Քաղաքական ջայլամությունը
Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լսում էի Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տ. Ռևազյանի և փոխնախագահ Գ. Պողոսյանի մամուլի ասուլիսը: Տխրությամբ էի լսում, իրականում այն ավելի շատ հարցաքննության էր նման, պատին դեմ տրվածի, վերջին փամփուշտը կրակածի հարցաքննության…
Հիմա, երբ արդեն հանրայնացվել են մի շարք նամակներ, զեկույցներ և գնահատականներ, երբ արդեն շատ բան ջրի երես է ելել, այլևս «ֆռացնելու», սրան-նրան մանիպուլյացների մեջ մեղադրելու բոլոր ռեսուրսներն ավարտվել են, ժպիտը կորցրած, մտահոգ դեմքի արտահայտությամբ եկել է ժամանակը խոստովանելու ողջ իրականությունը: Իսկ այն տեղավորվում է մեկ-երկու պարբերության մեջ:
Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության (EASA)՝ աուդիտի արդյունքում Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեում արձանագրվել են լուրջ խնդիրներ-թերություններ, որոնք ուղիղ վտանգ են ներկայացրել միջազգային թռիչքային անվտանգությանը։
Հայաստանի քաղավիացիան իր հեղինակությունը, պրոֆեսիոնալիզմը, իր գործառույթները պատշաճ կատարելու, միջազգային թռիչքային կանոններին համապատասխանեցնելու բավական ժամանակ է ունեցել, ինչը, ցավոք, չի կատարել։ Արդյունքում, մեր ՔԱԿ-ի կարգավորումները կորցրել են հավատարժանությունը, հետևաբար երկու ընկերություններ զրկվել են ԵՄ տարածքում թռչելու իրավունքից։
Ընդամենը այսքանը, որ պարզ էր, դեռ երկու շաբաթ առաջ…
Բայց ոչ՝ իրենք անսխալական են. հազար ու մի ծխապատ ստի, բառախաղերի թանձր մշուշի, հայհոյախառն պիտակավորման, ընդհուպ այս թեման արծարծողներին դավաճան անվանարկելու ճիգով ու շեֆերին քծնելու անթաքույց ծառայամտությամբ իրենց կոտորում էին իշխանամերձ սազանդարները, ներառյալ ԱԺ խոսնակի խորհրդականը:
Ու սա ավելի վտանգավոր է, պետականության գիտակցումից ու մրցունակ քաղաքական մշակույթից կիլոմետրերով հեռու, անհեռանկար, անմասշտաբ… Քծնանքի այս բարձիկները մի օր բարձրաձայն պայթելու սովորություն ունեն…
Ու հիմա, երբ, այնուամենայնիվ, իրականությունը ջրի երես է ելել, ես ու շատերն իրավունք ունենք այս պատկերը, այս մտածողությունը, այսպիսի կառավարումը, կադրային քաղաքականությունն ու քաղաքական որակները տարածել նաև այլ ոլորտների վրա և տխուր, շատ տխուր եզրակացության հանգել…
Բոլորովին ուրախ չեմ այսպիսի եզրակացության կամ իրականության համար, կորուստները բոլորինս են:
Մենք շարունակ խոսում ենք գիտակից ու պատասխանատու հասարակության կարևորության մասին, բայց դուք շարունակ լծված եք պողոսակերտության ինքնակործան գործին…Մենք իրավունք չունենք, այն էլ այս ժամանակներում, թերագնահատել հանրային համախոհության և ներուժի արդյունավետ օգտագործման գործոնները: Քանդելը հեշտ է, երբեմն կառուցելն անհնար…
Այն, որ քաղաքական մեծամասնության շրջանում գրեթե համատարած է անսխալականության բարդույթը, պոռոտախոսությունը, պոպուլիզմն ու մանիպուլյացիաները, նորություն չէ:
Տղուկներին կամ «ալպիական մանուշակի ծաղկաթերթիկներում» անտեղյակ անհոգությամբ աչքերն ու ականջները փակածներին ասելիք չունեմ:
Երեկ ԱԺ-ում Բ. Թունյանին լսեցի/որին մի առիթով քննադատել եմ/ ՝ ինքս ինձ ասելով՝ լավ է, որ գոնե իշխանական թիմում այս տեսակը կա. լսող, համադրող…
Ինչպես նախորդ գրառմանս մեջ, դարձյալ հիշեցնում եմ ՀՅԴ հակաճգնաժամային թեզերից մեկը «Սկսել ազգային փոխադրողի ձևավորման աշխատանքներ` օգտվելով ճգնաժամի ընձեռած` քիչ ռեսուրսով շարժակազմ ձեռք բերելու հնարավորությունից: Հրաժարվել առկա անհեռանկարային և երկրի շահերից չբխող քաղաքականությունից և նախապատրաստվել նոր ավիացիոն քաղաքականությանը` թե՛ ներքին, թե՛ արտաքին կարգավորման առումով»:
Արձանագրված ավիացոն կոլապսն, այնուամենայնիվ, դեռ դատավճիռ չէ. խելամիտ քաղաքականության, պրոֆեսիոնալ կադրերի, միջազգային կոնվենցիաների և Վիեննայի գործողությունների ծրագրի խելամիտ գործադրմամբ կարելի է կոլապսից դուրս գալ:
Հ.Գ. Իսկ Տաթևիկ Ռևազյանը մեղավոր չի, իրեն մաղթում եմ բարի մայրություն և կապույտ, անվտանգ երկինքներ…ինքը լավ ժպիտ ունի, լավ մայրիկ կլինի…»:
14.04.2020
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՋԱՅԼԱՄՈՒԹՅՈՒՆԸԼսում էի Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տ. Ռևազյանի և փոխնախագահ Գ. Պողոսյանի մամուլի ասուլիսը:…
Gepostet von Lilit Galstian am Dienstag, 14. April 2020