«Ադրբեջանը ստիպված կլինի կրճատել ռազմական ծախսերը. այս պահին բյուջեում ռազմական ոլորտի համար նախատեսված է 2.2 միլիարդ դոլարին համարժեք մանաթ». ադրբեջանագետ
168.am-ը «Օրբելի» վերլուծական կենտրոնի Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանի հետ զրույցում փորձել է պարզել, թե պանդեմիայի հետևանքով որքա՞ն կկազմեն Ադրբեջանի ֆինանսական կորուստները, և որքանով դա կազդի ռազմական ծախսերի վրա:
– Ինչպես աշխարհի գրեթե բոլոր երկրները, այնպես էլ՝ Ադրբեջանը կորոնավիրուսի հետևանքով արդեն իսկ սկսել է ֆինանսական կորուստներ կրել։ Այսինքն` այս դեպքում կարող ենք խոսել տնտեսական հետևանքների մասին։ Ադրբեջանում ներքաղաքական իրավիճակն այս պահին համեմատաբար կայուն է, նոր ընտրություններ չեն սպասվում, ուստի ներքաղաքական իրավիճակի լարման վերաբերյալ եզրակացություններ անելու բավարար հիմքեր առկա չեն։ Այստեղ Ադրբեջանին նաև բավականին օգնեց խորհրդարանական ընտրությունների արտահերթ անցկացումը։ Եթե ընտրություններն անցկացվեին նախատեսված գրաֆիկով՝ 2020 թ. հոկտեմբերին, ապա որոշակի քաղաքական ցնցումների մասին կարող էր խոսք գնալ։ Այս պահին իշխանությունները դեռևս կարողանում են հնարավորինս լիարժեքորեն վերահսկել իրավիճակը։
Որոշակի պայմաններում, հաշվի առնելով տնտեսական խնդիրները, չի բացառվում լարվածության հասունացում իշխանական թիմի ներսում, ինչպիսին մենք տեսանք 2015-2016 թթ. նավթի գների անկման և մանաթի կրկնակի արժեզրկման փուլում։ Այդ ժամանակ Ադրբեջանի նախագահը դիմեց որոշ խոշոր խաղացողների, այդ թվում՝ Ազգային անվտանգության և տրանսպորտի նախարարներին, եղան կառուցվածքային փոփոխություններ, օպտիմալացումներ, որով Ալիևն իրեն ապահովագրեց հնարավոր ներիշխանական ցնցումներից։
Մասնավորապես, Ազգային անվտանգության նախարարությունը լուծարվեց, իսկ նախարարը, որը 1995-ից այդ պաշտոնին էր և Ադրբեջանում ամենաազդեցիկ անձանցից մեկն էր, տնային կալանքի տակ է մինչ օրս։ 2016թ. էլ տրանսպորտի նախարարը հեռացվեց պաշտոնից և զրկվեց բիզնեսներից։ Նա համարվում էր Ադրբեջանի 4-5-րդ մեծահարուստը։ Ըստ էության, տեղի ունեցավ կրճատված ռեսուրսների վերաբաշխում։
Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2020թ. համար կանխատեսված բյուջեի եկամուտների 56,1 տոկոսը պետք է լիներ նավթային ոլորտից, այդ թվում` 47 տոկոսը՝ Պետական նավթային ֆոնդի ուղիղ փոխանցումներից, ինչը կազմում է շուրջ 6,5 միլիարդ դոլար, ապա բյուջեի վերահաշվարկը և ծախսերի կրճատումն անխուսափելի է։ Ադրբեջանի պետբյուջեում կանխատեսվել էր նավթի մեկ բարելի դիմաց 55 ԱՄՆ դոլարին համարժեք գումար, սակայն 2020 թ. մարտից սկսած՝ այն տատանվում է 16-25 դոլարի սահմաններում։ Այս պահին գները որոշակիորեն բարձրացել են, սակայն անգամ առկա 25 դոլար գինը 30 դոլարով պակաս է նախնական կանխատեսումներից։ Այս մասով բարդ է առայժմ որևէ կոնկրետ հաշվարկ իրականացնելը, քանի որ տարբեր գործոններ են առկա։ Հաշվի առնելով նաև այն փաստը, որ ինքս տնտեսագետ չեմ՝ ռիսկի չեմ դիմի ֆինանսական հաշվարկներ իրականացնել։ Կարող եմ միայն ներկայացնել իրենց տվյալների հիման վրա։
Այսպես` մարտին Ադրբեջանի խորհրդարանի՝ մասնագիտությամբ տնտեսագետ իշխանական պատգամավոր Թայիր Միրքիշիլին հայտարարել էր, թե Ադրբեջանն օրական արտահանում է 540 հազար բարել նավթ, և նավթի մեկ բարելի դիմաց 30 դոլար գնի դեպքում օրական կկորցնի 13.5 միլիոն դոլար։ Ըստ այդ հաշվարկների՝ մեկ ամսվա կորուստները կկազմեն 405 միլիոն դոլար, իսկ 9 ամսվանը՝ 3.6 միլիարդ դոլար։ Այստեղ, իհարկե, պետք է նշել, որ, ըստ ադրբեջանական «Թուրան» գործակալության տվյալների՝ 540 հազար բարել մեկ օրում Ադրբեջանն արտահանել է 2020 թ. հունվարին, իսկ մարտին միջին արտահանումն արդեն իջել էր մինչև 418.9 հազար բարել մեկ օրում։ Հետևաբար` սա արդեն իսկ ազդել էր արտահանումից ստացվող գումարների վրա շուրջ 1 միլիարդ դոլարով, եթե որպես ելքային ընդունենք Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորի ներկայացրած տվյալները։ Հաշվի առնելով այն փաստը, որ նավթի գինը ներկայումս ոչ թե 30, այլ 25 դոլար է, սպասվող եկամուտների կրճատումն էլ ավելի է մեծանում։ Այսինքն` այս հաշվարկների հիման վրա 9 ամսում պետք է լինի 5-6 միլիարդ դոլարով քիչ նավթի արտահանում, քան նախատեսվում էր։ Սակայն այս պահին բարդ է հաշվարկել, թե նշված գումարի որքան մասն է Ադրբեջանի սպասվող եկամուտը։ Հետևաբար՝ չի կարելի պնդել, որ Ադրբեջանի եկամուտները կպակասեն այդքանով։
Մանաթի արժեզրկում առայժմ չի նկատվում։ Այս դեպքում Ադրբեջանն օգտագործում է պետական նավթային ֆոնդի հնարավորությունները, որի պահուստային միջոցները, այդ թվում՝ ոսկու պաշարը, արժեթղթերը 2019 թ. վերջի դրությամբ կազմում էին շուրջ 43 միլիարդ ԱՄՆ դոլար։
Հաշվի առնելով առկա և այլ տեղեկությունները, Ադրբեջանի իշխանություններն արդեն իսկ հայտարարել են պետբյուջեի վերահաշվարկի և ծախսերի կրճատման անհրաժեշտության մասին։ Թե որքան կկազմի դա` առայժմ բարդ է ասել։ Կարծում եմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը հնարավոր սոցիալական բունտից խուսափելու նպատակով ստիպված կլինի հնարավորինս պահպանել սոցիալական ծախսերը, ինչը կհանգեցնի ռազմական և այլ ոլորտների ծախսերի կրճատման։ Այս պահին բյուջեում ռազմական ոլորտի համար նախատեսվում է 2.2 միլիարդ դոլարին համարժեք մանաթ։
Ըստ «Ֆիթչ» վարկանիշային կազմակերպության տվյալների՝ նավթի գնի անկման հետևանքով բացասական կդառնա նաև Ադրբեջանի առևտրային սալդոն։ Այսինքն` 2020 թ. Ադրբեջանն ավելի շատ կներմուծի, քան կարտահանի։ Սա ևս նավթի գների անկման հետևանք է։ Սակայն կանխատեսվում է, որ իրավիճակը 2021 թ. կսկսի փոխվել հօգուտ դրական սալդոյի։
Այս և բոլոր մյուս հաշվարկները բավականին մեծ շեղումներ ունեն, քանի որ այս պահին բարդ է ասել, թե նավթի գինը որքան կշարունակի ցածր մնալ, երբ կբարձրանա և որքանով։ Եթե գները շարունակեն երկար ժամանակ ցածր մնալ, ապա դա ավելի երևացող ազդեցություն կունենա Ադրբեջանի տնտեսության վրա, իսկ կարճ ժամանակում կարգավորվելու դեպքում ազդեցությունը շատ մեծ չի լինի։
Կրկին հիշեցնեմ, որ սրնքա ադրբեջանական և միջազգային հաշվարկներ ու կանխատեսումներ են, և ինքս մասնագիտական տեսանկյունից կբարդանամ հաստատել դրանց իսկությունը՝ տնտեսագիտական մասով։
– Դուք մի փոքր անդրադարձաք երկրորդ հարցիս, որ համաճարակային իրավիճակը և դրա տնտեսական հետևանքները կազդեն ռազմական ծախսերի վրա: Արդյո՞ք դրանք ազդեցություն կթողնեն նաև Ադրբեջան-Ռուսաստան ռազմատեխնիկական պայմանագրերի վրա, վերջերս ռազմական նոր ինքնաթիռների գնման մասին լուրեր շրջանառվեցին ռուսական մամուլում, տեղեկությունը որքանո՞վ է հավաստի:
– Ինչպես արդեն նշեցի, հավանաբար Ադրբեջանը ստիպված կլինի կրճատել ռազմական ծախսերը, սակայն այս պահին հնարավոր չէ հաշվարկել, թե որքանով։ Ինչ վերաբերում է ռուսաստանյան նոր ինքնաթիռներին, ապա դա առայժմ խոսակցությունների մակարդակի վրա է, որևէ պայմանագիր չկա։ Այս պարագայում դեռևս վաղ է խոսել ինքնաթիռների հնարավոր գնման մասին։
Անգամ պայմանագրի առկայության դեպքում դրանց արտադրությունը և տրամադրումը տարիների հարց է։ Այստեղ որևէ տարբերակ չի բացառվում` սկսած նրանից, որ պայմանագիր և վաճառք առհասարակ չի կարող լինել։ Բայց, անգամ լինելու դեպքում, ինչպես նշեցի, դա 2020թ. չի կարող վերաբերել, ըստ այդմ, այս տարվա ռազմական ծախսերի կրճատումը նշվածի հետ որևէ կապ չի կարող ունենալ։ Կարծում եմ` արժե սպասել Ադրբեջանի բյուջեի վերահաշվարկին, որից հետո միգուցե պատկերն ավելի պարզ լինի։
– Խոսակցություններ կան, որ կորոնավիրուսը տարածված է Ադրբեջանի` ազգային փոքրամասնությունների բնակության շրջաններում, ավելին, դիտավորություն կա այստեղ:
– Չէի ցանկանա խոսակցությունների մակարդակով որևէ վերլուծություն իրականացնել։ Այո, ադրբեջանական սոցցանցերում նման նյութեր հանդիպում են։ Նշվում է, որ, մասնավորապես, Ադրբեջանի հարավում է տարածված, որտեղ բավականին մեծ թվով թալիշներ են ապրում։ Եթե անգամ այդպես է, ապա դա պայմանավորված կարող է լինել Իրանի հետ ցամաքային սահմանի առկայությամբ։ Գաղտնիք չէ, որ հենց այս պահին է Իրանի հետ սահմանին Ադրբեջանը կառուցել վրանային ավաններ, որտեղ մեկուսացրել է այդ երկրից եկած քաղաքացիներին։ Վերջիններս բողոքում են մեկուսացման վատ պայմաններից, ինչպես նաև, որ իրենց շրջանում թեստեր չեն իրականացնում՝ պարզելու վարակվածների թիվը։
Գրեթե նույն իրավիճակը նաև ՌԴ-ի հետ սահմանին է։ Այս պահին նաև ռուսաստանյան կողմից կան Ադրբեջանի քաղաքացիների կուտակումներ, սակայն նրանց Ադրբեջանը հրաժարվում է ընդունել։ Անգամ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանն էր կոչ արել չգնալ և կուտակվել ՌԴ-Ադրբեջան սահմանին, քանի որ այն փակ է։
Թեև սկզբնական շրջանում Ադրբեջանը փորձում էր թաքցնել Նախիջևանում վիրուսի տարածվածությունը, սակայն վերջին օրերին որոշակի տեղեկություններ սկսեցին դուրս գալ։ Ապրիլի 13-ի դրությամբ, ըստ ադրբեջանական մամուլի հայտնած տեղեկության, Նախիջևանում եղել է 73 վարակված, մահացել է 1 անձ։ Ընդհանուր վարակվածների թիվն Ադրբեջանում անցնում է 1200-ը, իսկ մահացածների թիվը 13 է:
Չի բացառվում, որ իրական թվերն ավելի մեծ են։ Սակայն վարակվածների ազգային պատկանելության վերաբերյալ որևէ վիճակագրություն չկա։
– Պանդեմիայի հետևանքով բանակում մարդկային կորուստների մասին ի՞նչ տեղեկություններ կան:
– Ադրբեջանի բանակում վարակվածության և կորուստների վերաբերյալ որևէ տեղեկություն չկա։ Հաշվի առնելով բանակի թեմայով Ադրբեջանի պաշտոնական վիճակագրության հնարքները, համոզված եմ, որ այս դեպքում տվյալներն առհասարակ թաքցվում են։ Սակայն բարդ է գուշակել, թե որքան վարակված կամ մահացած կարող է լինել։
– Չնայած համաճարակային ճգնաժամին, ինչպես նաև նավթի գնի անկմամբ պայմանավորված տնտեսական կորուստներին, Ադրբեջանը ՀՀ սահմանների, գյուղերի ուղղությամբ դիմեց սադրիչ գործողությունների, զոհ ունեցանք նաև արցախյան հատվածում: Ելնելով մի շարք գործոններից՝ հնարավո՞ ր են դիվերսիոն նոր ներթափանցման փորձեր մոտակա ժամանակներում:
– Այո, մարտի ընթացքում և ապրիլի սկզբին արդեն իսկ ականատես եղանք որոշակի սադրիչ գործողությունների։ Մասնավորապես, մարտի 30-ին Տավուշի սահմանին Ադրբեջանի գործողությունների հետևանքով դպրոցական էր վիրավորվել, ինչպես նաև՝ երկու զինծառայող։ Ապրիլի 5-ին Արցախում ևս մեկ զինծառայող վիրավորվեց։ Նմանատիպ սադրանքների շարունակումը չի բացառվում, սակայն ավելի մեծ սադրանքների վերաբերյալ գուշակություններ չենք կարող իրականացնել