«Իմ պաշտոնական պատասխանը ԲԴԽ-ին». Ալեքսանդր Կոչուբաև
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իմ պաշտոնական պատասխանը ԲԴԽ-ին
Բարձրագույն դատական խորհուրդը արձագանքել է հայելի ակումբում իմ և Այլընտրանք ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանի ասուլիսին։ ԲԴԽ-ն ասուլիսը որակել է որպես բարոյական և իրավական տեսանկյունից խնդրահարույց։ Թև ԲԴԽ վարքագիծը թույլ է տալիս հակընդդեմ բարոյախրատական մերսումներ կատարել, սակայն կաշկանդված լինելով մասնագիտությանս նկատմամբ հարգանքով և փաստաբանի վարքագծի կանոնագրքով, ինչպես նաև զուտ ԲԴԽ-ի ինստիտուտի, ինչպես նաև նրա 2 անդամների նկատմամբ վերահաստատելով ունեցածս հարգանքը ՝ կտամ բացառապես իրավական պատասխան։
1․ ԲԴԽ-ն գտնում է, որ հրապարակումը բարոյականության տեսանկյունից խնդրահարույց է։ Այս պատմության մեջ միակ խնդրահարույց պարագան այն է , որ ԲԴԽ-ն և/ կամ/ դատավոր Դանիբեկյանը չհերքեցին, որ դատավորի անաշխատունակության պատճառը քթի պլաստիկ վիրահատությունն է։ Բարոյականության դաշտում խնդիր ունի ոչ թե վիրահատության փաստի հանրայնացումը, այլ ինքնին դրա առկայությունը։ Դատավորը ընդամենը 1-2 ամիս էր վերադարձել արձակուդից և էսթետիկ հանգամանքով պայմանավորված իրավունք չուներ դատավարություններ հետաձգել։
2․ ԲԴԽ-ն գտնում է, որ հրապարակումը իրավական տեսանկյունից խնդրահարույց է։
2․1․ Մտահոգիչ եմ համարում, որ ԲԴԽ-ն տարածել է միայն Նարեկ Մանթաշյանի խոսքը, իսկ ասուլիսի այն մասը, որտեղ ես ներկայացնում եմ իրավական պարզաբանում չի վկայակոչել։ Մինչ ԲԴԽ-ն 1 շաբաթ խորհում էր այն հարցի շուրջ, թե դատավորի պլաստիկ վիրահատությունը իրավական առումով ի՞նչ է իրենից ներկայացնում, ես ասուլիսի հետագա ընթացքում հանգամանալից բացատրություններ եմ ներկայացնում։ Բացի այդ՝ մինչ ԲԴԽ-ն 1 շաբաթ խորհում էր այն հարցի շուրջ թե ում դիմել, ես նույն ասուլիսով ՀՀ գլխավոր դատախազության ուշադրությունը հրավիրում եմ այդ հանգամանքի վրա և հստակ ընդգծում, որ խնդիրն ունի քրեաիրավական ասպեկտ և պետք է պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում գնահատականի արժանանա։
2․2 ՀՀ-ում սահմանադրորեն երաշխավորվում են կարծիքի ազատ արտահայտումը և ազդեցություններից զերծ մարդու արժանապատվությունը, պատիվը և բարի համբավը։ Մշտապես անհրաժեշտ է, որպեսզի ողջամիտ հավասարակշվածություն լինի երկու այս հիմնարար իրավունքների և ազատության միջև, հակառակ դեպքում կվիժեցվի վերջիններիս սահմանադրաիրավական բովանդակությունը։ Կարծիքն ազատ արտահայտելու ազատությունը ավարտվում է այնտեղ, որտեղ սկվում է մեկ այլ անձի արժանապատվության հարգման իրավունքը, ինչպես նաև պատվի և բարի համբավի անձեռնմխելիությունը։ Ընդ որում՝ այս հարաբերակցության մեջ պետական պաշտոնատար անձինք պետք է լինեն ավելի «հաստակաշի» և ավելի քիչ «վիրավորվող», իսկ կոնկրետ դեպքում պաշտոնատար անձի վերաբերյալ ներկայացված փաստացի տվյալները տվյալ իրավիճակում և իրենց բովանդակությամբ բխել են «Գերակա հանրային շահից», որն անմիջականորեն պայմանավորված է հասարակության տեղեկացված լինելու իրավունքի շահով։ Հանրության համար այդ տեղեկատվությունը զգալիորեն անհրաժեշտ է եղել, հասարակությունը հետևել է այդ տեղեկությունների տարածման ընթացքին և սպասել է դրանց հետագա հրապարակմանը:
2․3 Ասուլիսի ընթացքում մենք առնավազն մի քանի անգամ ընդգծել ենք, որ մեզ մոտ առկա է քաղաքացու դիմում, որ հրապարակվող փաստերը հիմնավոր թվացող են, որ տեղեկատվությունը հանրայնացնելու փուլում, վերջինս հերքված չի եղել և այլն։
2․4 ՀՀ գլխավոր դատախազության ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրում եմ մեր հրապարակումների վրա։ Այդ հրապարակման մեջ առկա է բժշկական գաղտնիքի, պաշտոնական լիազորությունների չարաշահման հետ առընչվող խնդիրներ։ ՀՀ գլխավոր դատախազությանը կոչ եմ անում հրապարակումը ստուգել բժշկական գաղտնիքի հրապարակման տեսանկյունից՝ գնահատելով բանախոսների գործողությունները, պաշտոնական լիազորությունների չարաշահման կամ անցման հետ կապված՝ ստուգել դատավորի գործողությունները։
3․ Այս ամենի հետ միաժամանակ ևս մեկ անգամ հորդորում եմ ԲԴԽ-ին հանրությանը տեղեկացնել, որն է եղել դատավոր Աննա Դանիբեկյանի անաշխատունակության պատճառը։
3․1 ԲԴԽ-ին կոչ եմ անում անհրաժեշտ շրջահայացություն ցուցաբերել բոլոր դատավորների նկատմամբ։ Ոչ վաղ պատմական անցյալում բազմաթիվ դեպքերում ԲԴԽ-ն դատավորների նկատմամբ հետապնդումների նկատմամբ ցուցաբերել է լոյալություն։ Հուսով եմ ԲԴԽ-ն ապաքաղաքական կառույց է և չի պաշտպանում միայն «յուրայիններին»։
4․ Հիմք ընդունելով դեռևս չհաստատված տեղեկությունները՝ ՀՀ իրավապահ համակարգին կոչ եմ անում ձեռնպահ մնալ բանախոսների նկատմամբ որևէ ոչ իրավաչափ հետապնդումներ նախաձեռնելու գաղափարից։