«Իշխանությունները սկզբնական շրջանում ամեն ինչ շատ են ուշացրել և այժմ էլ ստիպված են իրադարձությունների հետևից վազելով գնալ». Քաղտեխնոլոգ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ շաբաթվա ավարտին ֆեյսբուքյան ուղիղ եթերում արդեն հայտարարել էր, որ անհրաժեշտ է արտակարգ դրությունը ևս 30 օրով երկարաձգել, այսինքն՝ ապրիլի 14-ից հետո արտակարգ դրության ռեժիմը կերկարաձգվի մինչև մայիսի 14-ը:

Վարչապետը միաժամանակ տեղեկացրել էր, որ ապրիլի 13-ից հանվելու են որոշ սահմանափակումներ. «Մի շարք գործունեություններ կլինեն թույլատրված: Ամբողջությամբ թույլատրված է լինելու գյուղատնտեսությունը, անտառային տնտեսությունը, ձկնորսությունը, ձկնաբուծության ոլորտի գործունեությունը, հանքարդյունաբերությունը և բաց հանքերի շահագործումը, էլեկտրականություն, գազ, գոլորշի, ջրամատակարարում, թափոնների կառավարում և վերամշակում, կոյուղի, փոխադրումներ և պահեստային գործունեություն, ֆինանսական և ապահովագրական գործունեություն, պետական կառավարում, պաշտպանություն և սոցիալական ապահովություն, առողջապահության և բնակչության սոցիալական սպասարկում, ոլորտների գործունեություն, ինչպես նաև օտարերկրյա կազմակերպությունների աշխատանքը: Նաև որոշում ենք կայացրել ապրիլի 13-ից թույլատրել ամբողջությամբ բացօթյա շինարարական և ծխախոտային արտադրանքների գործունեությունը»,- https://168.am/2020/04/11/1287811.html նշել էր Նիկոլ Փաշինյանը:

Երեկ ԱԺ-ն քննարկեց և ընդունեց Կառավարության ներկայացրած՝ արտակարգ դրությունը երկարաձգելու վերաբերյալ որոշումը:

168.am-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն անդրադառնալով արտակարգ դրությունը մեկ ամսով երկարաձգելու նպատակահարմարությանը, նախ նշեց, որ արտակարգ դրություն հայտարարվեց, և այժմ էլ մեկ ամսով այն երկարաձգվեց՝ առողջապահական գործոնով  պայմանավորված.

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սկզբնական շրջանում մեր իշխանությունները շատ անլուրջ էին վերաբերվում կորոնավիրուսին՝ նշելով, թե այդ վիրուսն ում շունն է, որ պետք է գա ու իրենց կպնի, ավելին՝ կփորձեն տնական օղիով ախտահանել ու կանխել այն: Բնականաբար, սկզբնական շրջանում ամեն ինչ վերահսկողությունից դուրս մնաց, որի արդյունում ունեցանք այն, որ 1000-ից ավելի արդեն վարակվածներ ունենք, չհաշված մի քանի մահերը: Այս պահին իշխանությունները փորձում են ամեն ինչ անել, որպեսզի հնարավորինս կանխեն վիրուսի տարածումը, սակայն, ինչպես նշել է Առողջապահության նախարարը, գործընթացը խիստ բարդացել է, քանի որ տարածման գործընթացը դուրս է եկել վերահսկողությունից:

Այս պայմաններում իշխանությունն ուղղակի չէր կարող չերկարաձգել արտակարգ դրությունը, որովհետև եթե չերկարաձգեին, ապա վիրուսի տարածվածությունը շատ ավելի մեծ մասշտաբների կհասներ:

Տեսեք, եթե չերկարաձգեին, ուրեմն՝ մետրոն, հանրային տրանսպորտը պետք է աշխատացնեին, որտեղ փակ տարածություն է, և մարդիկ այնքան խիտ են, որ մեկն էլ վարակվի՝ արդեն բավական է, որ բոլորին վարակի»,- ասաց քաղտեխնոլոգը:

Նրա խոսքով՝ այս ամենից զատ, պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ երկրի տնտեսությունը պարզապես ենթարկվում է կոլապսի, ուղղակի փող չկա, և եթե մարդիկ, տնտեսությունը չաշխատի, ուղղակի հնարավոր չի լինի մարդկանց աշխատավարձեր ու թոշակներ տալ: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ իշխանությունները ստիպված են արտակարգ դրությունը երկարաձգելուն զուգահեռ՝ հրաժարվել որոշակի սահմանափակումներից և տնտեսության որոշ ճյուղեր աշխատեցնել:

«Բոլորիս համար էլ հասկանալի է, որ Հայաստանում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ստիպված արտակարգ դրություն են երկարաձգում և ստիպված թույլ  են տալիս տնտեսական որոշ ճյուղերի աշխատանք, քանի որ այլ բան անել չեն կարող: Իհարկե, այս ամենը հետևանքն է այն բանի, որ մեր կառավարիչները սկզբնական շրջանում լուրջ չէին վերաբերվում վիրուսի տարածմանը: Այն ժամանակ իշխանության համար կարևոր խնդիր կար՝ Սահմանադրական փոփոխությունների համար նախատեսված հանրաքվեն։

Նրանց համար, իսկ ավելի կոնկրետ՝ վարչապետի համար, այդ հանրաքվեն և Սահմանադրական դատարանի անձնակազմը փոխելն այնքան կարևոր էր, որ ինքը լուրջ չվերաբերվեց վիրուսին: Արդյունքում՝ այսօր ֆորսմաժորային իրավիճակում նման որոշումներ են կայացնում»,- հավելեց նա:

Արմեն Բադալյանը  դժվարացավ ասել, թե տնտեսության որոշ ճյուղերից սահմանափակումները  հանելով՝ որքանով հնարավոր կլինի  մեղմել տնտեսական ճգնաժամը, քանի որ, ըստ նրա,  այս ամենը լուրջ վերլուծությունների կարիք ունի, սակայն մեկ բան փաստ է, որ իշխանությունները սկզբնական շրջանում ամեն ինչ շատ են ուշացրել և այժմ էլ ստիպված են իրադարձությունների հետևից վազելով գնալ:

«Խնդիրն այն է, որ որևէ մեկը չի կարող ասել, որ, եթե մեկ ամսով երկարաձգում ենք արտակարգ դրությունը, մեկ ամիս հետո ինչ վիճակ է լինելու Առողջապահության համակարգում, այսինքն՝ վարակի տարածումը կմեծանա՞, թե՞ հակառակը: Այս պահին որևէ մեկը որևէ բան չի կարող կանխատեսել, հատկապես՝ իշխանությունների տեսակետից, որովհետև նրանք որևէ բան չեն կանխատեսում, նրանք մաքսիմալը երեք օրվա կտրվածքով են կանխատեսում անում»,- եզրափակեց նա:

Տեսանյութեր

Լրահոս