Բաժիններ՝

Գեղարվեստական տպագրության բիենալեի ժյուրիում առաջին անգամ ընդգրկվել է Հայաստանի ներկայացուցիչ

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ և Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեի հիմնադիր Սոնա Հարությունյանն ընդգրկվել է Սեկույի երկրամասի (Տրանսիլվանիա, Ռումինիա) գեղարվեստական տպագրության 6-րդ բիենալեի միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիի կազմում:

Սոնա Հարությունյանը Սեկույի երկրամասի գեղարվեստական տպագրության 6-րդ բիենալեի միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիի կազմում ընդգրկվելու հրավեր ստացել է Կովասնայի շրջանի մշակութային կենտրոնից և մասնակցել է աշխատանքների նախնական ընտրությանը։

Ռումինիայի Գեղարվեստական տպագրության բիենալեի կազմակերպիչ և խորհրդատու Իստվան Էրիսը, որը 2019 թվականի սեպտեմբերին ներկա է եղել «Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»-ի ցուցադրությանը, այդ մասին պատմել է Սեկույի երկրամասի գեղարվեստական տպագրության բիենալեի համադրող Ապոր Ֆերենզին, որն էլ, համագործակցության հրավիրելով Սոնա Հարությունյանին, իր նամակ-առաջարկում նշել է. «Հաշվի առնելով Ձեր մասնագիտական փորձը՝ սիրով հրավիրում եմ Ձեզ մասնակցելու Գեղարվեստական տպագրության 6-րդ բիենալեի ժյուրիի աշխատանքներին»:

Ապրիլի 7-ին հրապարակվել են բիենալեի նախընտրական փուլն անցած մասնակից-արվեստագետների անուններն ու նրանց աշխատանքները, որոնք ընդգրկվել են բիենալեի հիմնական ցուցադրության ցանկում։

Մասնակցության հայտ է ներկայացրել 65 երկրի 868 արվեստագետ՝ ընդհանուր առմամբ շուրջ 2100 աշխատանքով։ Տասը շաբաթ տևած նախընտրական փուլի ընթացքում միջազգային պրոֆեսիոնալ ժյուրին ընտրել է 301 աշխատանք, որոնք հետագայում կարժանանան տարբեր մրցանակների ու կզետեղվեն բիենալեի պատկերագրքում։

Սեկույի երկրամասի գեղարվեստական տպագրության բիենալեն 6-րդ անգամ տեղի կունենա Տրանսիլվանիայի՝ 70 000 բնակչությամբ մի փոքրիկ՝ Սֆինտու-Գեորգե կոչվող քաղաքում: Պրոֆեսիոնալ ժյուրին, արդեն տեղում, ներկայացված բնօրինակ աշխատանքներից կկատարի մրցանակակիր արվեստագետների և աշխատանքների ընտրություն։

Բիենալեի (Székelyföldi Grafikai Biennálé/Graphic Art Biennial of Szeklerland) բացման արարողությունը նախատեսված էր 2020 թվականի հունիսի 3-ին։ Սակայն, ինչպես մնացած բոլոր մշակութային և այլ միջոցառումները, այնպես էլ բիենալեն հետաձգվել է անորոշ ժամանակով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս