչ ոք դա չի դարձնում համաշխարհային հիստերիա, 150.000 մարդ մահանում է կարմրուկից, 1.5 միլիոն՝ տուբերկուլյոզից, առնվազն այդքան էլ՝ մալարիայից: Պարզ է, որ այստեղ ամեն բան շատ-շատ խնդրահարույց է:
– Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Մարգարեթ Հարիսը հայտարարել է, որ աշխարհում կորոնավիրուսի պանդեմիան դեռ չի հասել իր գագաթնակետին: Ըստ Ձեզ՝ ի՞նչ է ենթադրում այդ պիկը, և ե՞րբ ակնկալենք մարում:
– Ես չգիտեմ, թե ինչ է ասում ԱՀԿ-ն, բայց պիկը հաստատ անցել է: Ամենադժվար ճանապարհը մենք միանշանակ անցել ենք: Հնարավոր է՝ նոր պիկ լինի աշնանը, բայց, բոլոր դեպքերում, դա չի լինի այդչափ դրամատիկ:
Դեռևս կլինեն քննարկումներ, և հասարակությունն իրավունք ունի հասկանալ՝ ով էր «ցանել փոթորիկը», չնայած՝ վստահ եմ, որ ամեն բան կգցեն ԱՀԿ-ի վրա, և մենք այդպես էլ չենք իմանա այս հիստերիայի իրական պատճառների մասին: